Նոյեմբեր 05, 2024
107 դիտում

Հայաստանի լրագրողները 3-րդն են Կոտե Մախարաձեի անվան մրցաշարում



Հայաստանի լրագրողների հավաքականը վրացի անվանի հեռուստամեկնաբան Կոտե Մախարաձեի անվան միջազգային 5-րդ մրցաշարում գրավել է 3-րդ տեղը։ Բաթումիում կայացած մրցաշարին այս տարի մասնակցում էր 8 թիմ՝ Հայաստանի, Վրաստանի, Լիտվայի, Մոլդովայի, Ռումինիայի, Հունգարիայի, Գերմանիայի եւ Ադրբեջանի։

Հայաստանի թիմը փայլուն հանդես եկավ խմբում՝ նախ ոչ-ոքի խաղալով Ռումինիայի թիմի հետ, ապա՝ 2-0 հաղթելով տանտերերին՝ վրացիներին, եւ 1-0՝ Գերմանիայի ուժեղացած թիմին՝ գրավելով առաջին տեղը։

Կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականը պետք է մրցեր Ադրբեջանի թիմի հետ, սակայն մրցաշարի կանոնակարգն արգելում է նման հանդիպում, այդ իսկ պատճառով կիսաեզրափակչում մեր թիմը ստիպված էր մրցել մրցաշարի ֆավորիտի՝ Մոլդովայի հավաքականի դեմ։

Մոլդովացիք երկու արագ գնդակ անցկացրին մեր դարպասը, որոնց մեր թիմն այդպես էլ չկարողացավ պատասխանել՝ չնայած մի շարք հնարավորությունների։

Իսկ մրցաշարի հաղթող հերթական անգամ դարձավ Մոլդովայի թիմը, որը եզրափակչում 11-մետրանոց հարվածներով հաղթեց Վրաստանի հավաքականին։

Ավելացնենք նաեւ, որ թիմի ավագ Հովհաննես Մամբրեյանը Վրաստանի դարպասը խփած գեղեցիկ գոլի համար արժանացել է մրցաշարի լավագույն գոլի հեղինակի մրցանակին։

Հիշեցնենք, որ թիմի մասնակցության հովանավորներն են Ամիոբանկը եւ Yo Health հավելվածը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին