Մայիս 05, 2024
4167 դիտում

Հարություն Հարությունյան. Մեր բակի ֆուտբոլը



Բարև, ես Հարություն Հարությունյանն եմ, ապրում եմ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Գեղամասար գյուղում: Մեր գյուղը պետական սահման ունի Ադրբեջանի հետ: Ճիշտ է կրակոցները մենք չենք լսում, բայց դե մեկ է վախով ենք ապրում: Ծնողներս 1989 թվականին այս գյուղ են գաղթել Շամխորի շրջանից: Մեր գյուղը շատ եմ սիրում, այստեղ կարելի է անվերջ երազել, բայց միշտ չէ, որ հնարավորություն ունեմ երազանքիս հասնել:

Ֆուտբոլն իմ ապրելակերպն է, երազանքիս հասնելու լավագույն միջոցը: Մեր գյուղում, ի տարբերություն շատ այլ գյուղերի, աղջիկներն էլ են մեզ հետ խաղում: Մենք հստակ որոշված թիմերի կազմ չունենք, հավաքվում ենք, ընտրում 2 հոգի, ովքեր «ոտք գցելու» միջոցով որոշում են թիմերի կազմերը, «չինգաչունգի» միջոցով էլ որոշում ենք դարպասներն ու առաջին հարվածի իրավունքն ու սկսում ենք խաղալ: Խաղում ենք մինչև ուշ երեկո: Երբ խաղի կեսից մեզ էլի ընկերներ են միանում, արագ կազմակերպում ենք նրանց դաշտ մտնելը: Ես երազում եմ, որ մենք էլ մի օր ուենանք սիրուն ու հարմարավետ դաշտ: Մեր դաշտը մեղմ ասած անմխիթար վիճակում է, ամբողջովին քարերով ու ավազով է լցված, գրեթե խոտ չկա, եզրային գծերն էլ որոշում ենք բարակ սպիտակ թելի միջոցով: Վերջերս ընկերներիցս մեկն ընկավ ու ձեռքը կոտրեց, պատճառն այն էր, որ ոտքի տակ մի մեծ քար ընկավ: Մեր դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ պարբերաբար մաքրում նեք դաշտը, կարգի բերում, բայց դե հարևան տների կենդանիները՝ հատկապես ոչխարները, մեր ֆուտբոլի դաշտում են արածում: Անկախ նրանից, թե ինչքան դժվար է մեզ համար, միևնույնն է մենք խաղում ենք ֆուտբոլ, ապրում ենք ֆուտբոլով…

Յուրաքանչյուրս ունենք մեր սիրելի թիմն ու ֆուտբոլիստը: Հիմնականում Մեսսիի երկրպագուներն ենք, բայց ունենք նաև Ռոնալդուի, Սուարեզի, Նեյմարի երկրպագուներ: Ես Լիոնել Մեսսիին եմ երկրպագում և փորձում եմ իմ խաղով նմանվել նրան: Մենք ունենք որոշակի նմանություններ, օրինակ և՛ Մեսսին, և՛ ես հասակի խնդիրներ ունենք, Մեսսին դեղերի, իսկ ես մարզումների շնորհիվ հաղթահարեցինք այդ խնդիրը: Երկուսս էլ ձախլիկ ենք, խաղում ենք աջ հարձակվողի դիրքից, ծիծաղելի է, բայց երբեմն մտածում եմ թե նա է ինձ նման  խաղում: Երկուսս էլ ատում ենք  պարտությունը, անգամ գոլ խփելիս ենք նույն ձև տոնում հաղթանակը:

Ես ֆուտբոլ դիտում եմ  2010 թվականից, երբ Իսպանիայից ոսկե սերունդը նվաճեց նաև աշխարհի գավաթը, հենց այդ ժամանակից էլ երկրպագում եմ նրանց, դա իմ առաջին մունդիալն էր, շատ բան չէի հասկանում, բայց դիտում  էի թե ինչպես են խաղում:

Ես տարբեր մրցույթների եմ մասնակցել և պատվավոր տեղեր գրավել: Վարդենիս քաղաքում կա մարզադաշտ, որտեղ լավ մարզիչներ են  աշխատում, ցավոք տրանսպորտ չունենալու պատճառով չէնք կարողանում այնտեղ մարզվել: Ունենք խաղացողներ ովքեր կարող են լավ ֆուտբոլիստներ դառնալ, պարզապես մի փոքր աջակցություն է անհրաժեշտ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին