Մայիսի 31-ին «Ինտեր»-ը Սիմոնե Ինձագիի գլխավորությամբ երկրորդ անգամ է փորձելու նվաճել Չեմպիոնների Լիգայի Գավաթը: Այս անգամ նրա թիմը մրցելու է ՊՍԺ-ի հետ:
Երեկ «Ինտեր»-ը ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար բաց մարզում է ունեցել, որի շրջանակներում Սիմոնե Ինձագին պատասխանել է լրագրողների հարցերին:
«Նախորդ եզրափակչից 2 տարի է անցել ու ես շատ հուզված եմ: Մենք հիանալի ճանապարհ ենք անցել, բայց գիտենք, որ դեռ մեկ քայլ էլ պետք է անենք երազանքն իրականացնելու եւ պատմության մեջ մնալու համար:
Այսօրվանից սկսած լավագույնս ենք պատրաստվում եզրափակչին: Նոր ավարտված առաջնությունը մեզ տխուր հիշողություններ է թողել եւ չեմ թաքցնի, որ դրանց պատճառով մի քիչ տառապում ենք: Շնորհավորում ենք «Նապոլի»-ին, որն արդարացիորեն հաղթեց մրցաշարում, ինքներս չեմպիոնությունը մեր ձեռքից բաց թողեցինք:
Հպարտ եմ, որ նման տղաների եմ մարզում: Մեզ բարդ մրցակից է բաժին ընկել եզրափակչում: Գիտենք, որ դժվար պահեր ենք ունենալու, բայց պետք է դիմանանք: ՊՍԺ-ն էլ մեզ պես այն թիմերից է, որին բախտ է վիճակվել վերջին տարիներին հասնել ՉԼ-ի եզրափակիչ: ՊՍԺ-ն ուժեղ խաղացողներով ու հիանալի մարզչով շատ լավ թիմ է: Հասկանում ենք, որ հաղթանակի հասնելու համար պետք է տեսնենք մեծագույն «Ինտեր»-ին:
Մայիսի 31-ի երեկոն նման չի լինելու նախորդներին: Չեմպիոնների Լիգայի եզրափակչում բոլոր մարզիչներն ու թիմերն են երազում հանդես գալ: Որպես խաղացող ես հասել եմ մինչեւ 1/4 եզրափակիչ, բայց ֆուտբոլիստներիս շնորհիվ հնարավորություն ունեմ որպես մարզիչ երկրորդ անգամ լինել եզրափակչում, այս անգամ ամեն ինչ կանենք հաղթելու համար:
Այս տղաներն անհավանական են եղել վերջին 4 տարվա ընթացքում, ամենաշատը հավանում եմ, թե որքան նվիրված են ֆուտբոլին: Սիրում եմ, թե ինչպես են միասին դուրս գալիս խաղադաշտ, ուրախանում հաղթանակներով ու արտասվում պարտություններից, ինչպես դա տեղի ունեցավ ուրբաթ, երբ չեմպիոն չդարձանք: Դժվար առաջնություն ունեցանք, բայց առաջ ենք շարժվում բարձր պահած գլխով:
Այսօր նորից տեսա տղաներին, նրանք էլի ոգեշնչված են, նույնն ակնկալելու եմ նաեւ մայիսի 31-ին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: