Դեկտեմբեր 22, 2024
5508 դիտում

Սարգիս Ադամյան. Վրաստանին խփած հաղթական գոլս շատ կարեւոր է ինձ համար


Լուսանկարը` tsg-hoffenheim.de


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի համար 2020 թվականն այնքան էլ հեշտ չի եղել: Նախ նա ապաքինվել է վնասվածքից, ապա կորոնավիրուսից:

Ակումբի պաշտոնական կայքին տված հարցարզույցում նա պատմել է նաեւ Արցախում տեղի ունեցած պատերազմի մասին ու թե այն ինչպես է ազդել իր հայրենակիցների վրա: Ադամյանի զրույցից առանձնացրել ենք առավել ուշագրավ մտքերը:

«Երջանիկ եմ, որ ինձ նորից լավ եմ զգում: Երբ վարակվեցի կորոնավիրուսով, սկզբում հոգնածություն էի զգում, հետո մի քիչ հազ ունեի, լուրջ որեւէ ախտանշան չկար: Նույնիսկ ի վիճակի էի թեթեւ վարժություններ կատարել ու պատրաստվել տարվա իմ 2-րդ վերադարձին:

Վնասվածքս շատ անհարմար պահի եղավ, լավ մարզավիճակում էի, բայց ֆուտբոլում ամեն ինչ էլ պատահում է: Լավ աշխատեցի, այդ ամենն ինձ համար փորձ եղավ, որից ավելի ուժեղացած դուրս եկա:

Վերադարձից հետո Եվրոպայի Լիգայում նորամուտս նշեցի ու 2 գոլի հեղինակ դարձա: Ամեն գոլի համար ուրախանում եմ, բայց դրանք ինձ առանձնահատուկ երջանիկ դարձրին: Երկար դադարից հետո իմ առաջին գոլերն էին ու այն էլ՝ Եվրոպայի Լիգայում:

2019-ին «Բավարիայի» դեմ անցկացրած հանդիպումը մինչեւ հիմա ինձ համար ամենակարեւորն է: Թիմի հիմնական կազմում էի ու 2 գոլ խփեցի: Այդ հանդիպումը միշտ յուրահատուկ կլինի:

«Հոֆենհայմի» հետ պայմանագիրս մինչեւ 2023 թվականն է երակարձգվել: Շնորհակալ եմ, որ ինձ ձեռք են բերել, քանի որ երկրորդ Բունդեսլիգայից ոչ միշտ են ֆուտբոլիստ գնում: Ցանկանում եմ ակումբի հետ հնարավորինս շատ հաջողությունների հասնել: Համոզված եմ, որ մեզ մոտ կստացվի:

Ազգերի Լիգայում Վրաստանի դեմ հանդիպումը հատուկ էր Հայաստանի ընտրանու համար: Հարցը միայն ֆուտբոլին չէր վերաբերվում: Ցանկանում էինք այդ ծանր օրերին մեր խաղով ուրախացնել հայերին: Իմ խփած հաղթական գոլից հետո բազմաթիվ արձագանքներ եմ ստացել, որոնք շատ կարեւոր են ինձ համար: Մեր երկրի համար ծանր ժամանակներում մի քիչ երջանկացրել ենք մարդանց:

Մենք պարզապես ֆուտբոլ ենք խաղում: Ինձ համար հիվանդանոցներում աշխատող մարդիկ են իրական հերոսներն ու նրանք, ովքեր պայքարում են երկրի համար:

Շատ տխուր է տեսնել, թե ինչպես են մարդիկ պայքարում իրենք կյանքի համար: Հնարավոր չէ, որ 18 տարեկան տղաները կյանքի գնով պաշտպանեն իրենց հայրենիքը: Նման պահերին եք հասկանում, որ որեւէ լուրջ խնդիր չունեք, ինչ է թե մի քանի ամիս ֆուտբոլ չեք խաղալու:

Բարեկամներիս մի մասն ապրում է Հայաստանում, նրանք Երեւանում են, ու բարեբախտաբար, իրենց տները չեն լքել: Բայց նրանք էլ տուժել են պատերազմի պատճառով: Հույս ունեմ, որ նրանք դեռ ուրախանալու առիթներ կունենան»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին