Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր վերաբացեց Արմավիրի քաղաքային մարզադաշտը:
1980-ին կառուցված այս ստադիոնը նախկինում կոչվել է Հոբելյանական՝ ի հիշատակ Հայաստանի խորհրդայնացման 60-ամյակի: Երկար տարիներ չգործելուց ու վատ վիճակից հետո այսօրվանից այն կունենա բոլորովին նոր տեսք: Այն կտեղավորի շուրջ 3000 հանդիսականի:

Լուսանկարը` Մեդիամաքս
Վերանորոգված տրիբունաներ, հանդերձարաններ, մամուլի կենտրոն ու այն ամենն, ինչ հարկավոր է ժամանակակից ստադիոն ունենալու համար: Բացի մեծ մարզադաշտից, որտեղ անցկացվելու են նաեւ միջազգային հանդիպումներ, համալիրն ունի նաեւ 4 խաղադաշտ:
Վերանախագծման եւ շինարարական աշխատանքների համար ծախսվել է 688 մլն դրամ: Միջոցները հիմնականում տրամադրել է ՀՖՖ-ն, աջակցություն եղել է նաեւ ՖԻՖԱ-ից եւ ՈւԵՖԱ-ից:
ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանի խոսքով, իրենք նախատեսում են այստեղ ֆուտբոլային դպրոց հիմնադրել՝ դարձնելով կառույցը բազմաֆունկցիոնալ համալիր:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Պատանեկան եւ երիտասարդական հավաքականների հանդիպումները կլինեն Արմավիրում, մասնավորապես, հաջորդ տարի նախատեսված Հայաստան-Ուկրաինա երիտասարդական ընտրանիների ընկերական խաղը կկայանա այստեղ: Այժմ նախնական համաձայնությամբ «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան թիմերն են այստեղ պարապում: Ակումբը նպատակ ունի նաեւ մեծահասակների թիմ ստեղծել»,-ասել է Մելիքբեկյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ըստ նրա՝ իրենք արդեն սկսել են բանակցել նաեւ Հայաստանի առաջնության մասնակից թիմերի հետ, որպեսզի նրանցից մեկը մարտից մինչեւ մայիս երկրորդ փուլի հանդիպումներն անցկացնի Արմավիրի քաղաքային ստադիոնում: ՀՖՖ-ի նախագահն ընդգծել է, որ դա էապես կաշխուժացնի ֆուտբոլային կյանքն Արմավիրում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: