Մայիս 12, 2025
1176 դիտում

«Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարում հաղթել է Մոլդովայի թիմը



2023թ․ հոկտեմբերի 21-ին Կապանի քաղաքային մարզադաշտում կայացել է «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը, որին մասնակցել են թիմեր Գերմանիայից, Լիտվայից, Ռումինիայից, Եգիպտոսից, Մոլդովայից, Վրաստանից, Երեւանից եւ Կապանից։

Նրանք մրցել են շրջանաձեւ մրցակարգով՝ բոլորը բոլորի դեմ։ 19 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Մոլդովայի թիմը։ Արծաթե մեդալներին արժանացել են Ռումինիայի խաղացողները /16 միավոր/, իսկ երրրորդ տեղը նվաճել է Կապանի թիմը /14 միավոր/։ Հաղթող թիմերը Կապանի քաղաքապետարանի կողմից պարգեւատրվել են գավաթներով եւ մեդալներով, անհատական մրցանակներ են ստացել նաեւ լավագույն խաղացողը, դարպասապահը եւ հարձակվողը։ Իսկ միջոցառման գլխավոր հովանավոր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մրցաշարի բոլոր մասնակիցներին հուշանվերներ է հանձնել։


Կապանի քաղաքային մարզադաշտում կայացած այդ ֆուտբոլային տոնին ներկա էին հարյուրավոր ֆուտբոլասերներ, հատկապես՝ երեխաներ։ Ընդմիջմանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նրանց միջեւ խաղարկություն է անցկացրել, որի հաղթողներն արժեքավոր նվերներ են ստացել։

«Մենք վստահ ենք, որ մեր համայնքներում աջակցելով սպորտին և առողջ ապրելակերպի մշակույթի տարածմանը՝ նպաստում ենք իրական կայուն սոցիալական զարգացմանը։ Եվ, քանի որ ֆուտբոլն ամենասիրված սպորտաձևն է, հատկապես «Սյունիք» ֆուտբոլային ակումբը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Իսկ ամենակարևորն այն է, որ այս մրցաշարի շնորհիվ հնարավորություն ունեցանք Սյունիքը ներկայացնել տարբեր երկրների մոտ 80 լրագրողներին, որոնք հեռանում են՝ իրենց հետ տանելով ահռելի մեծ քանակի ինֆորմացիա Հայաստանի մասին»,- ասել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

Միջոցառման շրջանակում հայաստանցի եւ օտարերկրյա լրագրողներն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ծանոթացել դրա գործունեությանը, եղել են նաեւ Տաթեւի վանքում եւ Վահանավանքում, ճամփորդել «ՏաԹեւեր» ճոպանուղով, շրջել Կապանում եւ Քաջարանում։


Միջոցառման կազմակերպիչ, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն այս կապակցությամբ ասել է․ «Հյուրերը տպավորված են Սյունյաց աշխարհով, Կապանով, Քաջարանով, Տաթեւով, Վահանավանքով, բայց հատկապես՝ մարդկանցով եւ նրանց հյուրասիրությամբ։ Մենք ուրախ ենք, որ միջոցառումն իսկական տոն դարձավ թե մասնակիցների, թե կապանցիների համար։ Մրցանակաբաշխության արարողության ընթացքում օտարերկրյա լրագրողներն իրենց սերը խոստովանեցին Սյունյաց աշխարհի ու սյունեցինիների հասցեին եւ խոստացան հաջորդ մրցաշարին ավելի մեծ կազմով մասնակցել։ Այնպես որ, կարծում եմ, միջոցառման անցկացումն արժանի է բարձր գնահատականի»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին