Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանի ֆեյսբուքյան գրառմանը:
«Երեկ Ջանջոյանն անդրադարձել է իմ՝ ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամ դառնալուն խանգարելու իրենց մտադրությունների մասին:
Համարում եմ, որ Ջանջոյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն։ Քանզի մի բան է, երբ երկրպագուների մի խումբ պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը, մեկ այլ բան է, երբ հայտ է ներկայացվում խոչընդոտել եվրոպական կառույցի ղեկավար մարմնում ներկայացուցիչ ունենալու եւ Հայաստանը միջազգային հարթակներում պատվով ներկայացնելու փորձին:
Սա առնվազն հակահայաստանյան քայլ է, որը վնաս է հասցնելու պետության հեղինակությանը եւ ակնհայտորեն ուղղված է հայկական ֆուտբոլի դեմ: Փաստորեն, նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը։
Դրանից բացի, Ջանջոյանը, խեղաթյուրելով իրականությունը, նաեւ հնչեցնում է անձնական բնույթի վիրավորանքներ եւ կեղծ ու անհիմն մեղադրանքներ, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով:
Թույլ չենք տալու հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց խոչընդոտել մի գործընթացի, որից միայն շահելու է հայկական ֆուտբոլը եւ անելու ենք ամեն հնարավորը ֆուտբոլը նման մարդկանցից ազատելու համար:
ՈւԵՖԱ-ի գործկոմի կազմում իմ առաջադրումն ինքնանպատակ չէ, այլ վերջին տարիներին ՈւԵՖԱ-ում իմ ու ՀՖՖ ներկայացուցիչների գործունեության տրամաբանական շարունակությունն է։ Նախընտրական արշավի ընթացքում ես ՈւԵՖԱ-ի անդամ ֆեդերացիաներին ներկայացրել եմ եվրոպական ֆուտբոլի զարգացման իմ տեսլականը, այն է՝ պահպանել ու զարգացնել եվրոպական սպորտի մոդելը ֆուտբոլում եւ դա կարեւոր եմ համարում հատկապես միջին ու փոքր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար»։

Լուսանկարը` ՖԱՖ
FAF-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ
ապրիլի 3-ին Բելգրադում տեղի ունենալիք ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրություններում կարող են խանգարել Արմեն Մելիքբեկյանին։
«Այս պահին կա 11 թեկնածու` 7 տեղի համար։ Դրանց մեջ է մեր ֆեդերացիայի տխրահռչակ նախագահը։ ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամի աշխատավարձը տարեկան շուրջ 197 000 եվրո է, 200 եվրո օրապահիկով։
Հայաստանում իր անելիքները «դորդուբեշ» չարած, մի հատ էլ եվրոպական ֆուտբոլն է խելքի բերելու, մեզ համար էլ մի բան քերի։ Մենք լոյալ ենք եղել այս հարցի շուրջ եւ չենք շահարկել հրաժարականի պահանջի համատեքստում։
Հիմա, երբ բոլոր սահմաններն անցած են, եթե այս մարդն առաջիկայում հստակ չտեղեկացնի իր հրաժարականի ժամկետների մասին, մենք հնարավոր է գնանք ծայրահեղ քայլի` նախաձեռնենք պրոցես, նրա ՈւԵՖԱ-ի գործկոմում հայտնվելու ընթացքը վիժեցնելու ուղղությամբ։
1. Ուղարկել բոլոր ընտրող ասոցիացիաներին մանրամասն նկարագրություն ՀՖՖ-ում իր գործունեության, բոլոր ձախողված ծրագրերի մասին, իր ղեկավարած ՀՖՖ-ի ներկա վիճակի, ֆինանսական անբարեխիղճ վատնումների` կոլապսի, գործկոմի անատամության մասին։
2. Եվրոպայում բնակվող մեր շարժման անդամները հավաքներ կնախաձեռնեն տվյալ երկրի ասոցիացիաների մոտ եւ հնարավոր հանդիպմանը տվյալ երկրի ֆեդերացիայի ներկայացուցչի հետ կփոխանցեն ստախոս, ձախողված գործչի մասին ամբողջական ինֆորմացիա։
3. Ապրիլի 3-ին քվեարկությանն ընդառաջ եւ դրա ժամանակ Բելգրադում տեղի կունենա հակամելիքբեկյան ակցիա` շարժման արտերկրի անդամների կողմից։
ՀՖՖ-ն թողնելու պարագայում միանշանակ կողմ ենք Մելիքբեկյանի ՈւԵՖԱ-ի գործկոմում հայտնվելուն ու Մելիքբեկյանի ինչ-որ կամուրջով կապը հաջորդ ՀՖՖ նախագահի հետ, բայց պադոշից դիմակն օր առաջ հանել ա պետք»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: