Մայիս 17, 2024
1802 դիտում

Աբովյանում վերաբացվել է «Քաղաքային» մարզադաշտը


Լուսանկարը` FFA

Լուսանկարը` FFA

Լուսանկարը` FFA

Լուսանկարը` FFA


ՀՖՖ հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Աբովյան քաղաքում հանդիսավոր կերպով վերաբացվել է «Քաղաքային» մարզադաշտը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Հիմնովին վերանորոգված մարզադաշտը կարող է տեղավորել 3100 հանդիսական եւ ընդունել նաեւ միջազգային հանդիպումներ։
 
«Մարզադաշտն ինձ շատ է դուր գալիս։ Խոտածածկը նույնպես շատ լավ որակի է։ ՈւԵՖԱ-ի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ինչպես նաեւ անձամբ իմ ու Արմեն Մելիքբեկյանի հարաբերությունները չէին կարող ավելի լավ լինել։ Լինելով փոքր երկիր՝ այսպիսի ենթակառուցվածքների շնորհիվ կկարողանաք ավելի զարգացնել ֆուտբոլը եւ մասսայական դարձնել։ ՈւԵՖԱ-ն իր հնարավորությունների սահմաններում կփորձի անել ամեն ինչ, որպեսզի ՀՖՖ-ն կարողանա ապագայում ունենալ նաեւ նոր՝ ազգային մարզադաշտ»,- Չեֆերինի խոսքերը մեջբերում է ՀՖՖ-ն:

Արմեն Մելիքբեկյանն էլ նշել է, որ ցանկանում են Հայաստանի առաջնության հանդիպումներ անցկացվել Աբովյանում.

«Բնականաբար, կայանալու են նաեւ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների խաղեր: Այս մարզադաշտը շատ ակտիվ օգտագործելու ենք: Հույս ունեմ, որ հուլիսին կբացենք Վանաձորի «Քաղաքային» մարզադաշտը, որը մեզ համար նույնպես շատ կարեւոր ենթակառուցվածք է։ ՀՖՖ-ն նաեւ լուսավորության համակարգ է տեղադրում Գյումրու «Քաղաքային» ստադիոնում։ Այնտեղ մենք նախատեսում ենք անցկացնել նաեւ միջազգային հանդիպումներ»։

Մելիքբեկյանի խոսքով՝ Աբովյանի մարզադաշտում նորոգվել է գրեթե ամեն ինչ՝ լուսավորության համակարգերը, հանդերձարանները, տանիքը, խաղադաշտը, որը շատ բարձր որակի կլինի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին