Մայիս 05, 2024
4618 դիտում

Մհեր Թարոյան. Մեր բակի ֆուտբոլը



Մեր բակի ֆուտբոլային էվոլուցիայի առաջին փուլը «տշոցին» էր: Երկու հոգով կանգնում էինք իրար դիմաց, գնդակը ձեռքով խրում հողի մեջ ու մարաթոնյան թափավազք կատարելով՝ հարվածում: Հարվածը շեղ էր, գնդակը հարևանի այգում: Գնդակի վերջը տալու սպառնալիքներից  ու առավել ևս դրանց իրականացումից խուսափելու համար արդեն ունեինք հստակ մշակված ու բազմիցս փորձված «Գնդակի ազատագրման» ռազմավարություն՝ գազի խողովակի վրայով, մետաղյա ցանկապատի տակով, մի խոսքով մի ամբողջ դիվերսիա:

«Տշոցուն» սահուն եկավ փոխարինելու «ադնակասը»: Փոխանցումը կամ հարվածը պետք էր կատարել մեկ հպումով, հակառակ դեպքում հայտնվում էիր դարպասապահի դերում՝ «գնդակ բերող»-ի դաժան պարտավորությամբ :

Ժամանակի ընթացքում «ադնակասն» էլ սպառեց իրեն , ու մեր խաղը գնալով սկսեց նմանվել իսկական ֆուտբոլի:

«Երկու քարի արանքում» կանգնած է Կասիլյասը, դիմացը ես եմ՝ Ռամոսը, աջ ու ձախ կողմերս Կաֆուն ու Կառլոսն են, իսկ առջևում կիսապատռված խաղակոշիկներով Կական ու փարթամ գանգուրներով Զիդանը ռմբահարում են հակառակորդի դարպասը՝ հարևանի ավտոտնակի դարպասը)):

Մեր բակն ավելին էր, քան Բերնաբեուն կամ Մարականան ու կապ չունի, որ ամեն անգամ ծափահարությունների փոխարեն լսում էինք «զզվացրիք էլի» ու « գլուխներս տարաք»-ներ, մենք մեր բակի աստղերն էինք ու լեգենդները:

Բակային ֆուտբոլն անխոս գերագույն հաճույք էր մեզ համար, որն ուղղակի անկարելի է մոռանալ, բայց հաճույքն ու հիշողությունները մի կողմ: Մեր Բակն ու մեր բակի ֆուտբուլը մեզ սովորեցրին ընկնելուց հետո առանց մեկ վայրկյան ավել մտածելու՝ թքած ունենալով ոլորված ոտքի ու արնաթաթախ արմուկի մրմուռի ու ցավի վրա, բարձրանալ, էլ ավելի հզոր կանգնել հողին ու վազել տասն անգամ, հարյուր անգամ, հազար անգամ ավելի արագ:

Ւնչ խոսք, զիլ էր մեր բակի ֆուտբոլը: ))

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին