Սեպտեմբեր 07, 2025
166 դիտում

Չխախտելով ավանդույթը. Մելիքյանը եւս հավաքականում մեկնարկեց պարտությամբ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում մեկնարկեց նոր գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ու ավագ Տիգրան Բարսեղյանի հետ։

Հենց մեկնարկում հայերին բաժին էր ընկել F խմբի ամենաուժեղ ընտրանին՝ Պորտուգալիան։

 

Մինչ խաղը սկսելը երկու երկրների ֆուտբոլիստներն ու երկրպագուները մեկ րոպե լռությամբ հարգեցին ամռանն ավտովթարից մահացած Դիոգու Ժոտայի հիշատակը։ 

Հայաստանի հավաքականը մրցակցի ճնշումներին դիմացավ ընդամենը 10 րոպե, երբ հերթական գրոհներից մեկի ժամանակ Հենրի Ավագյանի դարպասը գրավեց Ժոաո Ֆելիքսը։ Բաց թողած գոլից րոպեներ անց Հայաստանի հավաքականը տուգանային վաստակեց, բայց Էդուարդ Սպերցյանի հարվածից հետո գնդակը դիպավ պորտուգալական պատին։ 

 

21-րդ րոպեին Հայաստանի հավաքականը ստիպված էր հերթական անգամ գնդակը դուրս բերել դարպասից, այս անգամ աչքի ընկավ Քրիշտիանու Ռոնալդուն, որը Երեւանում ունեցած նախավերջին խաղում հեթ-տրիկ էր գրանցել։ 

3-րդ գոլն էլ չուշացավ, Պորտուգալիան ամեն 10 րոպեն մեկ գրավում էր Ավագյանի դարպասը, եւ հերթականն իր հաշվին գրանցեց Ժոաու Կոնսելուն։ 

 

Երկրորդ խաղակեսը նոր էր սկսվել, երբ Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ, րոպեներ անց էլ Հայաստանին փրկեց դարպասաձողը։ Պորտուգալիան իրեն շատ վստահ ու հանգիստ էր զգում, տպավորություն էր, որ այնքան գոլ կխփի, որքան կցանկանա։ Եվ հյուրերի 5-րդ գոլն էլ չուշացավ՝ 2-րդ դուբլը ձեւակերպեց Ֆելքսը՝ 5:0:

 

Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարում մեկնարկեց պարտությամբ եւ հաջորդ հանդիպումը կանցկացնի 3 օրից Իռլանդիայի դեմ։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին