«Փյունիկ»-ի նախագահ Արթուր Սողոմոնյանը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշման մասին:
ՀՖՖ-ն Հայաստանի առաջնության տնային հանդիպումների համար օգտագործվող Աբովյանի մարզադաշտի վարձակալության պայմանագիրը միակողմանի լուծարել է եւ մերժել «Փյունիկ»-ին տրամադրել պահեստային համարվող Արմավիրի մարզադաշտը:
Championat.com-ի հետ զրույցում Սողոմոնյանն ասել է հետեւյալը.
«Իրավիճակը բավական բարդ է, քանի որ մրցաշրջանի միջնամասում ակումբին զրկել են հիմնական ու պահեստային ստադիոններից: Հարցն այն է, որ բոլոր ազատ ստադիոնները պատկանում են ֆեդերացիային, ու մենք կարող ենք հանդես գալ միայն մյուս ակումբների խաղադաշտերում, եթե, իհարկե, նրանք համաձայնվեն:
Շնորհակալ ենք «Շիրակ»-ին, որի ստադիոնում էլ հաջորդ հանդիպումն անցկացնելու ենք: Բայց ստիպված ենք լինելու այլ քաղաք տեղափոխվել, որը Երեւանից մոտ 200 կմ հեռու է: Պարզ է, որ երկրպագուները չեն կարողանա ներկա լինել:
Դա ֆեդերացիայի գիտակցված որոշումն է, որի նպատակը «Փյունիկ»-ին առաջնությունից հանելն է, կարծում եմ՝ դրանից հետո ակումբը կդադարի գոյություն ունենալ: Ընդ որում՝ մենք պայմանագրեր ունենք բազմաթիվ խաղացողների հետ: Մեր կիսապաշտպան Արտակ Դաշյանը հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից է, նա Թուրքիայի դեմ խաղում գոլի հեղինակ է դարձել: Ամեն դեպքում ֆեդերացիան նրան էլ է փորձում խանգարել խաղալ:
Երկրպագուները մեզ շատ են աջակցում, hուսադրող խոսքեր շատերից ենք լսում, այդ թվում՝ արտերկրից: Որոշներն օգնություն են առաջարկում, երբեմն՝ զվարճալի, օրինակ տեղափոխվել Վրաստանի կամ Ռուսաստանի առաջնություն: Բայց իրավաբանորեն դա հնարավոր չէ: Դիմում ենք ՖԻՖԱ-ին եւ ՈւԵՖԱ-ին եւ դիմելու ենք:

Լուսանկարը` FC Pyunik
Կիրառելու ենք բոլոր օրինական եղանակները, դատարան էլ ենք դիմել, քանի որ այդ որոշումը հակասում է օրենքին: Այդպես էլ գրել են որոշման մեջ. «Խաղադաշտից զրկվելու եք, քանի որ ակումբի նախագահը հանդես է եկել ֆեդերացիայի դեմ:
Մեզ արգելում են խաղալ ոչ թե խախտման համար, այլ սեփական դիրքորոշման: Վճարումները ժամանակին ենք կատարում, երկրպագուներն էլ իրենց են լավ պահում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: