Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վաղը 20։00-ին Ազգերի լիգայում հյուրընկալելու է Հյուսիսային Մակեդոնիային, որին առաջին խաղում պարտվել է 0։2 հաշվով։
Թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն այսօր հանդիպել է լրագրողների հետ ու խոսել թիմի վիճակից։
«Վաղը հետաքրքիր խաղ է սպասվում։ Երկրպագուներին պարտք ենք, քանի որ Սկոպյեում կայացած առաջին խաղում արժանի չէինք պարտության։ Պետք է տղամարդավարի պայքարեն ու պարտության համար ռեւանշի հասնեն։
Էդուարդ Սպերցյանը պատրաստվում է խաղին, մեջքի հետ կապված խնդիրներ ունի եւ միայն վաղն առավոտ կկարողանանք որոշել նրա մասնակցությունը։ Ես եմ որոշել, որ նա Ֆարերյան կղզիների դեմ չխաղա, որովհետեւ ինձ համար կարեւոր է առողջությունը։
Ես տղաներին հորդորում եմ ագրեսիվ, համարձակ ֆուտբոլ խաղալ, որպեսզի մրցակիցները զգուշանան հայերից։ Ժամանակ է պետք, որ նրանք հավատան իրենց ուժերին։
Վատ եմ տանում, որ տղաներն ակումբներում խաղաժամանակ չեն ստանում։ Գեորգի Հարությունյանին ու Հրանտ-Լեոն Ռանոսին ասում եմ, որ նոր թիմեր փնտրելու ու տեղափոխվելու ժամանակն է։ Հայաստանի առաջնությունում, ցավոք, կենտրոնական հարձակվողի դիրքում հավաքականի մակարդակի խաղացող չկա, որպեսզի հրավիրեմ թիմ։
Ուկրաինայում ինձ ասում էին, որ չեմ կարողանալու Հայաստանում ինչ-որ բան փոխել, պարտվելու եմ ու փախչեմ այնտեղից։ Ես կայացրի Հայաստանի ընտրանին գլխավորելու որոշումը եւ ինձ այստեղ շատ են օգնում։ Եթե չհավատամ, այդ դեպքում ինչո՞ւ եմ նրանց մարզում։ Իհարկե, ես ուզում եմ կայունություն լինի մեր խաղում, իսկ այն լինում է աստիճանաբար»։
Ազգերի լիգայի C4 խումբը գլխավորում է Հյուսիսային Մակեդոնիան, որն ունի 7 միավոր, Հայաստանի ընտրանին 4 միավորով 2-րդն է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: