Ապրիլ 20, 2024
871 դիտում

Սպերցյանը խոսել է գավաթի եզրափակչի, Մխիթարյանի, հավաքականի եւ իր ապագայի մասին


Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` FC Krasnodar


«Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար այս մրցաշրջանը բավական հաջող է դասավորվել։

Նա կարողացել է դառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատար խաղացողներից մեկը, իսկ երկրպագուների քվեարկությամբ՝ ճանաչվել «Կրասնոդար»-ի լավագույն ֆուտբոլիստ։

Նա ծավալուն հարցազրույց է տվել RG-ին, առաջարկում ենք կարդալ որոշ մեջբերումներ։ Նրա թիմը հունիսի 11-ին Ռուսաստանի գավաթի եզրափակչում մրցելու է ԲԿՄԱ-ի դեմ։

Լուսանկարը` FC Krasnodar


«Ճնշում առայժմ չենք զգում, սակայն կարծում եմ, որ հարկավոր է մնալ սառնասիրտ։ Պետք է դուրս գալ դաշտ ու անել այն, ինչին ունակ ենք։ Գավաթի եզրափակիչն այլ զգացողություններ է տալիս, ի տարբերություն առաջնության, ամեն ինչ այլ է լինելու։

Վստահաբար, սա կարիերայիս ամենակարեւոր հանդիպումն է։ Գավաթում հաղթանակ տանելը երազանք է, նպատակ։ Երբ դուրս եկանք եզրափակիչ, աննկարագրելի էմոցիաներ ունեի։ Այդ պահերին մտածում ես՝ անցել ես այսպիսի ճանապարհ, ակադեմիայից հայտնվել գլխավոր թիմի կազմում եւ հիմա ունես հնարավորություն հաղթել ակումբի համար առաջին գավաթը։ Հարկավոր է ներդնել ողջ ուժերը։

Պատասխանատվություն եմ զգում մարդկանց նկատմամբ, դա ինձ շատ օգնում է։ Ես դեռ բարձրակարգ ֆուտբոլիստ չեմ ու պետք է շատ աշխատեմ աստղ դառնալու համար, բայց ինձ նայում են երեխաներն ու ձգտում նմանվել։ Ես էլ նրանց պես եմ եղել, հետեւում էի իմ սիրելի ֆուտբոլիստներին, ուզում էի նրանց պես սանրվածք ունենալ ու նույն խաղակոշիկներից հագնել։

Լուսանկարը` FC Krasnodar


Իհարկե, կարդում եմ լրատվամիջոցներում լույս տեսնող լուրերը, թե ինձնով հետաքրքրված են Եվրոպայում։ Անկեղծ եմ ասում, ինքս էլ չգիտեմ, թե ինչ է լինելու։ Գործակալներն անում են իրենց աշխատանքը, ես՝ իմ։ Հիմա կենտրոնացած եմ միայն եզրափակիչ խաղի վրա ու միայն մրցաշրջանի ավարտից հետո կքննարկեմ տարբերակները։

Ֆուտբոլային բոլոր որակներս էլ պետք է բարելավեմ, աշխատելու շատ տեղ կա։ Ծնողներս այնքան բան են ներդրել, որպեսզի ես մարզվեմ, հիմա եւս շատ մարդիկ ինձնից մեծ ակնկալիքներ ունեն։ Ես չեմ կարող նրանց երազանքներն անկատար թողնել, ցանկանում եմ անընդհատ առաջ գնալ ու նվաճումների հասնել։

Հայաստանում սպասում են, որ ես կդառնամ Հենրիխ Մխիթարյանի փոխարինողը։ Մի քիչ ճնշում զգում եմ, պետք է դաշտում ամեն ինչ շատ լավ կատարեմ։ Իհարկե, միշտ չէ, որ ստացվում է, բայց փորձում եմ։

Լուսանկարը` Reuters


Հենրիխի հետ մենք շփվում ենք, խոսում ենք ամենատարբեր թեմաներից, շատ հարցեր եմ տալիս նրան։ Նա բաց մարդ է, համեստ ու միշտ պատրաստ օգնելու։ Լավագույն ակումբներում է հանդես եկել, շատ բաների հասել, հրաշալի ֆուտբոլային որակներ ունի։

Երբ նա հավաքականում էր, բոլորը մտածում էին գնդակը փոխանցել Հենրիխին, իսկ նա արդեն ամեն ինչ կարող է անել։ Հիմա ամեն մեկն իր վրա պետք է վերցնի պատասխանատվությունը։ Ամեն դեպքում, նրա պակասությունը հավաքականում ես զգում եմ եւ կարծում եմ, որ դեռ կարող է վերադառնալ։

Հավաքականում նպատակս կարեւոր մրցաշարի եզրափակիչ փուլ անցնեն է։ Մենք լավ թիմ ունենք, պետք է հավատանք սեփական ուժերին, աշխատենք եւ ամեն ինչ կստացվի»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին