Մայիս 05, 2024
4657 դիտում

Սամվել Բեկթաշյան. Մեր բակի ֆուտբոլը



Փոքր էինք: Ես էի, մեր թաղի Սաքոն էր, Հովոն էր, Արտակն էր: Էս չորսով ընկերություն էինք անում:

Կլինեինք տասը տարեկան: Ամբողջ օրը գնդակ էինք տշում դպրոցի բակում՝ ջարդելով դպրոցի ապակիները ու փախչելով, որ պահակ Ժորան տնից ձենը չգցի: Վատ տարիներն էին, Ալավերդիում գնդակ ճարելը դժվար գործ էր: Ու ամեն անգամ, երբ հերթական գնդակը ծակվում էր դաշտը շրջապատող ակացիաների փշերից, մենակ ես էի տանը լացս դնում, թե՝ ի՞նչ եմ անելու առանց գնդակի ու ֆուտբոլի: Հայրս էլ զանգում էր Երևանի ընկերներին, գնդակ ճարում: Ամեն ինչ կրկնվում էր հորս համար տհաճ՝ հաճախակի պարբերականությամբ:

Իրար մեջ բաժանվելն ու խաղալը արդեն հետաքրքիր չէր: Խաղերից մեկի ժամանակ ես ու Սաքոն կռվեցինք: Որոշեցի իմ թիմն ունենալ, պարապել, որ Սաքոյին միշտ «կրեմ»: Լավ խաղացողների հետ «բանակցեցի»: Սաքոն էլ իմացավ՝ ինչ եմ անում, սկսեց իր թիմը հավաքել: Թիմերը ձևավորվեցին, սկսեցինք միանման շապիկներին համարներ գրել, պարապել: Խաղերի ժամանակ առկա էին բոլոր անհրաժեշտ ատրիբուտները՝ «ֆանատների», մրցավար հորս, ինչպես նաև բակի սանիտար աղջիկների տեսքով: Ղալաթ էր արել աշխարհի առաջնությունը:

Ամառային արձակուրդներն Ալավերդիում անցկացնելու համար Երևանից պապիկի տուն էր եկել Արտաշիկը: Հանդիսատեսների շարքում համեստորեն նստում էր ու ուշադիր հետևում մեր հանդիպումներին: Մի օր մոտեցավ, թե՝ ինձ էլ վերցրու քո թիմ: Ասացի՝ դու խաղալ չգիտես, պասերը փչացնում ես: Երեկոյան Սաքոն պատմեց, թե իրեն էլ է մոտեցել: Մի լավ քրքջացինք. դա էր պակաս՝ մեր թիմերում երևանցի խաղար: Այդ պահին Արտաշիկը նորից մոտեցավ մեզ ու խնդրեց որևէ թիմում ընդգրկել: Կոպիտ մերժում ստանալուց հետո լաց լինելով հեռացավ:

Օգոստոսի վերջին կրկին մոտեցավ Արտաշիկը: «Տղե՛րք, եկել եմ հաջող անեմ, վաղը գնում եմ Երևան: Բայց հիշե՛ք՝ ֆուտբոլի եմ գնալու՝ մյուս տարի գամ սաղիդ կրեմ»: Ձևական ջերմ բաժանվելուց հետո հռհռացինք՝ դու լավ «վեշ» կկրես:

Տարիներ անց Արտաշիկը եկավ Ալավերդի, շատ լավ ընդունեցինք, որոշեցինք Սաքոյենց այգում քեֆ կազմակերպել: Ասաց՝ քեֆը՝ հետո. գնանք ֆուտբոլ խաղանք: Գնացինք: Գնդակի հետ առաջին իսկ հպումից պարզ դարձավ, որ խաղալն անիմաստ է: Կարող էր ամբողջ թիմին մի քանի անգամ շրջանցել, գրավել հակառակորդի դարպասը ցանկացած վայրկյանին: Ոչ մեկս ձայն չհանեց: Խաղից հետո ժպտալով մոտեցա.«Հիշու՞մ եք, տղե՛րք, ոնց էի խնդրում ինձ էլ խաղացնեք»: Ո՞վ ձայն կհաներ:

Արտաշիկին արդեն Արտաշ էինք ասում: Սպասում էինք՝ երբ է ամառը գալու: Բայց նա ամառային արձակուրդներն անց էր կացնում ուսումնամարզական հավաքների մեջ: Ու երբ թեկուզ մի քանի օրով գալիս էր պապիկին տեսակցության, անպայման ֆուտբոլ էինք խաղում:

Հետո նա դարձավ Արտաշես Բաղդասարյան: Խաղաց ավստրիական «Պաշինգ»-ում, հրավիրվեց Հայաստանի երիտասարդական ու ազգային հավաքականներ: Ցավոք, վնասվածքի պատճառով թողեց ֆուտբոլը:

Ու թեկուզ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էլ դառնար, ինձ  համար նա միշտ մնալու է ֆուտբոլը լացելու չափ սիրող Արտաշիկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին