Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական փուլը մեկնարկեց Պորտուգալիայից կրած 5:0 հաշվով պարտությամբ։
Սա առաջին խաղն էր որպես գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի համար, որը շաբաթներ առաջ էր ստանձնել այդ պաշտոնը։ Հանդիպումից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին։
«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր եկել էին մարզադաշտ մինչեւ վերջ աջակցելու համար, սա շատ կարեւոր էր մեզ համար։ Ես կխոսեմ թիմիս հետ ու կասեմ, որ մեզ հավատում են, պետք է շարժվենք առաջ։
Ես ասել էի, որ ունենք ծրագիր, պատրաստ էինք խաղին, բայց ամեն ինչ չէ, որ կարող է ստացվել։ Մրցակիցն ուժեղ էր ու կարողանում էր ճիշտ ռեակցիա տալ մեր մտածածին, իրենք փորձ ունեցող, որակյալ թիմ ունեն։
Ես տեսա նվիրվածություն եւ պայքար, մրցակցից գնդակ խլելը դժվար հարց էր։ Ինչքան էլ ճիշտ կատարեին իմ տված առաջադրանքները, մրցակցի որակը «խեղդեց» մեզ։
Տխուր եմ շատ, նման հաշիվ տանը գրանցելը հաճելի չէ, ներողություն եմ խնդրում դրա համար։ Եթե թիմը պարտվել է նման հաշվով, ուրեմն մեղավոր ենք բոլորս, առաջին հերթին՝ ես։
Ավագի թեւկապը վստահեցի Տիգրան Բարսեղյանին, փորձառու տղա է, տարիքով մեծ, շատ է խաղացել հավաքականում։ Այո, Էդուարդ Սպերցյանն առաջատար է, մեր ապագան է, մեր աստղերից մեկն է, եվրոպական մակարդակով ֆուտբոլիստ։ Որպես ավագ իր ժամանակն էլ կգա։
Չեմ զղջում որոշմանս համար, ես գիտեմ ուր եմ եկել, ունեմ իմ ճանապարհն ու գնալու եմ մինչեւ վերջ, մինչեւ չտեսնեմ իմ ուզած թիմը։ Վաղ թե ուշ ես կուրախացնեմ մեր ժողովրդին։
Խաղը վեր կլուծեմ, կտեսնենք, թե ինչպիսի վիճակում են տղաները եւ կպատրաստվենք Իռլանդիայի դեմ խաղին»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: