Հոկտեմբեր 13, 2024
exclusive
61242 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Արման Մնացականյան


Արման Մնացականյանը
Արման Մնացականյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Բռնցքամարտում Հայաստանը միշտ էլ ունեցել է ուժեղ մարզիկներ, որոնք տարբեր մրցաշարերում կարողացել են հաղթանակներ տոնել:

Երիտասարդ Արման Մնացականյանը եւս ցանկանում է մի օր նվաճել մեծ տիտղոսներ ու ճանաչելի դարձնել իր երկիրը:


Mediamax Sport«Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում այս անգամ անդրադառնում է բռնցքամարտիկ Արման Մնացականյանին:


Մարզաձեւը՝ բռնցքամարտ

Հանդես է գալիս՝ գերծանր քաշային կարգում

Տարիքը՝ 16 

Բնակավայրը՝ Փարաքար

Սովորում է՝ Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում

Նվաճումները՝ Հայաստանում կայացած տարբեր մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր

Սիրում է լսել ռեփ ու կարդալ Ջեկ Լոնդոնի ստեղծագործությունները

Մարզական կերպարը՝ Մուհամմեդ Ալին

Նպատակը՝ դուրս գալ պրոֆեսիոնալ ռինգ ու դառնալ Աշխարհի չեմպիոն

Բռնցքամարտի սկիզբը. 9 տարեկան էի ու շատ էի երազում բռնցքամարտ պարապել: Մերոնց ասացի դրա մասին, սակայն նրանք դեմ դուրս եկան: Բայց ես իսկապես շատ էի սիրում այս մարզաձեւն ու ի վերջո համոզեցի նրանց: Սկզբում մեզ մոտ՝ Փարաքարում էի պարապում, ապա տեղափոխվեցի Օլիմպիական քոլեջ, որտեղ էլ արդեն 7 տարի է զբաղվում եմ բռնցքամարտով:

Մարզիկ լինելն այդքան էլ հեշտ բան չէ, անընդհատ պետք է քաշ պահել, պայքարել, ընտանիքից հեռու լինել: Անկեղծ եմ ասում, հավաքների ժամանակ շատ եմ կարոտում ծնողներիս ու քույրիկիս:

Հոգեբանությունն ու մարզիչը. Ինձ համար ավելի դժվար է հենց հոգեբանորեն պատրաստ լինելը, իսկ ահա ֆիզիկական տանջանքները հեշտ եմ հաղթահարում: Մրցումներցից առաջ մտածմունքներ եմ ունենում՝ ինչպես պատրաստվեմ, ռինգում ինչպես գործեմ: Բայց այդ ամենը հաղթահարում եմ մարզչիս օգնությամբ: Ֆեդյա Ալեքսանյանն ինձ լավ է հասկանում, իսկական մանկավարժ է, որի շնորհիվ էլ կարողանում եմ կենտրոնանալ միայն մենամարտի վրա:

Հիմա պատրաստվում եմ Եվրոպայի առաջնությանը, որն ինձ համար առաջինն է լինելու:  Մարտական եմ տրամադրված, աշխատելու եմ լավ ելույթ ունենալ, որպեսզի իմ ծնողների ու մարզչի այսքան տարիների չարչարանքը իզուր չլինեն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պրոֆեսիոնալ ռինգ. Բռնցքամարտի շնորհիվ ես ավելի եմ ուժեղացել, աչքաբաց դարձել, սկսել եմ հասկանալ կյանքը: Մի բանում հաստատ հահոզված եմ՝ բռնցքամարտն է իմ ապագան: Այստեղ ես կարող եմ հասնել իմ նպատակին, հաղթանակներ տանել, տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ ու դառնալ Աշխարհի չեմպիոն:

Ապագան ու մարդիկ. Ես շատ եմ սիրում շփվել ու զրուցել ամենատարբեր մարդկանց հետ: Երբ խոսում եմ նրանց հետ, սկսում եմ բացահայտել, իմանալ մարդկանց: Ինձ դուր է գալիս նոր մարդկանց բացահայտելն ու ճանաչելը:

Միշտ պետք է մարզվես, չխնայես ուժերդ, որպեսզի նաեւ հաջողության հասնես: Արդեն մյուս տարի մեծահասակների Հայաստանի առաջնությունում եմ ուզում մասնակցել ու հաղթել: Դրանից հետո էլ արդեն կիմանամ, թե ինչ մրցաշարերի կմեկնեմ:

Արման Մնացականյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին