Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը ծավալուն զրույց է ունեցել 168.am-ի հետ, որում մասնավորապես անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին: Առանձնացրել ենք մի քանի ուշագրավ հատված.
«Հայաստանի հավաքականից հեռանալու պատճառները մի քանիսն են, եւ դրանցից առաջինն այն է, որ Մխիթարյանի մորը զրկեցին ֆեդերացիայում աշխատելու հնարավորությունից:
Դրանից առաջ Մխիթարյանից վերցրին դիվանագիտական անձնագիրը: Ընդ որում՝ այդ անձնագիրը Հենրիխի համար մի մեծ բան չէր: Ուղղակի քանի որ նա Շենգեն գոտու երկրներում հաճախ էր ճամփորդում աշխատանքի բերումով, դիվանագիտական անձնագրի դեպքում անընդհատ վիզաների կարիք չէր լինում: Դա էր առավելությունը, ինչը սրանք գիտակցելով՝ վերցրին:
Ո՞ր դեսպանը կամ ո՞ր պատգամավորն է աշխարհում հային ու Հայաստանն այնքան լավ ներկայացրել ու ճանաչելի դարձրել, որքան դա արել է Հենրիխ Մխիթարյանը։ Նրանք ունեն դիվանագիտական անձնագիր, Մխիթարյանը՝ ոչ:
Դրան գումարած ֆեդերացիայում վեր ընկած այդ երկու ոչնչությունները՝ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը, «երկրպագուների» հետ միասին կազմակերպեցին ու նիկոլական ֆեյքերով իսկական արշավ իրականացրին Մխիթարյանի դեմ: Հիշեք՝ ինչեր էին գրում սոցցանցերում. «Երբ Հենրիխ Մխիթարյանը խաղում է, պարտվում ենք, երբ չի խաղում՝ հաղթում ենք» կամ «Ժամանակն է Մխիթարյանից վերցնել ավագի թեւկապը», ու նման բաներ… Ո՞վ չգիտի, որ դրա հեղինակը Մելիքբեկյանն ու Նիկողոսյանն էին: Մտածում էին՝ առանց Հենրիխ Մխիթարյանի կկարողանան ինչ-որ մեծ խնդիրներ լուծել:
Մարդկանց թվում է՝ ինչ-որ մեկը կարող է ուղղորդել Մխիթարյանին, ազդել նրա որոշումների վրա: Ազնվորեն եմ ասում՝ չարաչար սխալվում են: Հենրիխը կիրթ, խելացի, հասուն տղամարդ է, ով կարող է շատ ու շատ մարդկանց դասեր տալ: Ավելին, ինքը հիմա կարող է նաեւ ինձ խորհուրդներ տալ:
Իմ երազանքն է Հենրիխ Մխիթարյանին տեսնել ազգային հավաքականում, նա պիտի լինի մեր ֆուտբոլի առաջատարն ու տանի իր հետեւից: Ի՞նչ կարգավիճակով՝ ավագի թեւկապո՞վ, թե՞ ֆեդերացիայի նախագահի, էական չէ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: