Մարտի 20-ին ու 23-ին Վրաստանի հավաքականի հետ Ազգերի Լիգայի անցումային հանդիպումներից առաջ սպասվող պայքարի մասին իր կարծիքն է հայտնել դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը:
Նա ՀՖՖ-ին տված հարցազրույցում նշել է, որ վնասվածքից արդեն ապաքինվել է ու ֆիզիկապես մոտ 90-95 %-ով պատրաստ է հանդիպումներին:
«Բոլորը գիտեն, որ ես միշտ դրական եմ տրամադրված: Թեեւ դարպասապահի համար այնքան էլ հաճելի վնասվածք չէի ստացել, բայց ամեն ինչ արդեն անցյալում է: Ապագային եմ նայում ու դեռ նվաճելու շատ բաներ ունեմ:
Շատ ուրախ եմ, որ երկար ընդմիջումից հետո կրկին հավաքվել ենք ու նոր գլխավոր մարզիչ ունենք: Հավանաբար, ամեն ինչի վրա աշխատելու համար շատ ժամանակ չենք ունենա, բայց կփորձենք ամեն ժամն արդյունավետ օգտագործել, մարզչի հետ ավելի շատ շփվել ու հասկանալ նրա առաջադրանքները:
Արդեն կիսով չափ ինձ հայ եմ զգում, քանի որ երկար ժամանակ այստեղ եմ: Ամեն ինչ անում եմ այս խաղերին լավ պատրաստվելու համար, քանի որ հասկանում եմ դրանց կարեւորությունը բոլորի համար: Անհամբերությամբ եմ սպասում առաջիկա հանդիպումներին:
Շատ մեծ հարգանք ունեմ Վրաստանի հավաքականի նկատմամբ, այն անհատապես շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունի: Երեւանում ու Թբիլիսում անցկացրած 90 րոպեները կորոշեն ամեն ինչ:
Մենք էլ մեր կողմից կփորձենք ապացուցել, որ հայկական ֆուտբոլի մակարդակը բավականաչափ բարձր է»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: