1311 դիտում

Դաշյան. Նորից հավաքական հրավիրվելը բեկումնային եղավ կարիերայիս համար


Լուսանկարը` gettyimages


Արտակ Դաշյանի նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում եղել է Իսպանիայի դեմ մրցավեճում եւ 8 տարի անց կրկին հրավիրվել թիմ:

32-ամյա կիսապաշտպանը, ով եվրագավաթների խմբային փուլում հայկական թիմի կազմում գոլ խփած առաջին հայ ֆուտբոլիստն է, ՀՖՖ-ի հետ զրույցում խոսել է իր կարիերայի վառ պահերի ու նպատակների մասին:

«Մեծ պատասխանատվություն էի զգում առաջին խաղում, նոր մարտահրավեր էր: Խաղացի Իսպանիայի պես թիմի դեմ, թեթեւ լարվածություն կար, բայց էմոցիաները շատ լավն էին։

Բեռնար Շալանդն ինձ հրավիրեց հավաքական ու միշտ ասում էր, որ վստահում է, քանի որ պոտենցիալս է տեսնում: Նրա օրոք մի քանի հանդիպում անցկացրի, այդ թվում՝ Դանիայի, Սերբիայի, Ֆրանսիայի հավաքականների դեմ։

Ամեն ինչ արել եմ, որ նվաճեմ մարզիչների վստահությունը։ «Ալաշկերտում» 2 տարի անընդմեջ հռչակվեցինք չեմպիոն, բոլոր հանդիպումներին մասնակցել եմ, արդյունավետ խաղացել, բայց հրավեր չեմ ստացել: Միշտ է եղել հավաքական վերադառնալու ցանկություն, որ շատ բաներ ապացուցեմ։

Ղազախստանում հանդես գալիս էլ չէի հրավիրվում, բայց երբ վերադարձա Հայաստան, «Փյունիկ»-ի հետ դարձանք չեմպիոն, սկսեցի կայուն խաղաժամանակ ստանալ։ Երեւի այդ ամենը հանգեցրեց նրան, որ կրկին հայտնվեցի հավաքականում:

Խոակին Կապառոսը լավ մասնագետ է։ Իմ կարիերայի համար բեկումնային եղավ նրա հրավերը: Որպես մարզիչ՝ շատ լավն է, ունի իր տակտիկական գաղափարներն ու ֆուտբոլային յուրահատուկ մոտեցումը:

Ինձ համար ամենահիշարժան խաղը երիտասարդական հավաքականի կազմում Վրաստանի դեմ էր, վերջին րոպեներին խփած գոլն ու հաղթանակը։ Ազգային հավաքականում Ուկրաինայի դեմ հանդիպումն էլ հիշարժան է: Չնայած պարտվեցինք, բայց մեկնարկային կազմում էի։

Ոչ թե երազանք, այլ նպատակ ունեմ հայկական ֆուտբոլի համար։ Ցանկանում եմ, որ առաջիկայում որեւէ հայկական ակումբ դուրս գա Չեմպիոնների կամ Եվրոպայի Լիգայի խմբային փուլ, իսկ հավաքականը խաղա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին