Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը Ջենարո Գատուզոն է:
«Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշն է, հավաքականի մարզաշապիկը նրա համար կարծես երկրորդ մաշկ լինի: Նրա մոտիվացիան, պրոֆեսիոնալիզմն ու փորձը մեծ նշանակություն կունենան հավաքականի առջեւ դրված խնդիրները լուծելու համար»,- հայտնել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան:
Պայմանագրի հստակ ժամկետներ չեն նշվում, իտալական ԶԼՄ-ը գրում են, որ այն նախատեսված է լինելու 1 տարով:
Այդ պաշտոնում Գատուզոն փոխարինել է Լուչանո Սպալետիին, որը հավաքականը գլխավորում էր 2023 թվականից: Նրա հետ Իտալիայի ընտրանին անհաջող է մասնակցել ԵՎՐՈ-2024-ին ու ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում մեկնարկել Նորվեգիայից 0:3 հաշվով կրած պարտությամբ:
47-ամյա Գատուզոն նախկինում գլխավորել է իտալական «Պալերմո»-ն, «Պիզա»-ն, «Միլան»-ը, «Նապոլի»-ն, շվեյցարական «Սիոն»-ը, հունական ՕՖԻ-ն, իսպանական «Վալենսիա»-ն, ֆրանսիական «Մարսել»-ն ու խորվաթական «Հայդուկ»-ը, որը նրան պաշտոնանկ է արել հունիսի 5-ին: 2019-2020 մրցաշրջանում «Նապոլի»-ի հետ նվաճել է Իտալիայի Գավաթն ու դա նրա մարզչական միակ ձեռքբերումն է:
Որպես խաղացող Գատուզոն Իտալիայի կրկնակի չեմպիոն է, նվաճել է Գավաթն ու 2 Սուպերգավաթ, հաղթել ՉԼ-ում, երկու անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, ակումբային ԱԱ-ում: Իտալիայի հավաքականում անցկացրած 73 խաղում 1 գոլ է խփել, իսկ 2006-ին Աշխարհի չեմպիոն հռչակվել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: