Սեպտեմբեր 19, 2024
421 դիտում

Հայաստանը 2 անպատասխան գնդակ ընդունեց 10 հոգով մնացած Հյուսիսային Մակեդոնիայից


Լուսանկարը` ՀՖՖ


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր Սկոպյեում Ազգերի լիգայի 2-րդ խաղում հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիային։

Ի տարբերություն մի քանի օր առաջ կայացած Լատվիայի դեմ խաղի, որտեղ հայերը բավական հաջող էին գործում, այս անգամ նրանց գործողությունները ոչ մի կերպ չէին ստացվում։

 

Հորդառատ անձրեւի տակ ընթացող խաղի առաջին կեսում թիմերը փորձում էին ուսումնասիրել միմյանց ու փոխնիփոխ թեթեւ հաջողություններ գրանցել։ Չնայած դրան, արդյունավետ գործողությամբ նրանք այդպես էլ աչքի չընկան։ 45-րդ րոպեին Գյոկո Զայկովը երկրորդ դեղին քարտն ստացավ ու լքեց խաղադաշտը՝ հյուսիսմակեդոնացիներին թողնելով 10 հոգով։

 

Ընդմիջումից հետո հայ ֆուտբոլիստները փորձեցին օգտվել թվային գերակայությունից ու սեղմել մրցակցին սեփական դարպասի մատույցներում։ Նրանք անընդհատ գրոհներ էին կազմակերպում, սակայն չէին կարողանում վտանգավոր լինել ու սպառնալ տանտերերին։ Մրցակիցը ոչ միայն կարողացավ դիմադրել, այլ նաեւ առաջ անցնել հաշվի մեջ։ 70-րդ րոպեին Էնիս Բարդին վստահ իրացրեց տուգանային հարվածն ու ոչ մի շանս չտվեց Օգնյեն Չանչարեւիչին՝ առաջ մղելով իր թիմին։

 

Ընդամենը 9 րոպե անց Հյուսիսային Մակեդոնիան կրկնապատկեց հաշիվը։ Բոյան Միովսկին առանց դիմադրության մտավ տուգանային հրապարակ, Վարազդատ Հարոյանի եւ Գեորգի Հարությունյանի արանքով գնդակն ուղարկեց դեպի դարպասը, իսկ Չանչարեւիչն այն հետ մղել չկարողացավ։

 

Դիմակայության մնացած հատվածում էական ոչինչ տեղի չունեցավ ու հաշիվն էլ չփոխվեց։ Հայաստանի ընտրանին զիջեց 2։0 հաշվով ու խմբում առայժմ ունի միայն 3 միավոր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին