Դեկտեմբեր 21, 2024
exclusive
53614 դիտում

Յուրի Ջորկաեֆ. Հայաստանը, մանկությունն ու «գսիրեմ»-ը

Յուրի Ջորկաեֆը
Յուրի Ջորկաեֆը

Լուսանկարը` Մեդիամաքս


1998-ին, երբ Ֆրանսիայում ընթանում էր Աշխարհի առաջնությունը, մեր քաղաքում բոլորը երկրպագում էին ֆրանսիացիներին: Ինչո՞ւ: Որովհետեւ այնտեղ էին խաղում «մեր հայերը»՝ Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Պողոսյանը: Ես շատ բան չէի հասկանում ու ֆուտբոլ նայելու փոխարեն նախընտրում էի խաղալ:

Բայց Ֆրանսիա-Բրազիլիա եզրափակիչը հայրիկիս հետ նայեցի, վերջապես տեսա «մեր հայերին», տեսա նաեւ Զիդանին ու … սկսեցի սիրել ու երկրպագել Ֆրանսիայի հավաքականին:

Իմ մանկության թիմից երկու ֆուտբոլիստի այս տարի արդեն հանդիպել էի (Դեշամին ու Լիզարազյուին), իսկ երրորդը եղավ Յուրի Ջորկաեֆը:

Բաց, շփվող, ազատ, խարիզմայով, հետաքրքիր… ահա այսպիսինն էր նա: Հայաստանում եղած չորս օրերի ընթացքում անընդհատ հանդիպեցինք, խոսեցինք, բայց ինչ-որ տարբերվող հարցազրույց ամեն դեպքում շատ էի ցանկանում անել:

Ի վերջո բարեգործական ֆուտբոլային խաղից հետո, երբ Ջորկաեֆը պատասխանեց լրագրողների հարցերին ու շտապում էր հեռանալ, մոտեցա. «Կներեք, ուզում եմ առանձին խոսել, 5 րոպե կտրամադրե՞ք»:

«Այո, իհարկե, եթե քայլեք ինձ հետ»:

«Հաճույքով»,- պատասխանեցի ու նայեցի հարցերիս:

Ֆրանսիայում Ջորկաեֆին անվանում են «Snake»`օձ: Մամուլն օգտագործել է այս անգլերեն բառը պաշտպաններին սահելով շրջանցելու նրա կարողության համար: 

Ես դեռ այն նույն մարդն եմ, ով կարող է փոխել խաղը: Իմ խանդավառությունը եւ վստահությունն ինձ ուժ են տալիս փոխելու խաղը: Չգիտեմ ինչպես բացատրել դա, պարզապես այն մի բան է, որը ես ունեմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինչ է Հայաստանն ինձ համա՞ր: Չեմ կարող ասել: Հայաստանն ու հայերն անբացատրելի զգացողություն են: Ես միշտ կապված եմ եղել ու մեծ սեր եմ զգացել այս երկրի ու մարդկանց նկատմամբ: Ամեն անգամ այստեղ գալը տոն է:

Մանկությանս ամենաանմոռանալի հուշերը կապված են տատիկիս ու պապիկիս հետ, որոնց հետ մենք անց էինք կացնում ուրախ, անհոգ օրեր: Հենց նրանց շնորհիվ է, որ ես չեմ հեռացել իմ արմատներից: Տատիկս հայկական շատ-շատ համեղ կերակուրներ էր պատրաստում, մինչեւ հիմա չեմ մոռացել դրանց համը:

Ֆուտբոլը միշտ ինձ հետ է եղել: Հայրս, որը հանդես է եկել Ֆրանսիայի հավաքականում, 1966 թվականի Աշխարհի առաջնության խորհրդանիշն էր գնել: Այն իմ մանկության սիրելի խաղալիքն էր: Կարիերաս ավարտելուց հետո չգիտեի, թե ինչով եմ զբաղվելու: Մի որոշ ժամանակ հանգստացա ու զգացի, որ կրկին ուզում եմ խաղադաշտ վերադառնալ:

1998-ին մեր թիմում հրաշալի տղաներ էին հավաքվել, բոլորս շատ լավ էինք հասկանում իրար: Անմոռանալի է Բրազիլիայի դեմ տոնած հաղթանակը. մենք Աշխարհի չեմպիոն էինք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անպայման կրկին գալու եմ Հայաստան, բայց այս անգամ կնոջս ու երեխաներիս հետ: Միգուցե դա կլինի արդեն հաջորդ տարի:

Արդեն մոտեցանք մեքենային, «վերջին հարցը»,- ասաց նա: Նայեցի հարցերիս, որոնք դեռ չէին սպառվել, չգիտեի որ մեկը տամ:

«Որոշ չափով տիրապետում եք հայերենին: Ձեր ամենասիրելի բառը ո՞րն է»:

Մտածեց, «շատ լավ հարց է», կրկին մտածեց ու ասաց. «Գսիրեմ»:

Յուրի Ջորկաեֆի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին