Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է այս տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, երեկ Երեւանում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մեծարման երեկոն, որը կազմակերպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հավաքականի մեծարման երեկոյին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ բարձրաստիճան այլ այրեր:
Տարվա լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար բարձրագույն խմբի ակումբներից ներկայացվել է 35 թեկնածություն, ազգային հավաքականից` 11, իսկ երիտասարդական հավաքականից` 5 ֆուտբոլիստի թեկնածություն:
Հենրիխ Մխիթարյանին «Ոսկե խաղակոշիկը» եւ դրամական պարգեւը հանձնել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում 2-րդ տեղը զբաղեցրել է եւ «Արծաթե խաղակոշիկ» է ստացել հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Անվանակարգում 3-րդ տեղն է գրավել հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին` ստանալով «Բրոնզե խաղակոշիկ»:
“Տարվա լավագույն մարզիչ” անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Բացի այդ, հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկար տարիների նվիրումի եւ ձեռք բերած մարզական հաջողությունների համար ՀՀ նախագահը Ռոման Բերեզովսկուն պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանին՝ Մովսես Խորենացու մեդալով:
Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի բոլոր անդամները ժամանակին պարգեւատրվելու են ամենաբարձր պետական պարգեւներով:
«Ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը վստահ լինի, որ իր թիկունքում պետություն է կանգնած, պետություն, որ պատրաստ է այլեւս սատարելու, օժանդակելու իր մարզիկներին»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: