Մայիս 05, 2024
4716 դիտում

Արման Առաքելյան. Մեր բակի ֆուտբոլը



«Մի 2 գոլ դու կանգնի, կփոխվենք, դարպասապահը մեջ ա, 9:9, ուրեմն խաղը 11-ից, հորս արև ինձ չի կպել, գնդակը փոխեք, էս մեկը փուչիկ ա, էս անգամ դու գնա գնդակը բեր, վերջին կես ժամը մենակ ես եմ գնում, եթե Բեքհեմիկին տնեցիք չթողեցին գա, վերջ, վերևի թաղի տղերքին կրված ենք…»: Արտահայտություններ, որոնք շատ հարազատ են, ավելին՝ արտահայտություններ, որոնք մեր մանկությունն են: 

1990-ական թվականների սկզբներին և կեսերին ծնվածների համար 2000 թ.-ից սկսվում է բակային ֆուտբոլի «ոսկեդարը»:

Ի՞նչ էր պետք բակային մեծ ֆուտբոլ մուտք գործելու համար. մայրիկից, հայրիկից, տատիկ-պապիկներից հավաքված մոտ 4-ից 5 հազար դրամ գումար: Պարտադիր պետք էր ունենալ որևէ ֆուտբոլիստի համազգեստ: Գնացինք հանրախանութ. Բրազիլիայի հավաքականի դեղին՝ Ռոնալդոյի 9 համարի խաղաշապիկը շատ-շատ երկար շորտի հետ մաման պայմանավորվեց վաճառողի հետ, 4 հազար 500 դրամով գնեցինք: Դե, եթե համազգեստն ունենք, պետք է նաև խաղակոշիկ. մեր մանկության տարիներին դրանք կարմիր և սև գույնի ռեզինե բարձր ապրանքներ էին՝ էժան և ռեզինի սաստիկ հոտով: Հագնելու առաջին շաբաթվա ընթացքում աստղ էիր քեզ զգում, քանի որ իրական շիպերի պատրանք կար, այնուհետև մաշվում էր՝ դառնալով շարքային, հազիվհազ գոյությունը պահպանող խաղակոշիկ;

Առաջիկայում ծննդյան տարեդարձ է, ըհն, ընկերներն էլ գնդակ կնվիրեն և վերջ, ֆուտբոլային տոնի համար ամեն ինչ պատրաստ է: Բայց միանգամից հողոտ դաշտում քո դիրքը ունենալու հնարավորություն չէր ընձեռվում: Մեծ ֆուտբոլի որոշ չգրված օրենքներ նաև բակային ֆուտբոլում կան: «Տղերք, մեր մեծերը էն տղերքի հետ են խաղում, որ «Փյունիկ» են պարապել, գնանք, նայենք: Հետո դաշտը ազատվի մի կես ժամ միգոլանի կխաղանք, ու թափով կգանք տուն, էսօր Բրազիլիայի խաղն ա»:

Հետաքրքիր է, որ բակի ֆուտբոլը միայն դաշտում չէր. անգամ դասամիջոցներին ու հնարավոր բոլոր պահերին մի քանի վայրկյան էր անհրաժեշտ խաղային ժամանակացույցը հստակեցնելու, երեկվա խաղից մի քանի դրվագ քննարկելու համար: Երբ ուշադրություն ես դարձնում ինչ-որ բանի մանրուքներին, ուրեմն այդ ինչ-որ բանը շատ ես սիրում. դե եթե այդպես է, պիտի իմանանք պապիկի նասոսը հաստատ աշխատում է, թե չէ, իմանանք, թե երբ գնդակը տանենք վերևի փողոցի ավտոտեխսպասարկման կետ, խնդրենք փչեն, իմանանք մաման հաստա՞տ համազգեստը լվացել է, հանկարծ կեղտոտ չլինի, կարևոր խաղ է, իմանանք դաշտը հո չեն զբաղեցրել, իմանանք Բեքհեմիկի հայրն այսօր ջղայնացած է, թե չէ…»:

Մեր բակային ֆուտբոլը մեր մանկությունն էր, մենք սիրում էինք այն ամենը, ինչ առնչվում էր դրան, յուրաքանչյուր հպում գնդակին, յուրաքանչյուր իր ֆուտբոլիստների պատկերով, ծնողների կողմից տրամադրված յուրաքանչյուր 30 րոպե խաղաժամանակը… րոպե առ րոպե, քանի որ դրանք մնալու էին մեր հիշողություններում… միշտ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին