Հայաստանի բռնցքամարտի կանանց առաջնության ավարտից հետո ընտրանու գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը Mediamax Sport-ի հետ զրույցում ամփոփել է մրցաշարի արդյունքները:
Չեմպիոնների կոչումները նվաճել են Արեւիկ Դոխոլյանը (52 կգ), Եկատերինա Սիչեւան (54 կգ), Տաթեւիկ Խաչատրյանը (57 կգ), Լիանա Մարտիրոսյանը (60 կգ) եւ Անահիտ Միքայելյանը (70 կգ): Լուսանկարը` Մեդիամաքս
«Մեր հիմնական աղջիկները՝ Էլիդա Քոչարյանը, Անուշ Գրիգորյանը եւ Սոնա Հարությունյանը, առաջնությանը չմասնակցեցին: Էլիդան ուսի վնասվածք ունի, Անուշիկը՝ ծնկի ու ձեռքի, Սոնան էլ դեռ ապաքինման փուլում է, դրա համար նպատակահարմար գտանք, որ առաջնությունը բաց թողնի, որպեսզի բարդություններ չառաջանան: Նա մարզավիճակը կփորձի վերականգնել ուսումնամարզական հավաքի ժամանակ:
Ընդհանուր առմամբ առաջնությունից ստացած տպավորությունս այդքան էլ բարձր չէ, բայց երիտասարդ աղջիկներ կան, որոնք աճելու ու հետագայում մեծահասակների պայքարում ամրապնդվելու հնարավորություն ունեն: Այս տարի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունը Երեւանում է կայանալու, պետք է լավ պատրաստվենք դրան:
Մարտին Սերբիայում կայանալու է կանանց Աշխարհի առաջնությունը, որը բավական ուժեղ կազմ է հավաքելու: Դրան եւս պետք է լավ պատրաստվենք։ Ցավոք, չհասցրինք միջազգային մրցաշարի մասնակցել, որոշ հավաքականներ ավելի շուտ են սկսել նախապատրաստվել ԱԱ-ին:
Հայաստանի առաջնութան ավարտից օրեր անց հավաք կունենանք Ծաղկաձորում, ապա պլանավորում ենք Աշխարհի առաջությունից առաջ մարզվել Բուլղարիայում եւ այնտեղից ուղեւորվել Սերբիա:
Դեռ հստակություն չունենք, թե վնասվածք ունեցող բռնցքամարտիկները որքանով պատրաստ կլինեն մրցաշարին։ Նրանց վիրահատությունից արդեն 3,5 ամիս անցել է, բայց մասնակցության հետ կապված որոշում կկայացնենք մեր բժիշկների հետ խորհրդակցելուց հետո: Կարեւորն առողջությանը վնաս չպատճառելն է:
Կանանց հավաքականը գլխավորել եմ այս տարվա սկզբից ու իմ առաջնային խնդիրը թիմի ֆիզիկական պատարստվածությունը բարձրացնելն է, երբ մկանները ծանր ու դժվար աշխատանքի պատրաստ չեն լինում, բնականաբար, տենիկան սկսում է զիջել:
Հավաքականում մարզումային պայմաններ կան, բայց շատ բան կախված է նաեւ անձնական մարզիչների պահանջներից ու աշխատասիրությունից: Սովորաբար միայն զուտ բռնցքամարտի մարզումների վրա են կենտրոնանում, բայց մոռանում են ֆիզիկականի մասին եւ քիչ ծանրաբեռնվածություն են տալիս: Թեեւ խոսքս բոլորի մասին չէ, բայց դրանից որակը շատ է տուժում եւ հավաքականին միանալիս բռնցքամարտիկների մկանները մեծ ծանրաբեռնվածությանը դիմանալ չեն կարող:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ես իմ փորձի ու անցած ճանապարհի շնորհիվ կարող եմ շտկումներ անել, տակտիկական խնդիրներ տալ ու տեխնիկան հղկել, բայց միշտ չէ, որ ֆիզիկապես ուժեղացնելու համար մեր տրամադրության տակ ժամանակ է լինում:
Շատ եմ ցանկանում, որ բռնցքամարտով զբաղվող կանանց աշխարհագրությունը մեծացնենք, որպեսզի մարզիկների քանակն էլ ավելանա: Քաղաքում ասֆալտի վրա քայլող աղջիկները բռնցքամարտով հազվադեպ են զբաղվում, մինչդեռ մենք գյուղական համայքներում շատ լավ կադրեր ունենք: Նրանք իրենք տատիկների ու պապիկների հետ դաշտում ու կենցաղում ֆիզիկական տարբեր ծանր աշխատանք են կատարում ու արդեն իսկ բավական ամուր են:
Նման բնակավայրերում նաեւ մարզիչների խնդիր ունենք, ամեն տեղ չէ, որ նրանք կան: Ստեփանավանում արդեն բռնցքամարտով զբաղվող տղաների ու աղջիկների խումբ ունենք, որտեղ նրանց հետ երիտասարդ մարզիչ է աշխատում:
Հիմնականում բռնցքամարտով զբաղվում են Լոռիում, Շիրակում, Գեղարքունիքում, Էջմիածնում եւ Երեւանում: Վերջերս Կապանում հովանավորների աջակցությամբ բռնցքամարտի մարզումների համար լավ մազրադահլիճ է հատկացվել: Վայքում ու Արմավիրում էլ որոշակի ակտիվություն է նկատվում:
Մեր երկիրը շատ փոքր է, ու տղամարդկանց բռնցքամարտում էլ կադրերի հետ կապված խնդիրներ ունենք։ Վիճակը կարող ենք լավացնել միայն մարզաձեւի աշխարագրությունը մեծացնելով, այլապես չենք հասցնի մեծ արդյունքների հասնել»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: