Սեպտեմբեր 10, 2025
262 դիտում

Հարոյան․ Ժամանակն է միավորվելու ու հարցերը լուծելու, ինչպես արեց Վրաստանը


Լուսանկարը` Reuters


Հայաստանի հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը ծավալուն հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է նաեւ ազգային թիմին։


«Երազում եմ, որ իմ հավաքականն ինձ հետ, կամ առանց ինձ, հանդես գա խոշոր մրցաշարում։ Ամեն տարի մեզ մոտ ինչ-որ խնդիր էր առաջանում՝ մարզչի ընտրություն, կարեւոր ֆուտբոլիստների վնասվածքներ, Մխիթարյանի թիմից հեռանալ։ Բայց ժամանակն է բոլորով միավորվելու ու հարցերը լուծելու, ինչպես դա արեց Վրաստանը։ Դա նրանք արեցին մի երկրի, մի բռունցքի պես։ Բոլորը հարցնում են, թե ինչու վրացիների մոտ ստացվեց։ Նրանք երկար են գնացել դեպի դա։ Երկրի նախագահը, Թբիլիսիի քաղաքապետը նախկին ֆուտբոլիստներ են, վարչապետն է սիրում ֆուտբոլ։ Աստված տա, մեզ մոտ էլ ստացվի։ Վրաստանի հավաքականն օրինակ է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ բոլորի համար, թե ինչպես պետք է կառուցել ու ձգտել»,- championat.com-ին ասել է ֆուտբոլիստը։

Նա անդրադարձել է նաեւ այլազգի ֆուտբոլիստներին, ովքեր սկսում են հանդես գալ այլ երկրների հավաքականներում։

«Մենք շատ ենք ունեցել ֆուտբոլիստներ, ովքեր ստացել են հայկական անձնագիր ու հանդես եկել հավաքականում։ Նույն Իվուն Նիգերիայից է ու շատ է օգնել մեզ։ Բայց ամենալավ նատուրիլիզացված ֆուտբոլիստը Մարկոս Պիզելին է, որին մեզ մոտ լեգենդ են համարում։ Նա շատ լավ տարիներ է անցկացրել Հայաստանի հավաքականում։ Հիանալի վարպետ էր։ Եթե կան Իվուի եւ Պիզելիի պես ֆուտբոլիստներ, ես դեմ չեմ նրանց հավաքականում տեսնել։ Բայց եղել են նաեւ այնպիսինները, ովքեր մեկ խաղ են անցկացրել ու ցտեսություն ասել։ Դրան դեմ եմ»,-նշել է պաշտպանը։

Հարցին, թե կարո՞ղ է Հայաստանի հավաքականը դուրս գալ Աշխարհի առաջնության խմբային փուլ, Հարոյանը տվել է հետեւյալ պատասխանը․

«Իռլանդիայի հավաքականին հաղթելու փորձ մենք ունենք։ Հունգարիան՝ երիտասարդ ու լավ հավաքական է, որի հետ հնարավոր է պայքարել։ Իսկ Պորտուգալիան մնում է Պորտուգալիա»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին