Մայիս 05, 2024
5135 դիտում

Սիրանուշ Հարությունյան. Մեր բակի ֆուտբոլը



Ես Սիրանուշ Հարությունյանն եմ, ապրում եմ Գեղարքունիքի մարզի  սահմանամերձ Գեղամասար գյուղում: Սիրում եմ մեր գյուղը: Այստեղ է անցել իմ մանկությունն ու պատանեկությունը: Մանկության հետ կապված իմ հիշողություններն աննկարագրելի են՝ արև, ամառ, խաղեր, ուղղակի անհոգ մանկություն: Խաղեր, որոնցով  դու քեզ լիովին մանուկ ես զգում: Բայց այժմ մանկությունն անցյալում է և այն խաղերը որոնք  խաղում  էինք, այլևս մեզ չեն հետաքրքրում: Միակ խաղը, որից չենք հոգնում, դա ֆուտբոլն է: Հատկապես ամառային արձակուրդների ժամանակ, երբ չկա ոչ դաս, ոչ դպրոց: Ցավալի փաստ է, բայց մեր գյուղում չկան  այնպիսի պայմաններ, որոնք մեզ թույլ կտան ավելի զարգանալ: Մեր գյուղում խնդիրները շատ են, որոնցից մեկը  ֆուտբոլի դաշտի խնդիրն է: Խնդիրն այն է, որ մեր դաշտն ամբողջությամբ քարապատված է, ցանցերը պատռված են, չունենք նորմալ գնդակ, իսկ երբ «համարձակվում ենք» սայթակել՝ անպայման վնասվածքներ ենք ստանում: Բայց այնուամենայնիվ խաղում ենք սիրով, քանի որ դա իմ և ընկերներիս ամենասիրելի զբաղմունքն է:

Մենք ընկերներով ամեն օր իջնում ենք  դպրոցի մոտ գտնվող դաշտ և  խաղում ֆուտբոլ: Մենք սկսում ենք ֆուտբոլ խաղալ կեսօրվա տապին և ավարտում  ենք մայրամուտին: Մայրամուտի հետ էլ վերջանում է մեր  խաղը… Ցավոք մեր օրերում երեխաները տարվում են համակարգչով և մոռանում են բակ իջնել, խաղալ իրար հետ, շփվել և հենց այդ պատճառով շատ բակեր այսօր մնում են դատարկ… Ես այնքան  ոգևորությամբ եմ սպասում  2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, չեմ համբերում, թե երբ է իմ սիրելի ֆուտբոլիստը իր ազգային հավաքականի մարզաշապիկով հանդես գալու:

Երբ սիրելի դասղեկս ասաց այս մրցույթի մասին, շատ ուրախացա, քանի որ ես այսպես կարող եմ արտահայտել իմ բոլոր զգացմունքները: Բոլորս էլ ունենք սիրած ֆուտբոլիստ և նրան տեսնելը շատերիս երազանքն է: Մարադոնա, Պելլե, Զիդան, Գվարդիոլա, Ռոնալդինյո, Չավի, Պույոլ, Ինիեստա, Սուարեզ, Մեսսի և իհարկե Հենրիխ Մխիթարյան՝ մեր ազգի պարծանք, մեր հպարտություն: Իհարկե այս ֆուտբոլիստների անունները կարելի է անվերջ թվարկել, բայց չէ որ նրանք այնքան շատ են և դեռ ինչքան պիտի շատանան: Ֆուտբոլը ամեն մարդու բան չէ, դա պետք է ապրել և զգալ: Ես ինքս երկրպագու եմ և շատ եմ սիրում հատկապես «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը: Ամեն ինչ կտայի միայն թե տեսնեի Բարսելոնան կամ ավելի ճիշտ Լիոնել Մեսսիին:

Ես սիրում եմ ֆուտբոլը և չեմ պատկերացնում իմ կյանքն առանց ֆուտբոլի: Հետաքրքիր է, երբևէ՞ կգա մի այնպիսի օր, որ կհանդիպեմ իմ սիրած ֆուտբոլիստին: Կարծում եմ երազանքին հասնելու համար պետք է շատ աշխատել և մի օր մենք կզգանք մեր աշխատանքի արդյունքը: Ամեն անգամ երբ Մեսսիի խաղն եմ դիտում, մարմնովս սարսուռ է անցնում, երազում եմ իրեն տեսնել…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին