Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկարատեւ դադարից հետո այսօր վերջապես հանդիպել է լրագրողների հետ ու պատասխանել նրանց հարցերին:
ՀՖՖ-ի նախագահի պաշտոնի մասին երազողները
«Կան մարդիկ, որոնց համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում հայտնվելը երազանք է եւ դրա համար չեն խորշում ամենատարբեր միջոցներից։ Մեծ ռեսուսրներ են օգտագործում եւ խառնակիչ նյութեր պատվիրում՝ առաջացնելով թյուրըմբռնում:

Լուսանկարը` FFA
ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված մեդիաարշավ կա եւ հիմնական մեղադրանքները չեն արտացոլում իրականությունը, դա հաստատեց նաեւ ՈւԵՖԱ-ի գործկոմում իմ ընտրվելը։
Բնականաբար, մեր աշխատանքն իդեալական չէ, կառուցողական եւ բավարար չափով քննադատություն կա։ Ակումբների գերակշիռ մասը ցանկության դեպքում արտահայտում է դժգոհությունը, նրանց հրավիրում ենք ՀՖՖ-ի գրասենյակ եւ համատեղ ջանքերով հանգում հարցերի լուծմանը։ Մեր պատկերացմամբ դա է ի շահ հայկական ֆուտբոլի իրականացվող համատեղ աշխատանքը։
Հրաժարական չի լինելու
Հրաժարական չեմ տալու եւ արդեն հայտնել եմ դրա մասին։ Շատ կարեւոր է, թե ինչ են ասում նրանք, ովքեր ընտրել են ինձ։ Բացի երկու ակումբից, մյուսների հետ անընդհատ քննարկումներ ենք ունենում, նրանք հասկանում են բոլոր խնդիրները։ Աշխատում ենք դրանց վերացման ուղղությամբ։ Իհարկե, կարելի է տեսնել միայն վատը։
Վարչապետն ու ինքը
Վրաստանից կրած պարտությունից հետո վարչապետն ինձ ոչինչ չի ասել, խաղից հետո շատ կարճ ենք շփում ունեցել։ Բնականաբար, նա չէր կարող գոհ լինել այդ խաղից։ Հանդիպմանը ներկա ԿԳՄՍ նախարարն էլ ֆուտբոլից շատ լավ է հասկանում, մեկ տարի եղել է գործկոմի անդամ։
Ես հայկական ֆուտբոլի մեծ երկրպագու եմ եւ, ի տարբերություն շատերի, ներկա եմ եղել հավաքականի տնային բոլոր խաղերին: Ամեն պարտություն քառակի անգամ ավելի ցավով եմ ընդունել՝ անկախ նրանից աշխատել եմ ֆեդերացիայում, թե ոչ։
Պարտությունից հետո ցեխ չեմ շպրտել ֆեդերացիայի նախագահի վրա, այլ փորձել եմ հասկանալ պատճառները։
Ո՞վ է ասում, որ ես թրքասեր եմ, առհասարակ չգիտեմ էլ, թե ինչ է նշանակում թրքասեր: Ես միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, շատ սիրում եմ երկիրն ու հայաստանցիներին:

Լուսանկարը` FFA
Ցավոք, դուք դա չեք նկատում, բայց ՖԻՖԱ-ում եւ ՈւԵՖԱ-ում գիտեն եւ ընդգծում են, թե ամեն կերպ ինչպես եմ պահում հայկական ֆուտբոլի շահերը: Միայն այն, որ Հայաստանը ստացել է ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կամ հավակնում է անցկացնել երիտասարդական ԱԱ-ն՝ ՖԻՖԱ-ի թոփ 3 մրցաշարերից մեկը, նշանակում է, որ Հայաստանի շահերը լավ եմ պատշպանում։ Դա նաեւ տնտեսական, ու քաղաքական հարց է, եթե առաջնության անցկացման իրավունքը ստանանք, կարեւոր մեկնակետ կլինի շատ բաների համար։ Այնպես որ՝ աշխատանքս հստակ ու լավ եմ անում, իսկ թրքասեր ու ամերիկասեր կամ նման բաներ չգիտեմ, ես Հայաստանի համար եմ աշխատում։
Ապաքաղաքական ՀՖՖ-ն
Ոչ մեկս քաղաքական թիմ չենք ներկայացնում, ես էլ անկուսակցական եմ։ Մինչեւ 2050 թվականը (Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մինչ այդ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դառնալու է Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության մրցանակակիր, խմբ․) դեռ շատ ժամանակ կա։ Ես թշնամի չեմ եւ ուզում եմ ավելի շուտ խոշոր մրցաշարի մրցանակակիր դառնանք:
Հավաքականը
Երկու շաբաթ առաջ Հայաստանի ֆուտզալի հավաքականը բացառիկ հաջողության հասավ։ Պատմության մեջ դեռ չի եղել դեպք, որ Հայաստանը խաղային մարզաձեւերի մակարդակով ներկայացված լինի եզրափակիչ փուլերում: 2026-ին ԵՎՐՈ-ի եզրափակիչ փուլում հանդես կգա մեր թիմը, ինչը բացառիկ ցուցանիշ է։
Հասկանում ենք, որ շատ ծանր ու խոշոր հաշվով երկու պարտություն կրեցինք Վրաստանի ֆուտբոլի հավաքականից, բայց նաեւ պետք է հաշվի առնենք, որ նախորդ տարիներին նմանատիպ պարտություններ չենք ունեցել։ Ես ամեն օր եմ մտածում Վրաստանի հետ հանդիպման արդյունքի մասին եւ հիշեցնելու կարիք չկա։
Ֆեդերացիան, ֆուտբոլիստներն ու մարզիչները շատ ծանր տարան պարտությունները, շատ ավելի, քան նրանք, ովքեր գրում են այդ մասին։ Շատերն են ցանկանում, որ պարտություններ լինեն։

Լուսանկարը` FFA
Արդյունքներից հետեւություններ ենք անում, որ խուսափենք դրանցից եւ օպտիմալ պատճառները հասկանանք։ Նման ցուցանիշների համար բոլորն են պատասխանատու՝ ֆեդերացիան, խաղացողներն ու մարզիչները։ Հանդերձարանում էլ խոսել ենք ու պատճառները վերլուծել, հետո նաեւ մարզիչների հետ հանդիպում ունեցել: Նորանշանակ մարզչին ժամանակ է պետք, նա արդեն ներկայացրել է իր ծրագիրն ու հետագա անելիքները։ Նա ցանկացել է, որ իր տրամադրության տակ ոչ թե 23, այլ ավելի շատ խաղացողներ լինեն, որպեսզի ըստ անհրաժեշտության նրանց կարողանա օգտագործել:
Ապագայի անելիքները նախանշել է նաեւ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։ Մի քանի երիտասարդ խաղացողներ կան, որոնք առաջիկայում կհամալրեն հավաքականը։ Գիտենք, որ երիտասարդական ընտրանին դեռ դժվար փուլում է գտնվում, բայց պատկերացնում ենք, թե մի քանի տարի հետո ինչի կկարողանանք հասնել:
Կոռուպցիոն մեղադրանքները
Ֆեդերացիայի դեմ հնչող մեղադրանքները մանիպուլյատիվ են, իսկ այդ մասին հայտարարողները երբեք փաստեր չեն ներկայացնում։ Ֆեդերացիայի բյուջեն չի փոխվել, բայց նախորդ տարի մենք 1 մլրդ դրամից ավելի հարկ ենք վճարել, որը նախորդ տարիների համեմատ մի քանի անգամ մեծ է։
Այլ ուղղությունները
Ֆեդերացիայի աշխատանքի արդյունքները միայն հավաքականին չեն վերաբերվում, պատասխանատու ենք բոլոր ոլորտների համար, որոնք, գուցե, լայն հանրությանը չեն հետաքրքրում։ Մասնավորապես խոսքս սահմանափակ կարողություններով մարդկանց ֆուտբոլի ու փախստականների հավաքականի մասին է, որը միջազգային մրցումների է մասնակցում։

Լուսանկարը` FFA
Այս տարվա ամենակարեւոր նպատակը երիտասարդական ԱԱ-ի համատեղ հայտն է Վրաստանի հետ, որը կարող է մեզ օգնել ֆուտբոլային քարտեզի վրա լավ դիրքում հայտնվել։ Բազմաթիվ մարդիկ են ցանկանում, որ այդ հայտը ձախողի, բայց այն երկրի ու հայկական ֆուտբոլի համար մեծագույն նվաճում կլինի եւ նոր միջոցներ կներգրավենք ենթակառուցվածքների զարգացման վրա։
Որոշումը ՖԻՖԱ-ն այս տարի է կայացնելու, հույս ունենք, որ ԱԱ-ն կստանանք, ինչից հետո կներկայացնենք մեր ծրագրերն ու անելիքները:
Ռազմավարությունը

Լուսանկարը` Photolure
Մեր առաջին ռազմավարությունը 2019 թվականին ենք գրել, հիմա բոլոր շահառուներին հրավիրել ենք մասնակցելու նորի ստեղծման գործընթացին: Աստիճանաբար ավարտին ենք մոտենում եւ այն նախորդից ավելի լավը կլինի: ՈւԵՖԱ-ն իր մասնակցությունն ունի այդ ամենում:
Երկխոսության բացակայությունը
Ընդունում եմ, որ կոմունիկացիոն խնդիրներ կան, այդ թվում՝ լրագրողների հետ, դրա համար էլ խոստանում եմ ավելի հաճախակի մամուլի ասուլիսներ ունենալ:
Նախկինում էլ ենք հայտարարել, որ պատրաստ ենք հանդիպել բոլորի, այդ թվում երկրպագուների հետ, եթե նման ցանկություն հայտնեն»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: