Դեկտեմբեր 22, 2024
616 դիտում

100 գրամ աղետը. Օլիմպիական մեդալից զրկված Վինեշ Փոգատն ու նրա կյանքի պայքարը


Լուսանկարը` olympics.com

Լուսանկարը` olympics.com

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` newindianexpress.com

Լուսանկարը` BBC

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` Lauresu

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` BBC

Լուսանկարը` NBC

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` UWW


Օլիմպիական խաղերում սովորաբար ոչ միայն հաջողության ու նվաճումների պատմություններ են լինում, այլ նաեւ ձախողումների ու հիասթափությունների: Նման բան տեղի ունեցավ նաեւ Աշխարհի բրոնզե մեդալակիր, հնդիկ ըմբիշ Վինեշ Փոգատի հետ:

Նա մինչեւ 50 կգ քաշային կարգում դուրս էր եկել եզրափակիչ, սակայն ավելորդ քաշի պատճառով զրկվեց իր տեղից ու Օլիմպիական մեդալից: Օգոստոսի 7-ին կայանալիք եզրափակչում հնդկուհին ոսկե մեդալի համար պետք է մրցեր ամերիկացի Սառա-Էնն Հիլդեբրանդի դեմ, սակայն նրա փոխարեն ելույթ ունեցավ կուբացի Յուսնեյլիս Գուսմանը:  

Իսկ Փոգատը հոսպիտալացվեց Փարիզի հիվանդանոցներից մեկում՝ գիշերը փորձել էր նվազեցնել ավելորդ 1 կգ քաշն ու այդ նպատակով ցատկել էր, վազել, հեծանիվ վարել, բայց ցանկալի արդյունքի չէր հասել: Հնդկաստանի հավաքականի բժիշկ Վինդոշ Պարդիվալան պատմել է, որ ստիպված ծայրահեղ միջոցների են դիմել՝ նրանից արյուն են հանել ու անգամ մազերը կտրել, բայց միեւնույն է քաշը թույլատրելիից 100 գրամ ավել է եղել:

Լուսանկարը` olympics.com


Mediamax Sport-ը ծանոթացել է հնդիկ ըմբիշի կենսագրությանն ու մինչեւ Օլիմպիական խաղեր հասնելու դժվարին ճանապարհին:

Օլիմպիական խաղերը

Ոմանք պնդում են, որ Փոգատի կյանքը Բոլիվուդյան ֆիլմ նկարելու համար հիանալի սցենար կդառնա, քանի որ լի է պայքարով, դժվարություններով ու դրանց հաղթահարմամբ:

Նախորդ տարի նա մի խումբ ըմբիշների հետ կարողացավ պաշտոնանկ անել կանանց նկատմամբ բռնություն իրականացրած սպորտային ղեկավարին, ապա  Օլիմպիական ուղեգիր նվաճեց եւ խաղերի հենց առաջին գոտեմարտում պայքարից դուրս թողեց անպարտելի ճապոնուհի, Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն Յուի Սուսակիին: Նա դուրս եկավ եզրափակիչ եւ դարձավ այդ փուլ հասած առաջին հնդիկ մարզուհին, որը ոսկե մեդալ նվաճելու փոխարեն ստիպված եղավ հայտարարել կարիերան ավարտելու մասին: Ամբողջ Հնդկաստանն էր այդ օրերին Փոգատի հետ տխրել ու ցավում էր կատարվածի համար:

Ըմբշամարտը Հնդկաստանում Օլիմպիական մարզաձեւերից իր հայտնիությամբ միայն  միայն խոտի հոկեյին է զիջում: Եվ Փոգատի եզրափակիչ անցնելը երկրում մեծ ոգեւորություն էր առաջացրել: Մեկ օրում 3 ուժեղ մրցակիցների էր հաղթել ու թվում էր ոչինչ չի խանգարի նաեւ ոսկե մեդալ նվաճել:

Լուսանկարը` UWW


Խաղերը մարզուհու համար 3-րդն էին՝ Ռիոյում քառորդ եզրափակչում պատռել էր խաչաձեւ կապաներն ու հենակներով հեռացել գորգից, Տոկիոյում պայքարը լքել էր նույն փուլից, ու վերջապես Փարիզում այնքան մոտ էր հաջողությանը, սակայն այս անգամ էլ հաջողությունը չժպտաց նրան:

Պայքարը գորգում ու կյանքում

2023 թվականի հունվարին Վինեշը եւս 2 ըմբիշների հետ Հնդկաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի այն ժամանակվա նախագահ Բրիջ Բհուշ Շարան Սինգհի դեմ դուրս եկավ: Փոգատը, Օլիմպիական բրոնզե մեդալակիր Սաքշի Մալիկն ու Բաջրանգ Պունիան հանրային ցույցեր կազմակերպեցին՝ ներկայացնելով նաեւ 7 կին ըմբիշների, որոնցից մեկն անչափահաս էր: 2012 թվականից սկսած ֆեդերացիայի նախագահը նրանց նկատմամբ սեռական բռնություններ էր կատարել:

Մարզիկները Նյու Դելիում գտնվող խորհրդարանի շենքից մի քանի քայլ հեռավորության վրա վրաններ տեղադրեցին ու պահանջում էին Սինգհի դեմ քայլեր ձեռնարկել:

«Հորդառատ անձրեւների պատճառով այդ տարածքը ջրով էր լցված, դրա համար էլ մտածեցինք հետներս ծալովի մահճակալներ տանել: Սակայն ոստիկանները մեզ վրա հարձակվեցին, դա ինձ ապշեցրեց: Այն բանից հետո, թե ինչպես նրանք վարվեցին մեզ հետ, էլ ցանկություն չունեի Հնդկաստանի համար մեդալներ նվաճել»,- պատմել է ըմբիշը:

Լուսանկարը` newindianexpress.com


Սինգհն անտեսում էր դժգոհություններն ու հրաժարվում հեռանալ իր պաշտոնից: Նա մերժեց իր դեմ առաջադրվող մեղադրանքները եւ հայտնեց, որ այդ արշավը նպատակ ունի վարկաբեկել իր հեղինակությունն ու ստիպել հեռանալ Հնդկաստանի խորհրդարանից: Նա նաեւ սպառնաց ինքնասպանություն գործել, եթե մեղադրանքները չդադարեն:

Փոգատն էլ ընդգծում էր, որ հարցը միայն ֆեդերացիայի նախագահին չի վերաբերվում, մի քանի մարզիչներ եւս բռնություններ էին իրականացրել կին ըմբիշների նկատմամբ, երբ նրանք հավաքների ընթացքում գտնվել էին թիմի տրամադրության տակ: Նա մեղադրեց նաեւ Հնդկաստանի սպորտի նախարար Անուրագ Սինգհ Թհակուրին, որը փորձում էր քողարկել այդ գործը: Վարչապետ Նարենդրա Մոդին, որը 2023-ին արշավ էր իրականացնում կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, մարզիկների կողմից եւս քննադատության արժանացավ: Փոգատն աստիճանաբար սկսեց նախապատրաստվել իր մրցումներին, սակայն Ասիական խաղերից ու Աշխարհի առաջնությունից առաջ ստիպված էր փոխել ծրագիրը, քանի որ Սինգհը նորից վերընտրվեց իր պաշտոնում:  

Լուսանկարը` BBC


Ըմբիշները վերադարձան Ջանտար-Մանտար, որտեղ գտնվում է խորհրդարանն, ու շարունակեցին իրենց պայքարը: Մայիսին Փոգատին, Մալիկին, Պունիային եւ մյուս ցուցարարներին ձերբակալեցին, ազատ արձակվելուց հետո նրանք ուղեւորվեցին Հարիդվար, որպեսզի իրենց մեդալները նետեն Գանգես գետը: Սակայն այդ զոհողությունն ապարդյուն էր, Սինգհը շարունակում էր մնալ WFI-ի նախագահի պաշտոնում: Միջամտեց անգամ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ու ժամանակավոր կասեցրեց Հնդկաստանի ֆեդերացիայի անդամակցությունը:

Ի վերջո Հնդկաստանում որոշեցին զիջել ու դեկտեմբերին նախագահի նոր ընտրություններ անցկացրին: Հաղթեց Սանջայ Սինգհը, որը նախորդ նախագահի աջակիցն ու գործընկերն էր: Մալիկն այդ ընտրություններից հետո հայտնեց կարիերան ավարտելու մասին, բայց շարունակեց քննադատել ֆեդերացիայի ու կառավարության գործունեությունը: 2024-ին Time ամսագիրը նրան ընդգրկեց Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում: Պոգատն ու Պունիան վերադարձրին սպորտային նվաճումների համար իրենց ստացած պետական պարգեւներն ու շարունակեցին ելույթները:

Պոգատը Հնդկաստանի չեմպիոն դարձավ, ապա ուղեգիր նվաճեց ու Դելիի փողոցներում ոստիկանների կողմից դաժան կերպով քաշքշուքների ենթարկվելուց մեկ տարի անց Փարիզում դուրս եկավ եզրափակիչ:

Լուսանկարը` Անձնական արխիվից


«Վինեշ Պոգատը իսկական հնդկական առյուծ է, որը միայնակ հաղթել է բոլոր ուժեղ մրցակիցներին, սակայն իր երկրում նրան ծեծել են ու քաշքշել: Նա կարողացել է հաղթել աշխարհում, բայց պարտվել է սեփական երկրի համակարգին»,- նրա մասին ասել է Պունիան:

«Ամբողջ երկիրը չի կարողանում զսպել արցունքները»

Փարիզից ստացած նորությունները Հնդկաստանում շատ ծանր տարան, նույն Մոդին, որն անտեսում էր մարզուհու պայքարը երկրի փողոցներում, նրան չեմպիոնների չեմպիոն անվանեց. «Ափսոս, որ բառերը չեն կարող արտահայտել այն հուսահատությունը, որ զգում եմ»:

Մալիկն էլ ասաց. «Եթե հնարավոր լիներ, մեդալս կտայի Վինեշին», իսկ Պունիան ավելացրեց. «Ամբողջ երկիրը չի կարողանում զսպել արցունքները»:

Ֆեդերացիայի նախագահն էլ հայտնեց, որ այդ ձախողման մեղավորները բոլոր մարզիչներն են: «Չեմ կարծում, որ Վինեշը մեղավոր է: Անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել: Կոչ եմ անում կառավարությանը խիստ միջոցներ ձեռնարկել մարզիչների ու մնացած անձնակազմի դեմ»,- պահանջեց նա:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Հրաժեշտի խոսքերը

Իր հրաժեշտի ու կարիերան ավարտելու մասին մարզուհին հայտնեց սոցկայքերով՝ հրապարակելով երկար եւ հուզիչ նամակ այսպիսի բովանդակությամբ.

«Որպես փոքրիկ գյուղի փոքր աղջնակ ոչինչ չգիտեի Օլիմպիական խաղերի եւ օղակների նշանակության մասին: Բոլոր աղջիկների պես երազում էի երկար մազերի, հեռախոսի ու նման բաների մասին:

Հայրս, որը սովորական ավտոբուսի վարորդ էր, պատմում էր, որ մի օր ինքնաթիռով թռչելու եմ, երբ ինքը ներքեւում ղեկին լինի, ու իրականացնելու եմ իր երազանքները: Կարծում եմ՝ նրա սիրելի երեխան էի, քանի որ երեքից ամենափոքրն էի: Երբ պատմում էր իր երազանքի մասին, սովորաբար այդ անիրական մտքերի վրա ծիծաղում էի: Մայրս, որի կյանքի դժվարությունների մասին մի ամբողջ գիրք կարող եմ գրել, երազում էր, որ իր երեխաներն ավելի լավ կյանք ունենան, քան ինքը, անկախ լինեն ու սեփական ուժերով ոտքի կանգնեն: Նրա երազանքներն ավելի պարզ էին, քան հորինս:

Լուսանկարը` UWW


Ու երբ հայրս մահացավ, նրանից մնացին իր մտքերն ու ինքնաթիռի մասին երազանքը, որի իմաստը չէի հասկանում, բայց շարունակում էի մտքումս պահել: Մայրիկիս երազանքն էլ էր անիրական թվում, որովհետեւ հորս մահից 3 ամիս անց նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերեցին: Այդ պահից սկսվեց 3 երեխաների ուղին, որոնք իրենց մորն աջակցելու համար կորցրին մանկությունը: Շուտով երկար մազերի ու հեռախոսի մասին երազանքներս հոդս ցնդեցին, երբ բախվեցի իրական կյանքի դժվարություններին ու մտա գոյատեւման մրցապայքարի մեջ:

Բայց գոյատեւումն ինձ շատ բան սովորեցրեց: Մայրիկիս դժվարություններն ու երբեք չհանձնվելու մարտական ոգին ինձ դարձրին այնպիսին, ինչպիսին կամ: Նա ինձ սովորեցրեց պայքարել այն ամենի համար, ինչն իրավացիորեն ինձ է պատկանում: Երբ մտածում եմ քաջության մասին, նրան եմ հիշում, ինչն ինձ օգնում է չմտածել արդյունքի մասին ու կռվել ամեն գոտեմարտի ժամանակ:

Լուսանկարը` Lauresu


Չնայած դժվար ճանապարհին, որ ընտանիքով անցել ենք, երբեք չենք դադարել հավատալ Աստծուն ու վստահել նրան, քանի որ գիտեինք՝ մեզ համար ավելի լավ ապագա է պլանավորել: Մայրիկը միշտ ասում էր, որ Աստված թույլ չի տա լավ մարդկանց հետ վատ բաներ պատահեն: Դրան ավելի շատ հավատացի, երբ հատվեցին իմ ու ամուսնուս, հարազատ հոգուս ու լավագույն ընկերոջս՝ Սոմվիրի ուղիները: Նա հանուն ինձ ամեն անգամ զոհաբերում էր իրեն, ընդունում դժվարություններս եւ ինձ միշտ պաշտպանում: Նա իմ ուղին սեփականից վեր էր դասում, անձնուրաց ու ազնիվ էր: Առանց նրա չէի կարող շարունակել ելույթներս ու ամեն օր դեմ առ դեմ հանդիպել դժվարություններին: Դա հնարավոր է, քանի որ գիտեմ նա կանգնած է կողքիս, իմ թիկունքում ու եթե անհրաժեշտ է՝ դիմացս, եւ պաշտպանում է ինձ:

Իմ անցած ճանապարհը թույլ է տվել հանդիպել տարբեր մարդկանց՝ շատ լավ ու մի քիչ վատ: Վերջին 2 տարվա ընթացքում գորգի վրա ու դրանից դուրս ինձ հետ շատ բան է տեղի ունեցել: Կյանքս տարբեր շրջադարձեր է ընդունել, երբեմն կանգ առել ու թվացել է՝ հնարավոր չի լինի դուրս գալ առաջացած փոսից: Բայց շուրջս եղած մարդիկ բարի էին ու ինձ օգնում էին: Նրանք ու նրանց հավատն այնքան ուժեղ էին, որ կարողացա ամեն ինչ հաղթահարել, ինչի համար շնորհակալ եմ բոլորից»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին