Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանն այս մրցաշրջանում «Նոա»-ի հետ Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր է դարձել:
Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ այդ երկու տիտղոսներն իրենց բավական բարդ պայքարում են բաժին հասել, դրա համար էլ մեծ ուրախություն են զգում կատարած աշխատանքի եւ արդյունքի համար:
«Մրցաշրջանը երկար ու դժվար էր, բայց մինչեւ վերջ պայքարել ենք ու հասել մեր նպատակներին: Հաջորդ քայլն արդեն Չեմպիոնների Լիգայում հանդես գալն է, ամեն ինչ կանենք հնարավորինս լավ մասնակցելու համար, բայց եթե չստացվի ելույթները կշարունակենք Եվրոպայի կամ էլ Կոնֆերենցիաների լիգաներում»,- ասել է նա:
23-ամյա ֆուտբոլիստը հիմա հավաքականի հետ պատրաստվում է Կոսովոյի եւ Մոնտենեգրոյի հետ հունիսի 6-ին եւ 9-ին կայանալիք ընկերական հանդիպումներին: Նրա խոսքով՝ Վրաստանից 0:6 հաշվով կրած պարտությունը շատ ծանր են տարել, բայց հիմա առաջիկա հանդիպումների վրա կենտրոնանալու ու լավ խաղ ցուցադրելու ժամանակն է:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Շերիֆ»-ի կազմում Մոլդովայի գավաթակիր դարձած Արթուր Սերոբյանը ցավում է, որ չեմպիոնությունը ձեռքից բաց թողեցին, բայց կարեւորը կարողացան Եվրոպայի Լիգայի ուղեգիր նվաճել:
«Մոլդովայի առաջնության խաղամակարդակն ինչ-որ առումով նման է Հայաստանին, այնտեղ էլ որոշակի հանդիպումներ բարդ են ստացվում եւ կան թիմեր, որոնք բարձր խաղամակարդակ ունեն եւ սպասվածից լավ են հանդես գալիս»,- ասել է նա:
Սերոբյանը գտնում է, որ հավաքականի ճամբար եկած բոլոր ֆուտբոլիստներն էլ պատրաստ են ու տրամադրված սպասվող դիմակայություններից առաջ. «Հավաքականում ընկերական ու պաշտոնական հանդիպումներ չեն լինում, փորձելու ենք դրական արդյունքի հասնել: Առանց մի քանի առաջատարների ենք լինելու, նրանք կարեւոր են մեզ համար ու մեծ դեր ունեն հավաքականում, բայց մյուս տղաները՝ ես էլ այդ թվում առավելագույնը կանենք»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: