Մայիս 05, 2024
3865 դիտում

Անի Ավետիսյան. Մեր բակի ֆուտբոլը



Կար ժամանակ, երբ ֆուտբոլն ինձ համար ոչ թե 22 հոգի էին և մեկ գնդակ, այլ.... մոտ 6-7 հոգի և մի՝ արդեն օգտագործման համար ոչ պիտանի, գնդակի նման մի բան: Հա, դա իմ մանկությունն էր, մանկության ամենամեծ երջանկությունը՝ թաղի ֆուտբոլային հանդիպումներին մասնակցելը:

Ես աղջիկ եմ, մի զարմացեք. Հայաստանում աղջիկներն էլ են ֆուտբոլ խաղում, թեկուզ բակերում, տղաների հետ. ի՞նչ կա որ: Կամ, գուցե՝ խաղում էին. հիմա շատերին չի հետաքրքրում, թե ինչ կա՝ համակարգչի պատուհաններից այն կողմ:

- Դու փոքր ես, կանգնիր դարպասին:

- Դե լավ էլի, բոլորիցդ էլ լավ եմ խաղում, - նեղանում էի ու կանգնում դարպասի մոտ: Չնայած, ի՞նչ դարպաս, երկու քարեր էին՝ իրարից երկու-երեք մետր հեռավորության վրա, այն էլ մեր չափիչ-ոտքերով չափված: Իսկ «թշնամի» թիմի դարպասին էլ իմ հասակակից մի աղջիկ էր կանգնում: Տեսնու՞մ եք՝ անհանդուրժողականությունը մանկուց է երևում:

Բայց, ֆուտբոլային ամենակարևոր հանդիպումների մեկնարկից  առաջ էր ծնվում բակային ֆուտբոլի ոսկե կանոնը.

- Դարպասապահը (մեր խոսքով ասած՝ вратарь-ը) խաղում է:

Պետք է համաձայնեք, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ, իսկ փոքրիկ երեխայի համար մեկ վայրկյանում հակառակորդի կիսադաշտից սեփական դարպասի մոտ հասնելն ու գնդակը ձեռքերի մեջ վերցնելն ուղղակի հերոսություն էր: Եւ մեզ դա հաջողվում էր: Թեպետ այլ ելք էլ չունեինք, որովհետև այդ երկու խորդուբորդ քարերից բաղկացած դարպասը ռազմական սրբություն էր, զորամասի դրոշի նման, իսկ նրա մոտ թշնամու խաղացող կամ, առավել ևս, գնդակ թողնելը դավաճանություն էր, որն էլ պատժվում էր որակազրկումով:

Մեր ֆուտբոլի դաշտը տան դարպասներից այն կողմ էր՝ փողոցի վրա ու դրան կից մի քանի տասնյակ քառակուսի մետր  տարածք կազմող հողոտ-փոշոտ վայրում: Բայց իրականում այդ վայրը դրախտի էր նմանվում, մանավանդ երբ հարևաններն էլ տանը չէին լինում:

Բակային առաջնություններն առանց վնասվածքների ու խնդիրների էլ չէին անցնում: Իսկ եթե մի օր էլ հարևանները թույլ չտայի՞ն իրենց բակում ֆոտբոլ խաղալ, մոտակայքում ավելի հարմար տարածք չկար ախր: Էհ, ի՞նչ արած, պիտի համակերպվեինք: Բայց դրանից մեր խաղերն այնքան էլ չէին վնասվում, ամենամեծ հարվածը մեր ֆուտբոլի դաշտում նոր-նոր կառուցվող շինությունն էր ու անցնող տարիները: Դրանից հետո մեր գերորակյալ ու եռանդուն թիմը ցրվեց, մեզ փոխարինողներն էլ դեռ չեն եկել:

Տեսնես կլինե՞ն…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին