Մայիս 05, 2024
4001 դիտում

Հենրիխ Մարգարյան․ Մեր բակի ֆուտբոլը



Մինչօդնոկլասնիկյան և մինչֆեյսբուքյան դարաշրջանում՝ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին, «Փոքր Չարխում» եռում էր բակային կյանքը: Մեր բակի ֆուտբոլի ասֆալտե դաշտը միայն ձմռանն էր ազատ լինում, բայց հենց եղանակները մի քիչ տաքանում էին, տղաներով մոռանում էինք տուն-տեղ, հեծանիվ, հալամուլա և այնքան էինք խաղում, որ մեր ծնկների և արմունկների քերծվածքները չէին հասցնում լավանալ։ Մեր բակի ֆուտբոլային հանդիպումները հաճույքով դիտում էին շենքի բնակիչների մեծամասնությունը։ Շատ ափսոս, որ այդ ժամանակներում բջջայինները չունեին այնպիսի տեխնիկական հնարավորություններ, և այդ խաղերի գոլերը հիմա չենք կարող դիտել․ հաստատ սոցցանցերում զգալի քանակով լայքեր կհավաքեինք։

Լինում էին դեպքեր, որ գնդակ չէինք կարողանում գտնել և խաղում էինք հյութի  պլաստմասե կամ գարեջրի դատարկ շշերով, նաև ոչ մեծ քարերով։ Բայց մի օր խաղերից մեկում այդ ոչ մեծ քարը մեր թիմից մեկի ճակատը լուրջ վնասեց (չորս կար էին դրել)։ Դրանից հետո տղաներով փող խնդրեցինք մեր ծնողներից և ընդհանուր հավաքած գումարով գնեցիք երկու հատ «ֆիֆա»-ի գնդակ։ Ուրախություններիս չափ ու սահման չկար, հազիվ նորմալ գնդակով ֆուտբոլ էինք խաղում։

Մի օր կողքի բակից մեզ առաջարկեցին «չեզոք» տարածքում՝ Չարենցի դպրոցի բակում, խաղալ մեր հասակակիցներից կազմված կողքի բակերի հավաքական թիմի դեմ։ Մեր ուժերին վստահ էինք, նույնիսկ չափից դուրս․․․Գույնզգույն կավիճներով դարպաս գծեցինք Չարենցի դպրոցի տարրական դասարանների մասնաշենքի մի պատին, իսկ մյուս դարպասը՝ այդ բակը սահմանազատող մետաղաբետոնե հատվածին։ Խաղն ընթացավ հակառակորդ թիմի հսկայական առավելությամբ և ավարտվեց մեր թիմի ջախջախիչ պարտությամբ՝ 2:11 հաշվով։ Ռեանշ-խաղը կայացավ մեկ ամիս անց և այս անգամ արդեն մեր թիմը 7:3 հաշվով հաղթանակ տարավ։ Խաղից հետո մեր թիմով գնացինք Կրկեսի «պերաշկիանոց»` կարկանդակներ, պոնչիկներ և հյութ գնեցինք ու նշեցինք մեր բաղձալի հաղթանակը։

Այդ տարիներին մեր բակի տղաները ներկայումս իր վերջին օրերն ապրող «Ֆիրդուս»-ի առևտրի տաղավարներից գնում էին իրենց սիրելի թիմերի մարզաշապիկները։ Ես սիրելի թիմ չունեի և այդ պատճառով որոշեցի բոլորից տարբերվել և գնեցի «ՊՍՎ Էյնդհովեն» թիմի մարզաշապիկը։ Մեր օրերի Կրիշտիանու Ռոնալդուն՝ Ռոնալդոն էր (Զուբաստիկը), իսկ Լիոնել Մեսին՝ Դել Պիեռոն, Նիկոլյա Անելկան կամ Դենիս Բերգկամպը։ Հիշում եմ, թե ինչ մեծ անհամբերությամբ էինք սպասում ֆուտբոլային խոշոր մրցաշարերի հանդիպումներին և դրանց ավարտից հետո իջնում էինք բակ ու փորձում պրոֆեսոինալ ֆուտբոլիստների կատարած խաբկերը կամ հարվածները կրկնօրինակել բակային խաղերի ժամանակ։

Ֆուտբոլը դա կիրք է, իսկ շատերի համար նաև ապրելակերպ։ Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես էր հայրս ինձ առաջին անգամ տարել «Հրազդան» մարզադաշտ՝ 1999թ․ սեպտեմբերի 8-ին Հայաստան-Ֆրանսիա խաղին։ Այդ խաղում մեր հավաքականի խփած առաջին գոլը և դրան հաջորդած ցնծությունը երբեք չեմ մոռանա, հուսով եմ՝ մի օր էլ իմ տղային կտանեմ մարզադաշտ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին