Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին հերթական հանդիպումն է սպասվում ԵՎՐՈ-2016-ի ընտրական մրցաշարում: Այս անգամ հայ ֆուտբոլիստները հյուրընկալվելիս դիմակայելու են Սերբիային:
Հենց այս խաղից մենք այլեւս հավաքականի դարպասում ու ավագի թեւկապով չենք տեսնելու թիմի ամենանվիրված ու սիրված խաղացողներից մեկին: 19 տարի ու 93 հանդիպում, բազմաթիվ վառ ու լավ պահեր՝ այսպես մենք հրաժեշտ կտանք հավաքականի պատմության ամենավառ դարպասահապներից մեկին՝ Ռոման Բերեզովսկուն:
Թեեւ հավաքականը միշտ փոփոխվող «կառույց» է, անընդհատ ֆուտբոլիստների տեղաշարժ է կատարվում՝ ոմանք հեռանում են, նրանց փոխարինելու են գալիս նորերը, բայց կան խաղացողներ, որոնց բացակայությանը սովորելն այնքան դժվար է:
Երկար տարիներ անց առաջին անգամ մեր ազգային հավաքականի հայտացուցակը տեսնում ենք առանց սիրելի ու անփոխարինելի ավագ Ռոման Բերեզովսկու: Թեեւ նա դեռ մի քանի ամիս առաջ էր հայտնել հեռանալու մտադրության մասին, թվում էր, թե շատ ժամանակ ունեինք այդ մտքի հետ համակերպվելու համար, բայց իրականությունն ընդունելն ավելի ծանր եղավ:
Գաղտնիք չէ, որ անփոխարինելի ֆուտբոլիստներ ու մարզիչներ չկան, բոլորն ունեն իրենց ժամանակն ու այդ ընթացքում պետք է հասցնեն անել ինչ կարող են իրենց հետքն ու անունը թողնելու համար: Բերեզովսկին այդ առումով իսկապես եզակի է, դժվար է գտնել այնպիսի երկրպագուների, որոնք չեն հիանում նրա մարդկային ու ֆուտբոլային որակներով՝ անմնացորդ նվիրվածությամբ ու համեստությամբ, բացառիկ հանգստությամբ ու ճիշտ կողմնորոշվելու ունակությամբ:
Բերեզովսկին վաղուց դարձել էր հուսալիության ու վստահության խորհրդանիշ: Անգամ այն միտքը, որ նա դարպասում էր, վստահության լրացուցիչ պաշար էր տալիս երկրպագուներին ու թիմակիցներին: Նա հայկական ֆուտբոլի իսկական լեգենդներից էր, ու անկախ ազգային ընտրանու անկումներից ու վերելքներից, ծանր ու հաղթական պահերին, այդպիսին էլ մնաց, միշտ բարձրունքում ու մշտապես սիրելի:
Հին ավագի հեռանալուց հետո նորը՝ Հենրիխ Մխիթարյանը, պետք է շարունակի միավորել ու իր հետեւից տանել ազգային ընտրանին: Չի կարող չուրախացնել այն փաստը, որ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս կիսապաշտպանի հեղինակությունն օր օրի շարունակում է աճել: Այս մրցաշրջանում նա ֆանտաստիկ ու լավ ֆուտբոլ է ցուցադրում, հիանալի մարզավիճակում է գտնվում ու նման առաջատարի առկայությունը հավաքականում անկասկած ուրախացնում է: Մխիթարյանի խաղից ինչպես դորտմունդյան ակումբում, այնպես էլ հավաքականում շատ բան է կախված:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: