Հայաստանի ազգային հավաքականը 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլն ավարտեց «Դրագաո» ստադիոնում Պորտուգալիայի ընտրանուց 1:9 հաշվով կրած պարտությամբ։
Դեռ Հունգարիայի (0:1) հետ հանդիպումից հետո էին հայ ֆուտբոլիստները կորցրել ուղեգրի համար պայքարելու նաեւ տեսական հնարավորությունը, իսկ ահա պորտուգալացիներին համար հանդիպումը շատ կարեւոր էր։ F խմբում թիմերի դասավորությունը բավական խիտ էր ու ոչ մեկ դեռ չէր ապահովել մասնակցությունը Մունդիալում։
Ընտրական փուլը Հայաստանի հավաքականը սկսել էր Պորտուգալիայից 0:5 հաշվով կրած պարտությամբ, հյուրընկալվելիս Եղիշե Մելիքյանի թիմը հենց մեկնարկից ստիպված էր դիմանալ տանտերերի բուռն գրոհներին։
Լուսանկարը` Seleções de Portugal
Հաշիվը բացվեց արդեն 7-րդ րոպեին, Բրունու Ֆերնանդեշը տուգանային հարվածով գնդակն ուղարկեց դեպի դարպասը, Հենրի Ավագյանն այն դուրս մղեց, ու վրա հասած Ռենատո Վեյգան խփեց առաջին գոլը։
Րոպեներ անց արդեն հայերը նետվեցին գրոհի, Արթուր Սերոբյանի եւ Հրանտ-Լեոն Ռանոսի հիանալի փոխանցումներից հետո հաշիվը հավասարեցրեց Էդուարդ Սպերցյանը՝ հավաքականում խփելով իր 11-րդ գոլը։ Պորտուգալիան անմիջապես պատասխանեց գրոհով, բայց Գոնսալու Ռամուշի հարվածից հետո այս ընտրական փուլում հերթական անգամ թիմին փրկեց Ավագյանը։
Հաշիվը հավասար մնաց ընդամենը 10 րոպե։ 28-րդ րոպեին Սերոբյանն արդեն Ռամուշին գոլային փոխանցում կատարեց, որն արդեն չվրիպեց։ Մեկ րոպե էլ չանցած հաշիվն արդեն 3:1 էր, Պորտուգալիայի կազմում աչքի ընկավ Ժոաու Նեմեշը։ Նա նաեւ դուբլի հեղինակ դարձավ՝ տուգանայինից խփելով անչափ գեղեցիկ գնդակ։
Լուսանկարը` Seleções de Portugal
Դա էլ բավական չէր, առաջին կեսի վերջնամասում Կարեն Մուրադյանը տուգանայինում խախտեց կանոններն, ու որակազրկված Քրիշտիանու Ռոնալդուի բացակայությամբ 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Ֆերնանդեշը՝ 1:5:
Գոլային տեղատարափը շարունակվեց նաեւ 2-րդ կեսում, շատ տխուր ու ցավալի էր հետեւլ այն ֆուտբոլին, որը Հայաստանի հավաքականն է ցույց տալիս։ Նախ Ֆերնանդեշը դուբլի հեղինակ դարձավ, ապա նաեւ՝ հավաքականի կազմում իր առաջին հետթ-տրիկը գրանցեց։ Սերգեյ Մուրադյանը 2-րդ 11-մետրանոցը վաստակեց, եւ պորտուգալացին նորից դիպուկ էր։
Լուսանկարը` Seleções de Portugal
Բայց դա էլ վերջը չէր, երկրպագուները եւս մեկ հեթ-տրիկի ականատես եղան Նեւեշի կատարմամբ։ 9-րդ գոլի հեղինակը Ֆրանսիսկո Կոնսեյսաուն է։ Պորտուգալիան շատ կարեւոր 3 միավոր վաստակեց ու դուրս եկավ ԱԱ-ի եզրափակիչ փուլ։
Հայաստանի հավաքականը կրեց 5-րդ պարտությունը, խփեց ընդամենը 3 գոլ ու ընդունեց 19-ը։ Միակ հաղթանակը հայերը տարել են Իռլանդիայի նկատմամբ ու 3 միավորով եզրափակել խումբը։
Զուգահեռ ընթացող խաղում մրցող Հունգարիան ու Իռլանդիան համառ պայքար ծավալեցին խմբում 2-րդ տեղը գրավելու համար։ Իռլանդիան կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով ու 10 միավորով խմբում 2-րդ տեղը զբաղեցրեց:





















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: