Մայիս 05, 2024
4433 դիտում

Լեւոն Սարդարյան. Մեր բակի ֆուտբոլը



Աբալոժկա…

Իրականում, ես դեռ մինչ էսօր չգիտեմ, թե ինչպե՞ս է ճիշտ ասել կամ գրել՝ աբալոԺկա՞, թե աբալոՇկա: Թերևս՝ առաջինը: Մի բան գիտեմ: Գիտեմ հստակ, գիտեմ սեփական կաշվի փորձով: Աբալոժկան Սովետի ժամանակ, դա… Դա ֆուտբոլի սովորական կաշվե գնդակ էր՝ սև ու սպիտակ բազմանկյունիների դասական գունավորմամբ, լավագույն տարբերակի դեպքում՝ փոքր-ինչ լաքապատ: Ընդամենը: Սովորական գնդակ: Բայց ինքը՝ բառը, կախարդական էր, որովհետև աբալոժկա ամեն մեկը չէր կարող ունենալ

Խորիկ…

Ութսունականների Սովետը բավական փակ երկիր էր, եթե, իհարկե, խոսքը չէր վերաբերում հոկեյին ու ֆուտբոլին: Բայց հոկեյը սովետական էր, իսկ, ա՛յ, ֆուտբոլը՝ հայկական: Հայկական ֆուտբոլն ուներ իր ճյուղավորումները՝ բրազիլական, արգենտինական, նույնիսկ գերմանական: Բայց համաշխարհային ֆուտբոլը մեր կյանք ներխուժում էր երկու տարին մեկ անգամ՝ առաջնությունից առաջնություն, ու, հետևաբար, մեր միակ «հույսը» մնում էր Երևանի «Արարատը»: Մենք շնչում էինք այդ ֆուտբոլով, մենք ապրում, երջանկանում ու դժբախտանում էինք հայկական ֆուտբոլով: Ու մենք բոլորս Խորիկ էինք: Խորեն Հովհաննիսյանն էն ժամանակի մեր իրական հերոսն էր և ազգովի համոզված էինք, որ եթե չլիներ սովետական ֆուտբոլային ղեկավարության անարդարացի վերաբերմունքը Խորիկի նկատմամբ, Մարադոնայի մասին աշխարհում ոչ ոք չէր հիշի… Երբեք չեմ մոռանա, երբ մի անգամ հայրս ինձ վոլեյբոլի գնդակ նվիրեց ու կատակով ասաց, թե Խորիկի ուղարկած նվերն է: Ու ես մեկ տարի բոլորին համոզում էի, որ դա ֆուտբոլի լավագույն գնդակն է: Որովհետև ես անվերապահ հավատում էի թե՛ հորս, թե՛ Խորիկին: Երանի հավատացողներին…

Ֆուտբոլ…

Ֆուտբոլ մենք խաղում էին դասերից առաջ, դասերի ընթացքում ու դասերից հետո՝ այնքան, որ մթության մեջ գնդակն այլևս չէր երևում: Ես հարձակվող էի: Արագ, տեխնիկապես բավական զարգացած, բայց «խոզ»: Սարսափելի չէի սիրում գնդակից բաժանվել: Բայց երբեմն իմ բոլոր առավելություններն զրոյանում էին, երբ մենք ալարում էինք հասնել «Մալաթիայի դաշտեր», իսկ բակում ասֆալտապատված միակ ֆուտբոլային դաշտը մեծերը զբաղեցված էին լինում: Ֆուտբոլային դաշտի էր վերածվում մեր շենքին հարակից ամայի հատվածը, որը, ճիշտ է, քարազուրկ էր, սակայն կավահող էր և ամռանը, երբ արևը խարկում էր հողը, իսկ մենք՝ երեխաներս, հողի վրա վազվզելով այն վերածում էին գրեթե մոլեկուլների մեծության ավազափոշու… Դա ֆուտբոլ չէր: Մենք մինչև կոճերս թաղվում էինք այդ փոշու մեջ, այդ փոշու մեջ թավալվում էինք, հաղթում ու պարտվում էինք ու արդեն այն ժամանակ, երբ մթությունը գնդակն ու փոշին ձուլում էր միմյանց, վազում էինք տներով՝ պայմանով, որ ընդամենը տասը րոպե հետո պիտի լինենք մեր ֆուտբոլի դաշտում՝ տանից գողացված սոխով և կարտոֆիլով: Ու մենք երջանիկ էինք: Իսկ հետո մենք շատ երկար տարիներ չէինք կարողանում ներել այն երեխաներին, որոնք բնակվեցին այն շենքում, որը կառուցվեց մեր փոշոտ դաշտի տեղում: Ասենք՝ մինչև հիմա էլ մենք երբեմն արդեն մեր ընկերներին մեղադրում ենք՝ դուք ապրում եք մեր ֆուտբոլի դաշտում:   

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին