Նոյեմբեր 22, 2024
2731 դիտում

Հենրիխ Մխիթարյանը դիմել է Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նախագահներին


Լուսանկարը` Daily Mail


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ ու «Ռոմայի» կիսապաշտպան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը խաղաղության ու գործողության կոչով է դիմել Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինին, Էմանուել Մակրոնին ու Դոնալդ Թրամփին:

Նա նշել է, որ պրոֆեսիոնալ մարզիկ է, որը հպարտորեն ներկայացնում է Հայաստանը միջազգային ասպարեզում, ու այսօր նրանց է դիմում շատ դառնացած սրտով:

 

«Քանի որ աշխարհն ականատես է Լեռնային Ղարաբաղում աննախադեպ ու ողբերգական պատերազմի, թույլ տվեք արտահայտել իմ խորը մտահոգությունն այն  մասին, որ հայրենիքս վտանգի մեջ է:

 

Ծանր մարտերի երկրորդ շաբաթն է, իմ հայրենի Հայաստանն ու Արցախը ագրեսորներից պաշտպանում են իրենց ազգային ինքնությունը, պատմական հողում ապրելու իրավունքն ու աշխարհին հայտնի քրիստոնեական ժառանգությունը եւ արժեքները:

 

Վերջին օրերի ընթացքում ռազմական գործողությունների ուժգնացմանը զուգահեռ իսկապես սրտաճմլիկ է տեսնել, թե ինչպես Ադրբեջանն ուղղակիորեն թիրախավորում է մայրաքաղաք Ստեփանակերտի դպրոցները, մանկապարտեզները, բնակելի շենքերը, հիվանդանոցներն ու այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչպես նաեւ խիտ բնակեցված այլ վայրեր:

 

Խաղաղ բնակչության դեմ կիրառվում են կասետային հրթիռներ, ինչի արդյունքում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, նրանցից շատերը կմնան կոտրված կյանքերով ու ճակատագրերով: Այս ամենը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն, հնարավոր չէ անվանել: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում, որ Արցախում տիրող իրավիճակը մարդասիրական աղետի վերջն է:

 

Ավելին, այս ողբերգական դեպքերը կատարվում են արտաքին ուժերի ու օտարազգի զինյալների միջամտությամբ՝ Ռուսաստանի ու Եվրամիության անմիջական հարեւանությամբ, ինչը Ձեր երկրների անվտանգության համար էլ սպառնալիք է: Հայաստանն ու Արցախը միայնակ են իրենց պայքարը տանում միջազգային ահաբեկչության դեմ:

 

Որպես Հայաստանի Հանրապետության պատմական դաշնակիցներ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, Ձեր միջամտությունը`կոչ անելու Ադրբեջանին անմիջապես դադարեցնելու այս կործանարար պատերազմը, կարեւոր նշանակություն ունի:

 

Մեր երիտասարդները զոհվում են առաջնագծում ու ծանր վիրավորվում՝ փոխարեն ազգի շարունակությունը դառնան: Սրտիս խորքից կոչ եմ անում օգտագործել Ձեր ողջ ուժը կանխելու այս աղետն ու կողմերին վերադարձնել խաղաղ բանակցություններին:

 

Անկեղծորեն, 

Հենրիխ Մխիթարյան»:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին