Օգոստոս 15, 2025
78 դիտում

Խաչանովի ամենաթեժ մրցակիցը, ծանր փորձությունն ու լավագույն 10-յակ վերադառնալու ձգտումը


Լուսանկարը` ATP

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` ATP


Կարեն Խաչանովը 2 շաբաթների ընթացքում մրցաշարերի մասնակցեց Տորոնտոյում ու Ցինցինատիում, բավական լավ որակներ դրսեւորեց ու նույնիսկ կարողացավ 2-րդ տեղը զբաղեցնել:

Ցինցինատիում նա վնասվածքի պատճառով մրցաշարն ավարտել չկարողացավ: Մինչ այդ Խաչանովը հարցազրույց էր տվել ATP-ի պաշտոնական կայքին ու խոսել իր նպատակների, ամենաթեժ մրցակիցների ու լավագույն տասնյակ վերադառնալու ցանկության մասին:

Ամենասիրելի մրցաշարը

Կնշեմ Մոնտե Կառլոյի մրցաշարը: Ինձ դուր է գալիս մրցավայրը, կորտի ծածկը, հյուրանոցը: Միակ բանը, ինչի կարիքն այնտեղ ունենում ենք, լավ եղանակն է: Հետո արդեն Փարիզի մրցաշարն է: Բերսիում տարած հաղթանակն իմ կարիերայի ամենավառ հիշողություններից մեկն է: Հին արենայի կենտրոնական կորտն ամենահաճելիներից մեկն է: Մթնոլորտն էլ մրցաշարի ժամանակ ամենատարբերվողն էր:

Ամենաթեժ մրցակցությունը

Անկասկած ամենադիտարժան ու թեժ հանդիպումներն անցնում էին Ռաֆայել Նադալի ու Ռոջեր Ֆեդերերի միջեւ: Ամեն ինչ հենց նրանցից սկսվեց: Ապա այդ երկուսի պայքարին միացավ Նովակ Ջոկովիչը: Հիշում եմ Հռոմի ու Մադրիդի մրցաշարերում, Ուիմբլդոնում եւ Ռոլան Գարոսում նրանց դիմակայությունները: Մի քանի իսկապես դրամատիկ հանդիպումներ են եղել:

Լուսանկարը` ATP



Իր մեծագույն մրցակիցը

Նովակի հետ բավական քանակությամբ հանդիպումներ եմ հասցրել ունենալ ու նույնիսկ մեկ անգամ հաղթել եմ նրան Փարիզի մրցաշարում, երբ առաջին ռակետն էր: Նման բարդ մրցակից է նաեւ Դանիիլ Մեդվեդեւը: Այս տարի արդեն մի քանի անգամ հանդիպել եմ նրան ու անցյալում էլ լավ պայքար ծավալել հետը: Այդ հանդիպումները գրավիչ ու բարդ են միաժամանակ:

Կարեւոր նպատակները

Ամենաշատն այս պահին ձգտում եմ նորից վերադառնալ թոփ-10-յակ, որտեղ հայտնվել էի 2 տարի առաջ, սակայն վնասվածքի պատճառով դուրս մնացի: Հիմա էլ վնասվածք ունեմ, մինչ այդ էլ ունեի ու 3,5 ամիս չկարողացա ելույթ ունենալ: Բայց դրանով չեմ արդարանում, պարզապես փաստն եմ արձանագրում, կարծում եմ՝ մոտիվացված եմ ու նպատակիս հասնելու վճռականությամբ լի: 

Լուսանկարը` ATP


Ինչ վերաբերվում է մրցաշարերին, ապա Մեծ Սաղավարտում հաղթելն անկասկած երազանքներիցս մեկն է: Բայց նախ ուզում եմ Masters 1000 մրցաշարում եւս մեկ անգամ լավագույնը դառնալ: Բայց մյուս կողմից իրավիճակին այլ կողմից նայելու դեպքում, եթե լավագույն տասնյակում ես, ուրեմն՝ կարողացել ես խոշոր մրցաշարերում լավ արդյունքներ գրանցել: Այնպես որ, ամեն ինչ փոխկապակցված է:

Ամենաբարդ փորձությունը

Կասեի կարիերայի սկզբում ունեցած ոչ մեծ հաջողությունն էր: Երբ 22 տարեկան էի, Նովակի դեմ եզրափակչում հաղթեցի Masters 1000-ում ու կարեւոր տիտղոս նվաճեցի: Տպավորություններս շատ ուրիշ էին: Թեեւ հոգեպես բավական պատրաստված էի, սակայն զգում էի, որ հաջորդ տարին իմ սպասվածից ու պատկերացրածից այլ է լինելու: Դա մի փոքր հարված էր ինձ համար, որը ցույց տվեց հանգստանալու ու նպատակներիս հասնելու համար աշխատելու կարիք ունեմ: Հասկացա, որ երկնքից ամեն ինչ հենց այնպես չի թափվել գլխիս:

Դա ամենաբարդ պահերից մեկն էր՝ պետք էր հասունանալ, ավելի գիտակից դառնալ, ինձ ու թենիսը նորովի հասկանալ: Դրանից հետո էլ մի քանի տարի պետք եղավ, որպեսզի մեծ Սաղավարտի մրցումներում ու Օլիմպիական խաղերում կարողանամ իսկապես լավ արդյունքների հասնել:  

Լուսանկարը` ATP


Թենիսի տված առավելությունները

Հիմնականում կնշեմ ճանապարհորդությունները: Մրցաշարերը մեզ ստիպում են հաճախակի թռիչքներ ունենալ, ինչին ես դեմ չեմ: Դրանք կայանում են աշխարհի տարբեր երկրներում ու քաղաքներում: Հաստատ այդքան շատ չէի ճամփորդի, եթե չզբաղվեի թենիսով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին