Օրեր առաջ Սոն Հընգ Մինն արցունքն աչքերին հրաժեշտ տվեց «Տոտենհեմ»-ին ու կարիերան կշարունակի ՄԼՍ-ում:
Օգոստոսի 3-ին նա վերջին հանդիպումն անցկացրեց անգլիական թիմի կազմում ու Կորեայում մասնակցեց «Նյուքասլ»-ի դեմ ընկերական խաղին: Խաղադաշտից հեռանալիս երկուս թիմերի ֆուտբոլիստները հարգանքի տուրք մատուցեցին նրան, երկրագուներն էլ վանկարկեցին խաղացողի անունը, ինչից հետո Սոնը չկարողացավ թաքցնել իր հույզերը:
Նա արցունքն աչքերին հրաժեշտ տվեց իր թիմին, որի կազմում 10 տարի է անցկացրել, շատ հուզիչ ստացվեց նաեւ նրա մամուլի ասուլիսը: Սոնի նոր ակումբը՝ «Լոս Անջելես Լեյքերս»-ը «Տոտենհեմ»-ին 27 մլն դոլար է վճարել, ինչը կորեացուն ՄԼՍ-ի ամենաթանկ խաղացողն է դարձրել:
«Իմ կյանքի ամենածանր որոշումներից մեկն էր: Հույս ունեմ, բոլորն ինձ կհասկանան ու հարգանքով կընդունեն այն: Երբ ժամանեցի Լոնդոն, 23-ամյա տղա էի, որը նույնիսկ անգլերեն չէր խոսում: Իսկ ակումբը լքում եմ որպես հասուն տղամարդ, հպարտ եմ այստեղ անցկացրած տարիներով»,- սոցկայքերում նա այսպես հրաժեշտ տվեց իր թիմին:

Լուսանկարը` ESPN
Հոր հետքերով
33-ամյա Սոն Սոն Հընգ Մինը հետեւել է հոր օրինակին ու նույնպես որոշել ֆուտբոլիստ դառնալ: Նրա հայրը՝ Սոն Ուն Չժոնը 80-ականներին հանդես է եկել K-League-ում, ու հենց նա էլ իր երեխաների առաջին մարզիչն է դարձել: Նրա դաժան մարզումները հետագայում տվել են իրենց պտուղներն ու օգնել որդիներին՝ Հընգ Մինին ու Հընգ Յոնին:
Արդեն մեծ տարիքում Սոնը պատմել է, որ հայրն իրեն ու եղբորը ստիպում էր 4 ժամ շարունակ հարվածել գնդակին: Նման մարզումների 3-րդ ժամին տղաների աչքին արդեն մի քանի գնդակ էր երեւում:
«Նա ինձ համար ամեն ինչ է արել: Առանց հայրիկիս չէի հասնի այն բարձունքներին, որոնք հիմա ունեմ»,- ասել է խաղացողը:
Երբ Հընգ Մինը 3 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Նոր Զելանդիա, իսկ 9 տարեկանում նորից Կորեա վերադարձան: Սոնն ավարտեց դպրոցն ու երազում էր ֆուտբոլիստ դառնալու մասին: Հետագայում ընդունվեց «Սեուլ» ակումբի ակադեմիա, որտեղ գնդակ մատակարարող տղաներից մեկն էր ու հանդիպումների ժամանակ օգնում էր թիմի ֆուտբոլիստներին:

Լուսանկարը` UEFA
Հանուն երազանքի հայրենիքից հեռանալը
16 տարեկանում ֆուտբոլիստին նոր տեղափոխություն էր սպասվում, սակայն այս անգամ պետք է թողներ ընտանիքն ու միայնակ մեկներ: Հեռանկարային խաղացողը Korean FA Youth Project ծրագրով կրթությունը շարունակելու էր Գերմանիայում:
«Ինձ համար դժվար էր։ Երբ եկա Եվրոպա, ընդհանրապես ընկերներ չունեի։ Կողքիս ոչ ոք չկար, կարոտում էի Կորեան, բայց իմ նպատակը Եվրոպայում խաղալն էր, ու ժամանել էի դրան հասնելու համար», - հիշել է ֆուտբոլիստը:
Ֆուտբոլի հայրենիքում
Գերմանիայում Սոնը խաղաց «Համբուրգ»-ում եւ Լեւերկուզենի «Բայեր»-ում ու հայտնի դարձավ իր պայթունավտանգ վազքով, գնդակը նետելու հմտություններով եւ բարձր խաղային ինտելեկտով:
Բունդեսլիգայում ավելի քան 40 գոլ խփելով՝ Սոնը գրավեց Եվրոպայի լավագույն ակումբների ուշադրությունը։ «Տոտենհեմ»-ի սկաուտները հետեւում էին խաղացողին, եւ 2015 թվականին ակումբը կորեացի ֆուտբոլիստի համար 22 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարեց, ինչը Սոն Հընգ Մինին պատմության ամենաթանկ ասիացի ֆուտբոլիստը դարձրեց:

Լուսանկարը` Tottenham Hotspur
Ֆուտբոլի հայրենիք Անգլիայում աշխատասեր եւ տաղանդավոր հարձակվողին միանգամից սիրեցին ու Սոնի մականունը տվեցին: Հընգ Մինի կարիերան «Մշուշոտ Ալբիոնում» արագորեն թափ էր հավաքում, բայց ակումբի որոշումը կարող էր խաչ քաշել դրա վրա։
«Տոտենհեմ»-ը ցանկանում էր վաճառել նրան կամ վարձակալության տալ, որպեսզի խաղային պրակտիկա ձեռք բերի։ Սակայն թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն որոշեց Սոնին մեկնարկային կազմում պայքարելու հնարավորություն տալ:
Ֆուտբոլիստն այդ առիթը ձեռքից բաց չթողեց ու այդ մրցաշրջանում լոնդոնցիների համար 20 գոլ խփեց, նույնիսկ արժանացավ Ամսվա լավագույն խաղացող մրցանակին ու առաջին ասիացին էր, որը երբեւէ ստացել էր այն:
Այդ ամենը հնարավոր դարձավ Սոնի համառ մարզումների շնորհիվ, թիմակիցներն ասում էին, որ ֆուտբոլիստին հազիվ թե կհանդիպես տանը, ամբողջ ընթացքում մարզվում է ու կատարելագործում հմտությունները:
Իր անունը ֆուտբոլի պատմության մեջ գրանցելը Սոնի համար ժամանակի ընթացքում սովորական բան դարձավ: Նա կարողացավ նաեւ «Տոտենհեմ»-ի նոր ստադիոնում հենց առաջին իսկ խաղում գոլի հեղինակ դառնալ:

Լուսանկարը` Tottenham Hotspur
Ավագը
Հարավային Կորեայի հավաքականը 2018 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլը սկսել էր դրա մեկնարկից 3 տարի առաջ։ «Ասիայի վագրերը» բազմափուլ որակավորման փուլ հաղթահարեցին ու միայն վերջում կորզեցին այդքան սպասված ուղեգիրը:
Սոնն այդ առաջնությունում Կորեայի ավագն էր: Թիմը մրցաշարում 3 հանդիպում անցկացրեց, Սոնն էլ 2 գոլ հեղինակեց, խմբային փուլի վերջին խաղում նա գրավեց Գերմանիայի դարպասն ու օգնեց Աշխարհի գործող չեմպիոններին տուն ուղարկել:
Ծառայությունը
2018-ին Կորեայի հավաքականը հաղթեց Ասիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում։ Իհարկե, Սոնը նորից թիմի կազմում էր ու նրա ավագը: Եզրափակչում կորեացիները լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեցին Ճապոնիային ու ազգային ընտրանու բոլոր խաղացողները 21 ամսով պաշտոնապես ազատվեցին զինվորական ծառայությունից։
Սակայն Սոն Հընգ Մինը որոշեց կատարել իր քաղաքացիական պարտքը հայրենիքի նկատմամբ եւ 3 շաբաթյա զինվորական պատրաստություն անցավ։ Նույնիսկ այդ ընթացքում է նա իր լավագույն կողմերը դրսեւորեց ու հիանալի կրակելու համար մրցանակ ստացավ:

Լուսանկարը` The Guardian
«Հիանալի փորձ ձեռք բերեցի: Ինձ հետ շատ լավ տղաներ էին ծառայում, առաջին օրերին իրար չէինք ճանաչում: Սկզբում ինձ հետ ոչ մեկ նույնիսկ չէր էլ խոսում: Բայց հետո ծանոթացանք ու հիմնականում միասին էինք: Իրար հետ աշխատելիս շատ մտերմացանք: Թեեւ շատ ծանր ընթացք էր, բայց փորձեցի ինձ համար առավելագույնը քաղել»:
ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուն
2021/22 մրցաշրջանը ֆուտբոլիստի կարիերայում կարեւոր մրցանակով նշանավորվեց: Նա «Ոսկե խաղակոշիկ»-ի արժանացավ, որը տարեվերջին տրվում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն ռմբարկուին։
«Տոտենհեմ»-ի հարձակվողը 35 խաղում խփեց 23 գոլ ու այդ մրցանակը կիսեց «Լիվերպուլ»-ից Մոհամեդ Սալահի հետ։ Սակայն եգիպտացին ի տարբերություն Սոնի՝ բոլոր 23 գոլերը չէ որ խաղային դրությունից էր գրանցել, դրանից 5-ի դեպքում նա դիպուկ էր իրացրել 11-մետրանոցները: Կորեացու ցուցանիշը բացառիկ էր ու նա «Ոսկե խաղակոշիկ» ստացած առաջին ասիացին դարձավ:
Հաջող 2022-ը
Այդ թվականը ֆուտբոլիստի կարիերայում անկասկած ամենահաջողվածներից մեկն է: Անգլիայում ճանաչումից բացի իր հայրենիքում էլ բարձրագույն պետական պարգեւի արժանացավ: Մայիսի 2-ին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը բարձրագույն սպորտային նվաճումների համար Սոնին հանձնեց «Կապույտ վիշապ» պարգեւը:

Լուսանկարը` BBC
Անհավանական ուղին
Իր կարիերայում 33-ամյա Սոնն արդեն իսկ հրաշալի ճանապարհ է անցնել: Բոլոր մրցաշարերում «Տոտենհեմ»-ի կազմում 454 հանդիպում անցկացրել, ինչն ակումբի պատմության 5-րդ լավագույն ցուցանիշն է: Նա 173 գոլի ու 101 գոլային փոխանցման հեղինակ է եւ թիմի 4-րդ լավագույն ռմբարկուն:
Սոնը կարող էր ավելի շատ գոլեր խփել, սակայն հիմնականում փոխանցումներ էր կատարում «Տոտենհեմ»-ի հարվածային ուժ Հարի Քեյնին: Նրանց համագործակցությունն ամենաարդյունավետն է ԱՊԼ-ում, 2022-ին նրան գերազանցեցին Ֆրենկ Լեմպարդի ու Դիդյե Դրոգյաի ռեկորդը՝ նրանից յուրաքանչյուրը 47-ական գնդակ խփեց մյուսի փոխանցումից:
Սոնի բոլոր ջանքերի ու աշխատանքի լավագույն պարգեւատրումն այս տարի Եվրոպայի Լիգայում գրանցած հաղթանակն էր:
Ժամանակն ու հաջողությունները բնավ էլ չեն քչացրել նրա համեստությունն ու մարդկային որակները, ինչի համար էլ Անգլիայում ու մնացած ֆուտբոլային աշխարհում կորեացուն շարունակում են շատ սիրել: Նա իսկապես ամեն ինչ է տվել «Տոտենհեմ»-ին, նվիրվածության ու բարության խարհրդանիշ դարձել:
«Երբ փոքր էի, հայրիկս ասել է, եթե մրցակցի դարպասին եմ մոտենում, իսկ այդ ընթացքում նրա ֆուտբոլիստներից որեւէ մեկն ընկնում է ու վնասվածք ստանում, ապա պետք է կանգնեմ ու օգնեմ նրան: Եթե լավ ֆուտբոլիստ ես, բայց չես հարգում ուրիշներին, դու ոչ ոք ես»:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: