Հունիս 09, 2025
293 դիտում

Վան'տ Սխիպ. Բոլորը հասկանում են, որ պետք է շտկենք իրավիճակն ու վաղն այլ կերպ հանդես գանք


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը վաղը Չեռնոգորիայի հետ կայանալիք ընկերական հանդիպումից առաջ Տուզի քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ թիմում մթնոլորտն ու էներգիան շատ լավն են։

«Դուք ինքներդ էլ մեզ հետ եք ու տեսնում ենք ֆուտբոլիստներին նախաճաշի եւ ճաշի ժամանակ։ Ամեն ինչ կարգին է, պարզապես տղաները հիասթափված են պարտությունից ու հատկապես՝ վերջին րոպեներին բաց թողնված գոլերից։ Բայց բոլորը հասկանում են, որ պետք է շտկենք իրավիճակն ու վաղն այլ կերպ հանդես գանք։

 

Ես մարզել եմ միջին ու ավելի ցածր կարգ ունեցող թիմեր, եւ նրանց հասցրել բարձր մակարդակի, ավելի ուժեղների հետ էլ եմ աշխատել։ Պարզապես արդյունքի հասնելու համար ավելի շատ ժամանակ է պետք։

 

Հրաժարականի մասին դեռ չեմ մտածում, միայն կենտրոնացած եմ ֆուտբոլիստների որակների բարելավման վրա։ 

 

61 տարեկան եմ, շատ բաների եմ հասել ու համբավս վաստակել որպես ֆուտբոլիստ ու մարզիչ։ Հասկանում եմ, որ իրավիճակը բավական բարդ է, եթե անհանգստանայի իմ անվան ու հեղինակության մասին, կդադարեի զբաղվել այս աշխատանքով, իմ նպատակը ֆուտբոլիստներին օգնելն է։ 

 

Մի բանում եմ վստահ, որ պայմանագիրս մինչեւ ԱԱ-ի ընտրական փուլի ավարտն է, եթե որակավորումն անցնենք կամ լավ հանդես գանք, հետո կտեսնենք ինչ կլինի։ Դեռ կենտրոնացած եմ միայն ընթացքի վրա»։  

 

Օրեր առաջ հայ ֆուտբոլիստները 3-րդ անընդմեջ պարտությունն են կրել մարզչի գլխավորությամբ, այս անգամ՝ 2:5 հաշվով Կոսվոյից։ 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին