Հայաստանի հավաքականն Ազգերի Լիգայի խմբային փուլում սեփական հարկի տակ վերջին խաղում հյուրընկալեց Ֆարերյան կղզիների ընտրանուն։
Ալեքսանդր Պետրակովի հեռացումից հետո թիմի ղեկը ժամանակավոր ստանձնած Սուրեն Չախալյանի գլխավորությամբ Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում զիջեց նվազագույն հաշվով։
Հայերի կատարմամբ առաջին լուրջ գրոհը 8-րդ րոպեին էր, երբ Վահան Բիչախչյանի իրացրած անկյունայինից հետո վտանգավոր հարվածեց Նաիր Տիկնիզյանը, սակայն դարպասապահ Տեյտուր Գեստսոնը որսաց գնդակը։
Լուսանկարը` Photolure
Ֆարերյան կղզիների հավաքականն էլ փորձում էր հետ չմնալ իր ակտիվությամբ ու նոր էր մոտեցել Օգնյեն Չանչարեւիչի դարպասին, երբ տրիբունաներում սկսեցին պայթել ճայթուկներ, իսկ երկրպագուները ՀՖՖ-ի ղեկավարության ուղղված իրենց պահանջում վանկարկել «Հեռացիր, հեռացիր»։
Մրցավար Թասոս Սիդիրոպուլոսը որոշ ժամանակով դադարեցրեց հանդիպումը, ինչից հետո թիմերը մի քանի գրոհներով փոխանակվեցին, որոնցից հերթականի ժամանակ Գեորգի Հարությունյանը տուգանայինում խախտեց կանոններն, ու մրցավարը 11-մետրանոց նշանակեց։ Այն դիպուկ իրացրեց Վիլյորմուր Դավիդսոնն ու Ֆարերյան կղզիներին առաջ մղեց՝ 0:1:
Գոլից րոպեներ անց հեռվից հուժկու հարվածեց Վահան Բիչախչյանը, սակայն նորից նպատակին հասնել չստացվեց։
Երկրորդ խաղակեսում հայերը հենց մեկնարկից նետվեցին գրոհի, որպեսզի կարողանան հետ բերել կորցրածը, եւ ամենամոտը հաջողությանը մոտ էր Հովհաննես Համբարձումյանը, որը մոտ տարածությունից շեղ հարվածեց։ Ապա չափազանց նպաստավոր դիրքից վրիպեցին Լուկաս Սելարայանը եւ Հրանտ-Լեոն Ռանոսը։ Հյուրերը հաջող էին պաշտպանվում ու կարողանում ժամանակին չեզոքացնել հայերի գրոհները՝ նրանց մոտ չթողնելով սեփական դարպասին։
Լուսանկարը` Photolure
Ֆարերյան կղզիների ընտրանին պահեց հաղթական հաշիվը, իսկ Հայաաստանն իր 3-րդ պարտությունը կրեց ու այս պահին C Լիգայի 4-րդ խմբում 4 միավորով 3-րդն է, նույնքան միավոր ունի նաեւ Լատվիան, որն իր հանդիպումն առաջատար Հյուսիսային Մակեդոնիայի (10 միավոր) հետ ավելի ուշ է անցկացնելու։ Ֆարերյան կղզիները 6 միավորով խմբում 2-րդն է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: