Երեկ Թբիլիսիում Լեւոն Արոնյանը 2-րդ անգամ հաղթեց Աշխարհի Գավաթը, իսկ այսօր նա արդեն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հանդիպեց լրագրողների հետ ու ամփոփեց 24 օր տեւած մրցաշարը:
Աշխարհի Գավաթի խաղարկությունների շատ եմ մասնակցել, բայց նույնիսկ առաջին անգամներն այնքան լարվածություն չկար, ինչպես հիմա: Ես գիտեի, որ հավակնորդների մրցաշարում հանդես գալու այլ հնարավորություն էլ չեմ ունենա:
Բոլոր շախմատիտներն էլ անկախ ունեցած կոչումներից, միշտ ցանկանում են Աշխարհի չեմպիոն դառնալ: Հպարտ եմ, որ կարողացա լարվածությանը դիմանալ ու հաղթել:
Թբիլիսիում այցելել եմ այն բակը, որտեղ ապրել է Աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: Շատ հետաքրքիր էր տեսնել, թե որտեղ է ապրել ու մեծացել մեծ շախմատիստը, մի տեսակ նաեւ միստիկա կար այդ ամենում:
Լուսանկարը` Մեդիամաքս
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն իմ խաղը համեմատել է Պետրոսյանի ոճի հետ, ինձ համար դա միանշանակ մեծ հպարտություն է: Միշտ ճանապարհներ եմ փնտրել նրան նմանվելու համար, բայց չի ստացվել: Պետրոսյանը շատ հանճարեղ է ինձ համար:
Իմ հաջողության մեջ շատ մեծ էր թիմիս դերը: Թբիլիսիում ինձ շրջապատել են մարդիկ, ովքեր միշտ կողքիս են եղել: Այս երկար տեւած մրցաշարի ժամանակ միասին շատ քայլել ենք, զբոսնել քաղաքում, ֆիզիկականի վրա աշխատել:
Եթե ընտանիքս ու թիմս ինձ այդքան չօգնեին, չէի կարող այսպիսի հաջողություն ունենալ: Շատ շնորհակալ եմ ու զգացված, որ աջակցել են ինձ:
1 տարի առաջ անհաջողություններ ունեի, նման պահերին ես հասկանում, թե ով է քեզ հետ, ով է հավատում քո հաջողություններին: Ու երբ փետրվարին վերադարձա մրցաշարից, հարսնացուս՝ Արիաննան, ասաց, որ պետք է ընտրություն կատարեմ: Որոշեցի ավելի պրոֆեսիոնալ վերաբերվել շամատին ու հիմա շատ գոհ եմ ինձնից, որ կարողացել եմ հաղթել:
Ինձ համար ամենաբարդն Աշխարհի գավաթում, երեւի, Մաքսիմ-Վաշյե Լագրավի հետ պայքարն էր, թայ-բրեյքում դժվարին հաղթանակ տարա:
Այդ պահին նրան է միանում Արիաննա Կաոլին, որի հետ սեպտեմբերի 30-ին ամուսնանալու են: Շախմատիստը մի պահ լռում է, ապա ավելացնում.
Երբ թագուհին գալիս է, մարդիկ իրենց կորցնում են: Եզրափակիչ անցնելն ինձ շատ էր պետք, որ խաղամ հավակնորդների մրցաշարում, դրա համար էլ այդ պարտիան կառանձնացնեմ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ես երբեք ամբիցիաների հետ կապված խնդիր չեմ ունեցել, միշտ հավատացել եմ իմ ուժերին, թեեւ նախկինում հավակնորդների մրցաշարում վատ եմ խաղացել, բայց այս անգամ լավ է լինելու:
Իսկ այն, որ մրցաշարի ավարտից մի քանի օր անց ամուսնանալու էի, ինձ չէր խանգարում, հակառակը, նոր կյանք սկսելուն ես պատրաստ եմ, նման մտքերն ինձ միմիայն ոգեւորում են:
Հաղթանակս էլ նվիրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են ինձ:
Արիաննա. Հպարտ եմ Լեւոնով, Լագրավի հետ հանդիպման ժամանակ սիրտս քիչ էր մնում կանգներ, այնքան լարված էր: Մարդիկ չգիտեն, թե որքան դժվարություններ է ունեցել նա ու ինչքան ջանք է գործադրել այս ամենին հասնելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: