Մայիս 12, 2025
exclusive
201 դիտում

Չեմպիոնություն, չկայացած խաղ եւ լուծարման վտանգ․ 30-րդ տուրի ծայրահեղ բեւեռները


Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` FC Ararat-Armania

Լուսանկարը` FC Van

Լուսանկարը` FC Urartu

Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` FC Shirak

Լուսանկարը` FC Van


Հայաստանի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրում տեղի ունեցավ մրցաշարի հանգուցալուծումը՝ «Նոա»-ն դարձավ չեմպիոն։ Թեեւ չեմպիոնության պայքարն արդեն ավարտված է, բայց եվրագավաթային ուղեգրերի համար պայքարը թեժ է եւ ինտրիգային։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ դեպի Եվրոպա ձգտող թիմերն առաջնության վերջին տուրերում հանդիպելու են հենց միմյանց։

«Նոա»-«Փյունիկ»՝ 2:1

Առաջնության առաջատարը հրաշալի հնարավորություն էր ստացել հաղթող հռչակվելու տնային խաղում՝ մրցելով գործող չեմպիոնի հետ։ Ավելի լավ դրամա ուղղակի չէր էլ կարող լինել։ «Նոա»-ին բավարար էր անգամ ոչ-ոքին, բայց Ռուի Մոտայի թիմը միշտ փորձում է հասնել մաքսիմալ հնարավոր արդյունքին։ «Փյունիկ»-ն, ընդհակառակը, առաջնության գարնանային հատվածում ունի շատ լուրջ խաղային անկում եւ պայքարում է միայն եվրագավաթային ուղեգրեր պարգեւող գոտում մնալու համար։ Բոլորի համար պարզ էր սակայն, որ Եղիշե Մելիքյանի թիմն առանց մարտի չի հանձնվի։

Լուսանկարը` FC Noah


«Նոա»-ն այս խաղին մոտեցել էր առանց ընդգծված կենտրոնական հարձակվողի: Մոտան նախընտրել էր 5 պաշտպանով խաղային սխեման՝ անակնկալի բերելով բոլորին։ Մեկնարկային րոպեներին ավելի ակտիվ էր «Փյունիկ»-ը՝ բարձր պրեսինգ էր կիրառում, փորձում երկար փոխանցումներով հարվածային դիրք դուրս բերել Մատաս Վարեյկային։

Առաջատարը կարճ ժամանակ անց կարողացավ խաղի նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։ Մելիքյանի ղեկավարած թիմին չէին բավարարում ուժերն ու որակները մրցակցին սեփական կիսադաշտին սեղմելու ու հաշիվը հավասարեցնելու համար։ Այս ամենի համագումարում իրականություն դարձավ «Նոա»-ի կանխատեսելի չեմպիոնությունը՝ եւս մեկ անգամ փաստելով, որ ներդրված ահռելի միջոցներն ու ջանքերը կարող են տալ ցանկալի արդյունք անգամ կարճ ժամանակահատվածում։

«Վեստ Արմենիա»-«Արարատ-Արմենիա»՝ չկայացած

Այս մրցաշրջանում խնդիրներն ու սկանդալներն ուղղակի հետապնդում են «Վեստ Արմենիա»-ին։ Նախ ակումբի նախկին սեփականատերերին անընդհատ մեղադրում էին  պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ, ինչն այդպես էլ չհաստատվեց: Ապա եղավ ակումբի սեփականատիրոջ փոփոխություն, թվում էր, թե կրքերը սրանով կհանդարտվեն: Բայց որոշ ժամանակ անց ֆուտբոլիստներն ուղղակի չներկայացան առաջնության 17-րդ տուրի «Փյունիկ»-ի հետ նախատեսված մրցավեճին՝ պատճառաբանելով, որ շուրջ 3 ամիս աշխատավարձ չեն ստացել:

Լուսանկարը` FC Ararat-Armania


Այդ խնդիրը եւս լուծվեց,  եւ ահա պատմությունը կրկնվում է արդեն առաջնության 30-րդ տուրում: «Վեստ Արմենիա»-ն չի ներկայանում խաղին նույն պատճառաբանությամբ, եւ ֆուտբոլիստները մտադիր են բաց թողնել առաջնության մնացած խաղերը եւս: ՀՖՖ-ն արդեն արձագանքել է այս միջադեպին՝ նշելով, որ հարցն անպատճառ քննարկվելու է կարգապահական կոմիտեի նիստում։ Ցավոք մեր առաջնության համար խորթ երեւույթ չէ ակումբների լուծարումը մրցաշրջանը դեռ չավարտված («Լոռի ՖԱ», «Երեւան»), բայց հուսանք, որ «Վեստ Արմենիա»-ն կշարունակի իր գոյությունը։

«Արարատ»-«Վան»՝  2:1

Եվրագավաթային ուղեգրերի համար պայքար մղող «Վան»-ն այս հանդիպմանը մոտեցել էր «Նոա»-ի հետ երեք խաղերից բակացած ծանր եւ հոգնեցուցիչ շարքից հետո։ Ցանկալի արդյունքին հասնելու համար չարենցավանցիները պետք է խուսափեին միավորների կորուստից, բայց այս տուրում դա չստացվեց։

Լուսանկարը` FC Van


Խաղը մեկնարկեց երկուստեք գրոհներով եւ շատ բարձր տեմպով։ «Արարատ»-ն ապավինել էր իր դասական երկար փոխանցումներին, իսկ չարենցավանցիները փորձում էին վերահսկել գնդակը՝ աչքի ընկնելով կտրուկ գրոհներով։ Սպորտային բախտն այդ օրը «Արարատ»-ի կողմն էր։

Չարենցավանցիները ստեղծեցին բազմաթիվ պահեր, բայց «Արարատ»-ի ֆուտբոլիստները կարողացան ավելի դիպուկ լինել ու հաղթանակ տոնել։

ԲԿՄԱ-«Ուրարտու»՝  0:1

Այս տուրի թերեւս ամենահավասար խաղը տեղի ունեցավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։ Բանակայինները գտնվում են հրաշալի մարզավիճակում եւ կարողանում են հավասարը հավասարի պայքարել առաջնության առաջատարների հետ։ Իսկ «Ուրարտու»-ն պայքարում է 2-րդ հորիզոնականը պահպանելու համար եւ չի պատրաստվում միավորներ կորցնել։

Լուսանկարը` FC Urartu


2 թիմերն էլ փորձում էին գնդակ վերահսկել, դիրքային գրոհներ կազմակերպել, բայց անարդյունք։ Փոխնիփոխ հաջողությամբ տիրում էին խաղի նախաձեռնությանը՝ վտանգավոր պահեր ստեղծելով մրցակցի դարպասի մոտ։ 2-րդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեց «Ուրարտու»-ն եւ Դմիտրի Գունկոյի թիմը կարողացավ հաջողության հասնել մրցակցի պատահական սխալի արդյունքում։

«Շիրակ»-«Ալաշկերտ»՝  4:0

Մի քանի տարի առաջ առաջնության հաղթողի կոչման համար պայքար մղող այս թիմերի հանդիպումը մրցաշարային աղյուսակի տեսանկյունից հետաքրքրություն չէր պարունակում։ 2 թիմերն էլ ուղղակի ավարտում են մրցաշրջանը՝ չպայքարելով ոչնչի համար։

Լուսանկարը` FC Shirak


Բայց եթե «Շիրակ»-ը Ռաֆայել Նազարյանի նշանակումից հետո ունի հստակ մարզչական ձեռագիր եւ տեսլական, ապա «Ալաշկերտ»-ում ամեն ինչ շատ մշուշոտ է։ «Շիրակ»-ի ֆուտբոլիստներն ընդհակառակը շատ վստահ էին իրենց զգում խաղադաշտում՝ տանելով արժանի հաղթանակ։

Դավիթ Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին