Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Բուդապեշտում ավարտված Օլիմպիադայում իր լավագույն արդյունքն է գրանցել ու ելույթն ավարտել 5-րդ տեղում:
Նույնքան միավորով ԱՄՆ-ը բրոնզե մեդալակիր է դարձել, իսկ Իսպանիան՝ 4-րդ տեղը գրավել:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը գոհ է մնացել իր թիմի ելույթներից եւ միայն ափսոսում է, որ մեդալներն են ձեռքից բաց թողել:
Նրա սաները 11 տուրում գրանցել են 8 հաղթանակ, 3 անգամ ոչ-ոքի խաղացել ու միակ պարտությունը կրել չեմպիոն հռչակված Հնդկաստանից: Mediamax Sport-ի հետ զրույցում Անդրիասյանն ամփոփել է Հայաստանի ընտրանու մասնակցությունը:
«Ընդհանուր առմամբ շատ լավ մասնակցեցինք, 3 շախմատիստ բարձր արդյունք գրանցեց իր խաղատախտակի վրա: Աննա Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը բրոնզե մեդալներ նվաճեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանն առաջինի վրա 5-րդն էր: Նա էլ բավական հաջող ելույթ ունեցավ:
Լուսանկարը` FIDE
Մարիամ Մկրտչյանի խաղն էլ այնքան վատ չստացվեց, ամեն դեպքում երկրորդ խաղատախտակը բարդ է: Նա զիջեց երկու պարտիաներում, որոնցում կարող էր միավոր չկորցնել:
Միակ պարտությունը հնդիկներից կրեցինք, թեեւ համարում եմ, որ կարող էինք դրանից խուսափել, բայց դիմակայության հենց սկզբից այն մեզ համար լավ չդասավորվեց: Ամեն դեպքում հնարավորինս պայքարեցինք ու 1,5:2,5 հաշիվը գրանցեցինք:
Կարողացանք առավելության հասնել 2 ուժեղ ընտրանիների՝ Չինաստանի ու Գերմանիայի նկատմամբ, որոնք մեզ հետ պարտիաներում ֆավորիտ էին համարվում, Ոչ-ոքիներ գրանցեցինք Իսպանիայի, Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ-ի ու Իսպանիայի հետ նույն արդյունքն ենք ցույց տվել ու նրանց ոչնչով չենք զիջել:
Հաջողությունն առաջին հերթին պայմանավորված էր լավ կազմով, այս անգամ Աննան կարողացավ միանալ մեզ, ինչը շատ կարեւոր էր: Չորս խաղատախտակի մոտ էլ մեզ լավ էինք զգում, երբ գիտես թիմակիցներդ ուժեղ են, դա լրացուցիչ հանգստություն եւ վստահություն է տալիս: Հենց այդպես էին գործում մեր շախմատիստուհիները, ինչն էլ օգնեց հասնել հաջողության:
Լուսանկարը` FIDE
Այս պարագայում մեզ միայն մեդալներն են պակասում: Դեռ երեկ ենք վերադարձել մրցաշարից ու չեմ հասցրել խորապես վերլուծել, թե ինչը չբավականացրեց դրանց հասնելու համար: Բայց ուրախ եմ, որ առաջին տուրից սկսած շատ վստահ ենք ելույթ ունեցել ու լավագույն 5-յակում պահպանել մեր տեղը:
Ես հավաքականում եմ 2018 թվականից, եթե այդ տարվա Օլիմպիադայի ժամանակ կարողանայինք Վրաստանին հաղթել, չեմպիոն կհռչակվեինք: 2019-ին էլ ԵԱ-ում մեկ պարտությունը մեզ մեդալից զրկեց, 2021-ի ԱԱ-ում Ուկրաինայի հետ միայն արմագեդոնում զիջեցինք ու էլի մոտ էինք հաջողությանը: Նախորդ Օլիմպիադայում էլ նախավերջին տուրի պարտությունը մեզ չթողեց հայտնվել լավագույն եռյակում:
Համարում եմ, որ վերջին խոշոր մրցաշարերում շատ օրինաչափ ենք հանդես եկել ու լավ արդյունքներ գրանցել: Մնում է մեդալային տեղ զբաղեցնենք, իսկ այդ բացը հասկանալու համար պիտի չհերիքող կողմը գտնենք ու նոր ուժով պայքարենք»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: