Վերջերս իսպանացի Անտոն Ֆարբերը ձեռք բերեց երեւանյան «Փյունիկ» ակումբը: Նոր նախագահը matchtv.ru-ին տված հարցազրույցում մանրամասն խոսել է իր ծրագրերի, մարզչական թիմի մնալու, ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ ունեցած հանդիպման, իրենց նպատակների ու զարգացման ծրագրի մասին:
Ծավալուն զրույցից առանձնացրել ենք առավել ուշագրավ դրվագները:
«Փյունիկ»-ի ձեռքբերումը
«10 տարուց ավելի է աշխատում եմ պրոֆեսիոնալ ակումբների հետ: Ապրել ու մեծացել եմ Իսպանիայում, իսկ ինչպես ինքներդ էլ գիտեք, այդ երկրում ֆուտբոլին կրոնի պես են վերաբերվում: Ինքս է զբաղվել եմ ֆուտբոլով ու այլ մարզաձեւերով: Փոքր տարիքից երազել եմ ակումբ ունենալ ու այն ղեկավարել: Դրա համար էլ շատ ուրախ եմ, որ սկսեցի աշխատել այս ոլորտում:
Մենք Երեւանում գրասենյակ ունենք, ու «Փյունիկ»-ը մեր մշտական հաճախորդներից է: Դրա համար նախկին ղեկավարության հետ միշտ բաց ու վստահելի հարաբերություններ ենք ունեցել: Արտասահմանյան ակումբ էի փնտրում, որ գումար, ժամանակ ու ջանքեր ներդնեմ, որպեսզի այն մասնակցի եվրագավաթների:
Լուսանկարը` FC Pyunik
Մի քանի շուկա եւ ակումբ ուսումնասիրեցի ու եկա այն համոզման, որ Հայաստանում շատ հետաքրքիր էկոհամակարգ կա, դրա համար էլ համեմատաբար հեշտ է մասնակցել եվրագավաթներին: Այնպիսի երկիր է, որտեղ ֆուտբոլն իր զարգացման սահմանագծին դեռ չի հասել: Շատ հնարավորություններ կան, տաղանդավոր խաղացողներ ու մեծ պոտենցիալ:
Ամեն ինչ հետաքրքիր կերպով զուգադիպեց, ու ես իմացա, որ «Փյունիկ»-ի ղեկավարները ցանկանում են հեռանալ: Շատ արագ բոլոր հարցերը կարգավորեցինք ու համաձայնության եկանք:
Ակումբը չենք գնել, քանի որ այն ոչ կոմերցիոն կազմակերպություն է, ու մենք չենք կարող այն ձեռք բերել այն: Պարզապես փոխվեցին հիմնադիրները, մենք ամբողջովին ղեկավարում ենք ակումբի ենթակառուցվածքները:
Ֆինանսական կողմը
Այս առումով ամեն ինչ պարզ է, պատասխանատվություն ենք կրում ակումբի բոլոր ծախսերի համար: Պարտավոր ենք ամբողջությամբ ֆինանսավորել ու զարգացնել այն:
Լուսանկարը` FC Pyunik
Նախկին ղեկավարությունը հիմնավոր ցանկություն ուներ, որ ակումբը հուսալի ձեռքերում հայտնվի ու կայուն նախագիծ լինի: Նրանք շատ ջանքեր ու գումար էին ներդրել, այն իրավիճակում չենք, որ խոսենք նրանց ճիշտ ու սխալ քայլերի մասին, պարզապես գիտենք, որ շատ լուրջ աշխատանքներ են իրականացրել: Նպատակը մեկն էր, որ ակումբը շարունակի աճել, զարգանալ ու ավելի մեծ նվաճումների հասնել: Երբ բացատրեցի իմ ծրագիրը, շատ արագ ընդհանուր լեզու գտանք ու եկանք այս որոշմանը:
Լավագույն մարզչական թիմը
Ոչ միայն իմ կարծին է, որ ակումբն ունի Հայաստանում լավագույն մարզչական թիմը ու լավագույններից մեկը հետխորհրդային երկրներում: Վերջերս Եղիշե Մելիքյանը լավագույն մարզիչ է ճանաչվել, նրա հետ թիմը չեմպիոն է հռչակվել ու միանշանակ ցանկանում ենք, որ մարզչական շտաբը մնա ու շարունակենք միասին աշխատել: Զարգացնելու ենք ենթակառուցվածքն ու արդյունավետ աշխատանքի համար ավելի մեծ գործիքակազմ ենք տրամադրելու:
Մելիքյանի հետ վաղուց եմ ծանոթ, եւ դա հենց այն պատճառներից մեկն է եղել, որ որոշել ենք ներգրավվել «Փյունիկ»-ի աշխատանքներում: Շատ ենք հարգում մարզչին ու նրա հավակնությունները: Նա էլ է ուզում, որ ակումբը բարձր նպատակներ դնի իր առջեւ Հայաստանում ու միջազգային ասպարեզում:
Լուսանկարը` FC Pyunik
Կազմը
Ուզում ենք թիմում ամեն ինչ կայուն լինի: «Փյունիկ»-ը երկրի չեմպիոնն է ու ցանկանում ենք, որ թիմի հիմնական կազմը պահպանվի, առաջատարները մնան ու շարունակեն պայքարել չեմպիոնության համար:
Ֆուտբոլի ֆեդերացիան
Մեզ համար կարեւոր է, որ բոլորի հետ էլ առողջ հարաբերություններ ունենանք: Ֆեդերացիան այս համակարգում կարեւոր մասնակից է: Հանդիպել ենք ՀՖՖ-ի ղեկավարության հետ, այդ թվում՝ նախագահ Արմեն Մելիքբեկյանի: Շատ լավ շփում ենք ունեցել, նախկինում էլ իրար գիտեինք: Դրա համար ակնկալում ենք, որ աշխատանքային հարաբերություններ կունենանք ու կմտածենք միայն ֆուտբոլի մասին: Հետները ոչ մի տարաձայնություն չենք ուզում ունենալ:
Նպատակները
Ամենաբարձր նպատակներ ենք դրել մեր առաջ: «Փյունիկ»-ն ամեն մրցաշարում միայն չեմպիոնության համար պետք է պայքարի: Բացի այդ էլ ցանկանում ենք հանդես գալ եվրագավաթների խմբային փուլում: Ուզում ենք հիմնական կազմում ակումբի հնարավորինս շատ սաներ հանդես գան, հետագայում էլ համալրեն մեծ ակումբեր ու լիգաներ:
Նաեւ ուզում ենք, որ «Փյունիկ»-ի երկրպագուները հավատան թիմին, գան ստադիոն ու նրանց թիվը գնալով ավելանա: Ամեն ինչ կանենք, որ հպարտանան «Փյունիկ»-ով»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: