Սան Պաուլու քաղաքում ընթանում է Grand Chess Tour-ի եզրափակիչը, որին մասնակցող 4 շախմատիստից մեկը Լեւոն Արոնյանն է։
Հայ շախմատիստը հարցազրույց է տվել մրցաշարի պաշտոնական ալիքին ու նշել շատ աշխատելու, մրցաշարում հրավեր ստանալու, ընտանիքի աջակցության ու Ռիո դե Ժանեյրոյից ստացած տպավորությունների մասին։ Ներկայացնում ենք զրույցի առավել հետաքրքիր դրվագները։
«Անձնական վարկանիշս բարձր չէր, բայց Grand Chess Tour-ից հրավեր ստացա, ինչը հիանալի է։ Հպարտ եմ նման հնարավորություն ստանալու համար։ Եզրափակիչ փուլ դուրս գալով՝ հնարավորություն ունեմ մասնակցությունս ապահովել արդեն հաջորդ տարվա համար։
Այս տարին բավական լավ դասավորվեց։ Շատ պարտիաներ անցկացնելը լավ է ազդում, ես փորձում եմ հաջողությունների հասնել։ Միայն կարող եմ ասել, որ քրտնաջան աշխատել ու մարզվել եմ։
Մի անգամ Քոբի Բրայանտին բասկետբոլիստներից մեկը հարցրել է, թե ինչպես է հաղթահարում պարտությունները, անհաջող նետումները։ Բրայանտն ասել է, որ իր համար կարեւոր չէ վիճակագրությունը։ «Ես շատ եմ աշխատում, կան օրեր, որ 10-ից 0 միավոր եմ վաստակում, բայց լինում են նաեւ օրեր, որ հաղթում եմ։ Ամեն ինչ կախված է աշխատանքից, ինքդ քեզ վստահելուց։ Ես նախընտրում եմ 0 ունենալ 20 փորձից, ոչ թե 3-ից, քանի որ դա կնշանակեր, որ ես դադարում եմ փորձել»։
Այս մտքերը շատ են մոտիվացրել ինձ։ Գիտեմ, որ կլինեն օրեր, երբ ես սարսափելի կխաղամ, օրեր, երբ ես ոչինչ չեմ տեսնի, բայց քանի դեռ ես շարունակում եմ փորձել, ես նաեւ հաջող մրցաշարեր կունենամ։
Ռիոն հիանալի էր, ես, իսկապես, անմոռանալի տպավորություններ ստացա։ Այնտեղ ամեն ինչ հիասքանչ է՝ լեռները, օվկիանոսը, բնությունն ու ֆավելաները, որոնք ունեն ուրույն հմայք։ Սիրելի մարդկանց հետ ժամանակ անցկացնելը եւ նոր վայրեր բացահայտելը կյանքի ուրախություններից են»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: