Մայիս 05, 2024
4986 դիտում

Նորայր Շողիկյան. Մեր բակի ֆուտբոլը



Չին-գա-չունգ, չին-գա-չունգ, չին-գա-չունգ:

-Ընտրի՛:
-Էդուլին:
-Սերոժին:
-Արոյին:
-Դավոյին:
-Սոսին:
-Ալիկին:

Չին-գա-չունգ:

-Գնդակը մեզ, գոլերը ձեզ:

Թիմերի կազմերը որոշելով ու կիսադաշտերն իրար մեջ բաժանելով էին սկսվում մեր բակի ֆուտբոլային հանդիպումները: Մեր թաղի ֆուտբոլը տարբերվում էր: Խաղում էինք ձմեռվա ցրտին, ամառվա շոգին, աշնան անձրևին, գարնանը ցեխերի մեջ, ու ոչ մեկը չէր էլ մտածում տուն գնալու մասին, մինչև գնդակի տիրոջը տնից չէին կանչում: Հենց այդ ժամանակ էլ խաղը ավարտվում էր, բայց արդեն կեսգիշերին մոտ էր լինում, ու վաղուց ոչ դարպասներն էին երևում, ոչ էլ գնդակը:

Հիմա կհարցնեք` ինչով էր տարբերվում. սովորական երևանյան բակային ֆուտբոլ էր, բայց մեր բակը միակն էր, որտեղ տղաները «Ծակ» էին խաղում: Խաղն անհավանական հետաքրքիր էր ու ֆուտբոլից առաջ, կարելի է ասել, մարզումային էր: Ինչպես Երևանի բոլոր բակերը, այնպես էլ մերը, չէր խուսափել ավտոտնակներով շրջապատվելուց, բայց հենց դրանցից երկուսի շնորհիվ ստեղծվեց այն ծակը, որը հետո ֆանտաստիկ խաղի պատճառ դարձավ:

Ավտոտնակների արանքում 20 սանտիմետր լայնությամբ ու 2.5 մետր երկարությամբ ազատ տարածություն կար: Հին ու բարի «չին-գա-չունգ»-ի միջոցով որոշում էինք հարվածողների հերթականությունը ու գնդակը տեղադրում ծակից 3 մետր հեռավորության վրա: Առաջին հարվածողից հետո հաջորդականությամբ մասնակիցները պետք է հարվածեին կամ ընթացքից, կամ այն դիրքից, որտեղ կանգնել էր գնդակը, ու այդպես, մինչև այն կհայտնվեր ծակում, որից հետո հարվածողին տրվում էր մեկ միավոր, ու ամեն ինչ սկսվում էր նորից: Լինում էին դեպքեր, երբ հենց առաջին հարվածից գնդակը հայտնվում էր ավտոտնակների արաքնում, կամ հեռվից ու սուր անկյունից էր կատարվում հարվածը, ու գեղեցիկ հետագծով գնդակը մխրճվում էր ծակի մեջ: Այսպիսի պահերին մեզ զգում էինք եվրոպական մարզադաշտերից մեկում հազարավոր երկրպագուների առաջ Ռոնալդինիոյի կամ Ռոբերտո Կարլոսի դերում:

«Ծակ»-ի միջոցով մեր դիպուկությունը ստուգելով՝ իջնում էինք գազարագույն խանութի մոտ, որտեղ 6-րդ Մասիվի ամենամեծ դաշտն էր, ու հենց այնտեղ էլ սկսվում էր կատաղի պայքարը, մանավանդ այն ժամանակ, երբ իրենց թիմերով գալիս էին 5-րդ մասիվցիները: Փոքր տարիքում կողքից էինք հետևում մասիվների դերբիին, որովհետև նախ զիջում էինք մեզնից մեծերին՝ խաղային որակներով, բացի այդ դաշտը քարքարոտ էր ու հաճախ ընկնելուց խաղացողները լուրջ վնասվածքներ էին ստանում, իսկ, երբ գնդակը հայտնվում էր դաշտից դուրս ու մեծ արագությամբ իջնում կես կիլոմետր ներքև, գնդակից ավելի մեծ արագություն զարգացնելով, վերջինի հետևից էր ընթանում շեղ հարվածողը: 

Մեր մեծանալուն զուգահեռ դաշտը փոքրացավ: Թաղապետարանը մեր մանկության դաշտի մի հատվածում կառուցեց արհեստական գազոնով փոքր խաղադաշտ, այդպիսով կոտրելով նախկին հանդիպումների հետաքրքրությունը:

Հիմա այնտեղ կարելի է հանդիպել վազվզող փոքրիկ երեխաների, որոնք, մի քիչ մեծանալով, կսկսեն ֆուտբոլ խաղալ այն դաշտում, որի կառուցումից առաջ, նույնիսկ, չէին էլ ծնվել, իսկ նախկին «դերբիների» մասնակիցներն այսօր իրար դեմ մրցում են ջոյստիկներով համակարգչային ֆուբոլ խաղալով: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին