Նոյեմբեր 17, 2024
exclusive
577 դիտում

Սարգսյան. 100-ամյակում գրանցած նվաճման համար պետությունից որեւէ շնորհավորանք չենք ստացել


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, Համաշխարհային Օլիմպիադայի եռակի ու Աշխարհի թիմային չեմպիոն Գաբրիել Սարգսյանն անդրադարձել է ՖԻԴԵ-ի 100-ամյակի թիմ ճանաչվելու առիթով կառավարության եւ սպորտային ղեկավարության արձագանքների մասին:

Գրոսմայստերի խոսքով, ոչ մեկից իրենց պատմական ու նշանակալի նվաճման համար շնորհավորանք չեն ստացել:

«Միգուցե շախմատի ֆեդերացիային շնորհավորել են, չգիտեմ։ Ամեն դեպքում հարյուրամյակի թիմ ենք, միգուցե մի քանի տարի անց շնորհավորեն, շտապելու բան չկա։ Բայց մեզ համար նորմալ է, մարզիկները սովորում են նման բաների եւ ուշադրություն չեն դարձնում։ Իրականում լրագրողներից շատ բան է կախված, ձեզ կարդում են, միգուցե գրեք ու իմանան։ Երեւի, ՖԻԴԵ-ին չեն հետեւում, ձեր միջոցով կտեղեկանան»,- Mediamax Sport-ին ասել է Սարգսյանը:


Գրոսմայստերը խոսել է նաեւ պարգեւատրումների կարեւորության մասին, որոնք եւս դրական են ազդում նվաճումների վրա, բացի այդ էլ խաղացողներն իրենց ավելի գնահատված են զգում.

«2002-ից եմ խաղացել թիմում ու գիտեմ ֆինանսավորման տարբերությունները։ Իհարկե, մենք մեր երկրի համար ենք խաղում, բայց աշխատանքը պետք է վարձատրվի: Հիմա եւս դրամական աջակցություն կա, բայց կարող էր ավելի լավ լինել։ Տարիներ առաջ Հայաստանի առաջատար շախմատիստը Լեւոն Արոնյանն էր, հիմա՝ Հայկ Մարտիրոսյանը։ Լեւոնի համար շատ ավելի լավ պայմաններ էին ստեղծված, որոնք Հայկն այսօր չունի։ Եթե մարզիկները բոլոր ծախսերը վերցնեն իրենց վրա, բացարձակ գումար չեն վաստակի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին