Աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական բրոնզե մեդալակիր, «Ոսկե գնդակի» հաղթող ու ֆուտբոլային հնարավոր տիտղոսներին արժանացած Լուիս Նազաիո Ռոնալդոն օրեր առաջ նշել է 49-ամյակը: Այդ առիթով հավաքել ենք նրա կարիերայի հետաքրքիր փաստերն ու դրվագները:
Անունը. Ֆուտբոլիստի մոր հղիությունը բավական բարդ է անցել, ծննդաբերությունն էլ դժվար եղել: Նրա մայրը որդուն անվանել է երեխայի ծնունդն ընդունած մանկաբարձ Ռոնալդո Վալենտեի պատվին:
Հետագայում Ռոնալդոյին սկսեցին Մեծատամ եւ Ֆենոմեն կոչել, սակայն իր գլխավոր մականունը նրան տվել է եղբայրը: Նելիոն չէր կարողանում Ռոնալդո ասել եւ ստացվում էր Դադադո, այդ պահից սկսած ֆուտբոլիստի ընտանիքում բոլորը նրան այդպես էին անվանում են:
Երկրպագուները նրան սկսեցին Մեծատամ անվանել իր յուրահատուկ արտաքինի պատճառով, իսկ Ֆենոմեն դարձավ 1998-ի ՈւԵՖԱ-ի հայտնի գավաթի եզրափակչից հետո, որը վատագույնն էր Ալեսանդրո Նեստայի կարիերայում: Այդ խաղում հանդիպեցին այն տարիների լավագույն երիտասարդ հարձակվողն ու պաշտպանը: «Ինտեր» -ը հաղթեց 3:0 հաշվով, վերջին գոլն էլ իր հաշվին գրանցեց Ռոնալդոն: Այդ հանդիպումը ցույց տվեց, թե որքան արտակարգ է խաղում բրազիլացին:
Ոչ բոլորին է հայտնի, որ երիտասարդ տարիքում նա հանդես է եկել Ռոնալդինյո անվամբ: Բանն այն է, երբ նա միացել է Բրազիլիայի հավաքականին, այնտեղ արդեն Ռոնալդո եղել է ու նրան Փոքր Ռոնալդո՝ այսինքն Ռոնալդինյո են կոչել: Հենց այդ գրությամբ էլ ֆուտբոլիստը մասնակցել է իր առաջին Օլիմպիական խաղերին: Իսկ երբ արդեն Ռոնալդինյոն է դարձել հավաքականի խաղացող, իր անունը վերադարձրել է ու հետագայում այդպես էլ խաղացել:
Տաղանդը. Պատանի խաղացողի տաղանդն առաջինը նկատել է 1970-ի Աշխարհի չեմպիոն Ժաիրզինյոն: 14-ամյա տղայի մեջ նա յուրահատուկ որակներ է տեսել ու նրան ուղղորդել «Կրուզեյրո», որտեղ էլ սկսել է իրեն հիանալի դրսեւորել: Իր առաջին պրոֆեսիոնալ ակումբում Ռոնալդոն 57 գոլ է խփել ու միանգամից հայտնվել եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում:
«Մանկուց եմ ֆուտբոլ սիրում ու միշտ էլ կսիրեմ այդ հիանալի խաղը: Գտնվել խաղադաշտում, ընդ որում կարեւոր չէ, ընկերներիդ հետ ես խաղում, թե 100 հազ. ստադիոնում, իսկական ու անկեղծ ուրախություն է»,- խոստովանել է նա:
Տեղափոխությունը Եվրոպա. Նա ՊՍՎ-ում հայտնվեց 1994-ի ԱԱ-ում հաղթելուց հետո, ակումբը նրա համար 5 մլն եվրո վճարեց ու չափսոսաց ծախսած գումարի համար: 17 տարեկանում նա արդեն Հոլանդիայի առաջնության լավագույն ռմբարկուն էր ու ամենաարագ խաղացողներից մեկը՝ 100 մ անցնում էր 10,3 վայրկյանում:

Լուսանկարը` PSV
«Բարսելոնա»-ն. Ռոնալդոյի կարիերայում երկրորդ եվրոպական ակումբը «Բարսելոնա»-ն դարձավ, որտեղ նա տեղափոխվեց ռեկորդային 15 մլն դոլարով եւ հիանալի մրցաշրջան անցկացրեց: Նաեւ նրա գոլերի շնորհիվ կատալոնական ակումբը 1996-1997 մրցաշրջանում հաղթեց թագավորական Գավաթն ու Գավաթակիրների գավաթը: Ակումբում նրա վիճակագրությունը շատ տպավորիչ է՝ 51 խաղում 47 գոլ:
Ամենաերիտասարդը. Կատալոնական ակումբում անցկացրած հաջողված մրցաշրջանից հետո 21-ամյա Ռոնալդոն «Ոսկե գնդակ» ստացավ: Նա այդ մրցանակին արժանացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, հետագայում այդ ցուցանիշը կրկնելուն ամենամոտը Մայքլ Օուենն է եղել:
«Ինտեր»- ը. Ւտալիայում Ռոնալդոն կարող էր մեկ տարի շուտ հայտնվել, ակումբի նախագահ Մասիմո Մորատին արդեն պայմանավորվել էր ՊՍՎ-ի հետ, սակայն երբ եկավ տրանսֆերի պայմաններն իրականացնելու ժամանակը, հրաժարվեց 20 մլն դոլար տրամադրել: Հետագայում ակումբը նրան ձեռք բերելու համար ստիպված էր 2 անգամ ավել վճարել:
Ռոնալդոն իր վրա ծախսած ողջ գումարն արդարացրեց՝ առաջին իսկ մրցաշրջանում 39 գոլ խփեց եւ օգնեց ակումբին տիրանալ ՈւԵՖԱ-ի գավաթին: Հետագայում վնասվածքները խանգարեցին լավ հանդես գալ, սակայն իտալական ակումբը 2002-ի Աշխարհի առաջնությունում չեմպիոնությունից հետո նրան բավական շահավետ պայմաններով վաճառեց «Ռեալ»-ին:

Լուսանկարը` FC Inter
Մրցակիցների երկրպագուների ծափահարությունները. Իր կարիերայում քիչ չեն եղել դեպքերը, երբ Ռոնալդոն այնքան լավ է խաղացել, որ նրան ծափահարել են նույնիսկ մրցակից թիմերի երկրպագուները: Ամենահիշարժան խաղերից մեկը տեղի է ունեցել 2003 թվականին «Օլդ Թրաֆորդ»-ում:
ՄՅՈւ-ն Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում ընդունել էր Մադրիդի «Ռեալ»-ին, առաջին խաղում հյուրերը սեփական հարկի տակ ուժեղ էին եղել 3:1 հաշվով: Բեքհեմը, Նիստելրոյն ու Սուլշերն ամեն ինչ արեցին, որ հաղթեն, սակայն դիմակայել բրազիլացուն չստացվեց: Ռոնալդոն 3 գոլ խփեց ու ՉԼ-ի պատմության լավագույն հեթ-տրիկերից մեկը գրանցեց: Հենց այդ օրն էլ անգլիական ակումբի երկրպագուները նրան սուլելու փոխարեն հոտընկայս բուռն ծափահարություններով ճանապարհեցին:
Փոխարենը նրան այդքան ջերմ քիչ էին ընդունում «Սանտյագո Բեռնաբեու»-ում: Ռոնալդոյին երկրպագուները միշտ քննադատում էին՝ հատկապես ծաղրելով նրա ավելորդ քաշն ու մեղադրում ամբողջությամբ չտրվելու մեջ: Հետագայում Ռոնալդոն խոստովանել է, որ երբեք էլ մադրիդյան ակումբի երկրպագուների կողմից սիրո չի արժանացել ու պատճառն այդպես էլ հասկանալ չի կարողանում: Ակումբում նա 177 խաղում 104 գոլ է խփել, Իսպանիայի չեմպիոն, Սուպերգավաթակիր եւ Միջմայրցամաքային գավաթի հաղթող դարձել:
Վնասվածքները. Ռոնալդոյի մասին խոսելիս անհնար է չհիշել նրա բազմաթիվ վնասվածքները: Մինչեւ հիմա շատերն են փորձում հասկանալ, թե էլ ինչ բարձունքների կհասներ, եթե չլինեին վնասվածքները:
Առաջին խնդիրներն ի հայտ են եկել դեռ 1996-ին ՊՍՎ-ում անցկացրած 2-րդ մրցաշրջանում: Առաջին վնասվածքից վերականգնվելու համար 4 ամիս պահանջվեց, ամենայն հավանականությամբ հենց դրանից էլ սկսվել են հարձակվողի ծնկի հետ ունեցած հետագա բարդությունները: Մինչեւ հիմա էլ հայտնի չէ, թե ինչու էին նրա ծնկներն այդքան փխրուն: Ֆուտբոլիստի անձնական ֆիզիոթերապեւտ Նիլտոն Պետրոնեն գտնում էր, որ պատճառը փոքր տարիքում ունեցած հիվանդությունն է:
Ծնկի խնդիրները վիրահատությամբ շտկել հնարավոր չէր, դրա համար էլ նա մշտապես գտնվում էր բժիշկների հսկողության տակ:

Լուսանկարը` FC Barcelona
Առաջին վնասվածքը բուժելուց հետո նա Բրազիլիայի ընտրանու հետ դարձավ Ատլանտայի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ու լավագույններից մեկն էր թիմում: Ռոնալդոն իրեն այնքան լավ դրսեւորեց, որ դեռ ԱՄՆ-ում էր գտնվում, երբ «Բարսելոնա»-ն գնեց նրան:
1998-ի Մունդիալում Ռոնալդուն իր թիմի առանցքային խաղացողներից ու հույսերից մեկն էր: Բրազիլիան հասավ եզրափակիչ, սակայն 0:3 հաշվով զիջեց Ֆրանսիային: Այդ խաղում Ռոնալդոն իրեն նման չէր, հետագայում պարզվեց, որ դրա համար հիմնավոր պատճառներ ուներ:
Եզրափակչից 6 ժամ առաջ ֆուտբոլիսը հյուրանոցի իր համարում էր, երբ նրա մոտ ցնցումներ սկսվեցին, ինչն անմիջապես նկատեց հյուրանոցի նույն համարում նրա հետ ապրող Ռոբերտո Կառլոսը: Մարմինն ինքնաբերաբար ցնցվում էր, իսկ բերանից՝ փրփուր թափվում: Կառլոսի օգնության ձայներին արձագանքեցին Էդմունդոն եւ Սեզար Սամպայոն, որոնք շրջեցին Ռոնալդոյին ու լեզուն հանեցին, որպեսզի շնչահեղձ չլինի:
Բժիշկների պահանջով՝ ֆուտբոլիստին հիվանդանոց տեղափոխեցին, երբ տեղ հասան, նրա սիրտը 1 րոպեում ընդամենը 18 զարկ էր խփում: Թիմակիցների վկայությունների հիման վրա բժիշկները եզրակացրին, որ նրա մոտ էպիլեպտիկ նոպա է:
Ռոնալդոյին շատ ուժեղ դեղ տվեցին, որն այդքան էլ լավ չի ազդում սրտի վրա եւ դանդաղեցնում է մտավոր աշխատանքը, դրա համար էլ եզրափակչին նա այդքան վատ խաղաց:

Լուսանկարը` FIFA
Իտալիայի սրտաբանների միության նախագահ Բրունո Չարուն գործին վերաբերող բոլոր փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո վստահություն է հայտնել, որ այդ վիճակում եզրափակչին մասնակցած Ռոնալդուն կարող էր խաղադաշտում մահանալ։ Իրականում խաղացողի մոտ սրտի կաթված էր եղել, ոչ թե էպիլեպտիկ նոպա, եւ ֆրանսիացի բժիշկների նշանակած դեղամիջոցը կարող էր նրան սպանել:
Ավելի ուշ ի հայտ եկավ մեկ այլ վարկած։ «Լանս» սպորտային ամսագիրը կարծում է, որ ֆուտբոլիստի նման վիճակում հայտնվելու պատճառը խաղից 7 ժամ առաջ ստացած ներարկումներն են եղել: Ռոնալդոն ծնկի վնասվածք ուներ, եւ թիմի բժիշկներն ամեն ինչ անում էին, որ նա պատրաստ լինի խաղին:
Հետագայում էլ վնասվածքները շարունակում էին նրան հանգիստ չտալ, ստիպված էր լինում երկար ժամանակ ապաքինվել: Հերթականներից մեկից հետո էլ մասնակցեց 2002-ի Աշխարհի առաջնությանը:
Ստացված ԱԱ-ն. Նրա վերադարձը կայացավ 512 օր անց, 2001-ի սեպտեմբերին Ռոնալդոն ՈւԵՖԱ-ի գավաթում փոխարինման մտավ:
Թեեւ մինչեւ Մունդիալը հասցրեց վերականգնվել, սակայն նրա մարզավիճակը կատարյալ չէր: Ոչ մեկ երաշխիք չուներ, որ կկարողանա մասնակցել առաջնությանը:
«Նախապատրաստական փուլը դաժան էր, փորձում էի ամեն գնով ավելի լավը դառնալ: Աշխարհի առաջնության մասին չէի մտածում, վստահ չէի, որ կհասցնեմ վերականգնվել: Պարզապես ուզում էի ամեն գնով խաղադաշտ վերադառնալ»,- պատմել է նա:

Լուսանկարը` FIFA
Լուիս Ֆելիպե Սկոլարին ամեն դեպքում որոշեց Ռոնալդոյին ընդգրկել Բրազիլիայի հավաքականում եւ չսխալվեց: Նա 8 խաղում 7 գոլի հեղինակ դարձավ, 32 տարի ոչ մեկի չէր հաջողվել ԱԱ-ներում այդքան շատ գնդակ խփել: Մինչ այդ լավագույնը արդյունքը 1970-ի ԱԱ-ում ցույց էր տվել Գերդ Մյուլլերը՝ 10 գնդակ:
Թուրքիայի դեմ կիսաեզրափակչից առաջ Ռոնալդոն թեթեւ վնասվածք ուներ ու ամեն ինչ արեց, որ վերջ դնի իր մարզավիճակի հետ կապված խոսակցություններին: Նա փոխեց սանրվածքը.
«Ներողություն եմ խնդրում բոլոր այն մայրերից, որոնք ստիպված էին տեսնել, թե իրենց երեխաներն ինչպես են անում նույն սանրվածքը: Վնասել էի մկանս ու չէի ուզում այդ մասին խոսել ԶԼՄ-ում: Դրա համար էլ սանրվածքս փոխեցի: Թիմակիցներիս հարցնում էի. «Հավանո՞ւմ եք», իսկ նրան պատասխանում էին. «Ոչ, այն ահավոր է: Մաքրիր մնացած մազերդ»: Բայց երբ լրագրողները սանրվածքս տեսան, մոռացան վնասվածքիս մասին»:
Ռոնալդոն խփեց այդ եզրափակչի երկու գոլն ու Բրազիլիային 5-րդ չեմպիոնությունը բերեց, դրանից հետո թիմն այդպես էլ չի կարողացել ոսկի նվաճել:
Հույզերը. Պարզվում է՝ այդ եզրափակչից առաջ հիշել է 1998-ին իր հետ տեղի ունեցած ու չափազանց շատ անհանգստացել:

«Մտքիցս դուրս չէր գալիս, որ ճաշից հետո գնացի քնելու, իսկ երբ արթնացա, արդեն ամեն ինչ տեղի էր ունեցել: Այս անգամ ճաշելուց հետո որոշեցի ոչ մի դեպքում չքնել: Սենյակից սենյակ էի գնում ու փորձում գտնել որեւէ մեկին, ում հետ կարող էի զրուցել: Ի վերջո Դիդային գտա ու ասացի նրան. «Իսկապես շատ եմ վախենում քնել, կարո՞ղ ես մնալ հետս ու խոսել, որպեսզի չքնեմ»: Այդպես էլ մինչեւ ստադիոն մեկնելն ամբողջ օրը զրուցեցինք: Այդ պահին արդեն լիովին կենտրոնացած էի ու հստակ գիտեի, թե ինչ եմ անելու»:
Եվ իրոք, նա գիտեր ինչ անել․ 2 գոլ ուղարկել Օլիվեր Կանի դարպասն ու Բրազիլիային պենտակամպիոն դարձնել: Խաղի ավարտից 5 րոպե առաջ մարզիչը Ռոնալդոյին փոխարինեց.
«Երբ խաղադաշտից հեռանում էի, սկսեցի արտասվել, բայց դրանք ուրախության արցունքներ էին: Զգում էի՝ ասես նայում էի երկնքին ու դիպչում Աստծո ձեռքին»:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: