Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակը մի քանի ժամով շախմատային մեծ հարթակի է վերածվել, որտեղ «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման շրջանաներում գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Մանուել Պետրոսյանը միաժամանակյա խաղ են անցկացրել Արցախի ու Հայաստանի 20 տաղանդավոր երեխաների հետ։
Միջոցառման ընթացքում վաճառքի է հանվել Արոնյանի մայրիկի՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լեւոն Արոնյան» գրքի 1500 օրինակ: Նա ստորագրել է բոլոր վաճառված գրքերը, իսկ ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Հայաստան համահայկական հիմնադրամին: Երաժշտական տրամադրությունն էլ ապահովել է Կոմիտասի անվան ազգային քառյակը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Արոնյանը ընդգծում է, որ ամեն ինչով պետք է պատրաստ լինել ու պայքարել թշնամու դեմ:
«Ուզում եմ, որ իմանանք, թե որքան հրաշալի շախմատասեր երեխաներ ու լավ երաժիշտներ ունենք: Այս ամենը մեզ պետք է ոգեւորի, պատերազմը նաեւ մշակութային է:
Ամեն Անդրանիկի տեղը պետք է Կոմիտաս ունենանք, ամեն Նժդեհի կողքին՝ Տիգրան Պետրոսյան, Արամ Խաչատրյան, Մինաս Ավետիսյան: Բոլորս մեր բնագավառներում պետք է լավագույնը լինենք: Համոզված եմ, որ չարը կհաղթահարենք»,-նշել է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս
19-ամյա Մանե Ադամյանը Ստեփանակերտից շախմատիստուհի է, նա բազմաթիվ մրցաշարերի է մասնակցել՝ պայքարել Հայաստանում ու Եվրոպայի առաջնությունում. «Սա շատ կարեւոր մրցախաղ է ու ուղերձ աշխարհին, որ մենք ամեն պարագայում ուժեղ ենք ու ամուր: Լեւոն Արոնյանի պես շախմատիստի դեմ խաղալն ինձ, անկասկած, փորձ կտա ու վստահություն հետագա մրցումներին մասնակցելու համար»:

Լուսանկարը` Մեդիամաքս
12-ամյա Նվարդ Հայրապետյանը 4 տարի շախմատ է պարապում Ավանի մարզադպրոցում ու ուրախ է մրցախաղին մասնակցելու համար: «Շախմատի ակադեմիայից ենք հրավեր ստացել, մեր դպրոցի սաներն էլ 20 լավագույնների թվում են եւ խաղացին Արոնյանի ու Պետրոսյանի դեմ: Շատ էի ուզում մասնակցել պայքարին, մեծ փորձ ձեռք կբերեմ ու կուժեղանամ, բացի այդ էլ իմացա, թե ինչպես են հզոր շախմատիստները խաղում: Շատ լավ է, որ մրցաշարն ահաբեկչության դեմ է: Հավատում ենք մեր բանակի ուժին ու սպասում ենք նրա հաղթանակին»,- ավելացրել է պատանի շախմատիստուհին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: