Խաբի Ալոնսոն ու նրա գեղեցկուհի կինը՝ Նագորե Արանբուրուն, ծանոթացել են դեռ Սան Սեբաստիանում, որտեղ նա ոճաբան էր աշխատում տեղական հեռուստաընկերություններից մեկում: Արդեն երկար տարիներ է միասին են, 3 երեխա ունեն եւ ամենագեղեցիկ ու կայուն զույգերից մեկն են համարվում: Նագորեն ողջ կարիերայի ընթացքում ամուսնու կողքին է եղել ու աջակցել նրան կյանքի բոլոր փուլերում:
Մոդելից՝ գործարար կին
Նագորեն ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 5-ին իսպանական Ասպեյտիա քաղաքում: Ավարտել է մենեջմենթի եւ տուրիզմի ֆակուլտետը, զուգահեռ էլ մոդել աշխատել հայտնի Levi's բրենդի համար, ինչպես նաեւ ոճաբան ու դերասանուհի եղել: Մի շրջան նա նաեւ հյուրանոցի ընդունարանում ադմինիստրատոր եղել:
Երեխաների ծնունդի հետո որոշել է փոխել զբաղվածության ոլորտն ու գործարար է դարձել: Այդ նպատակով նա հեռավար սովորել ու ավարտել է Բիլբաոյի Դեուստո համալսարանը: Հիմա նա համացանցում դիզայներական հագուստի վաճառքով զբաղվող խանութ ունի, որը բավական եկամուտ է ապահովում, ինչի շնորհիվ ֆինանսապես անկախ է ամուսնուց:

Լուսանկարը` Elle
Խաբի
Ալոնսոն ծնվել է 1981 թ. նոյեմբերի 25-ին Տոլոսեում: Նրա հայրը՝ Պերիկո Ալոնսոն նույնպես ֆուտբոլիստ է եղել ու հանդես եկել «Ռեալ Սոսիեդադ»-ում, «Բարսելոնա»-ում եւ Իսպանիայի հավաքականում: Դրա համար էլ փոքր տարիքից Խաբին ֆուտբոլ էր խաղում բակում կամ էլ այն դիտում հեռուստացույցով:
Նա նաեւ սիրում էր եղբայրների ու հոր ընկերների կողքին նստած լսել խաղի մասին հոր դիտարկումները, որոնք էլ նրան ֆուտբոլի մասին բազմակողմանի գիտելիքներ են տվել եւ հիմա պետք են գալիս մարզչական գործում:
Սակայն ամեն ինչ փոխվում էր, երբ երեխաների դաստիրակությանը խառնվում էր մայրը: Նա առաջին հերթին ցանկանում էր, որ տղաները լավ սովորեն ու մեկ անգամ վատ գնահատականի համար Ալոնսոյին 1 ամսով զրկել է ֆուտբոլից: Այդ դասը նա ողջ կյանքի համար է սովորել, ինչ գնով էլ լիներ՝ հաջողվում էր եւ լավ սովորել, եւ կայանալ որպես ֆուտբոլիստ:

Լուսանկարը` Mundo Deportivo
Սիրո պատմությունը
Խաբին ու Նագորեն ծանոթացել են 1999 թվականին՝ ընդհանուր ընկերների միջնորդությամբ: Նրանք Նագորեի հեռախոսահամարը տվել են Խաբիին, որով էլ զանգահարել է ու Նագորեին ռեստորան ընթրիքի հրավիրել: Առաջին իսկ ժամադրությունից հետո սկսել են հանդիպել: Այդ ժամանակ Ալոնսոն հանդես էր գալիս «Ռեալ Սոսիեդադ»-ում, իսկ Արանբուրուն ոճաբան էր:
Նագորեն երբեք երկրպագուների պակաս չի ունեցել, նրանից մեկն էլ «Լիվերպուլ»-ում Ալոնսոյի խաղընկեր Պետեր Կրաուչն էր: Երբ զույգը նոր էր տեղափոխվել Լիվերպուլ, Նագորեն որոշեց անգլերենը լավացնելու ու ազատ չմնալու համար հյուրանոցներից մեկում ադմինիստարոտ աշխատել: Հյուրանոցի ընդունարանում տեսնելով գեղեցիկ կնոջը՝ Կրաուչն առաջին իսկ հանդիպմանը նրան սեր է խոստովանել: Հետագայում թիմակիցներն են ասել, որ նա Ալոնսոյի սիրելին է:
«Տեղափոխվելով «Լիվերպուլ»՝ բնակվում էի «Հոուփ սթրիթ» հյուրանոցում: Ընդունարանում ինձ այնքան գեղեցիկ կին դիմավորեց, որ տեսածիս չէի կարողանում հավատալ, նա ողջ ընթացքում ժպտում էր ինձ: Տղաներին մարզման ընթացքում պատմեցի. «Իրականում նա գեղեցկուհի է, սիրտս գերել է»: Ջիմի Քարագերը մեզ մոտ կանչեց եւս մի քանի փորձառու ֆուտբոլիստների. «Նրանց էլ փոխանցի այդ ամենը, Կրաուչի»: Այդպես էլ արեցի. «Նա ինձ պարզապես պաշտում է: Ես այրվում եմ»: Քարան նորից հետաքրքրվեց. «Ինչպիսի՞ն է նա, ի՞նչ տեսք ունի»: «Հիասքանչ, սեւ մազերով, իսպանական արտաքինով: Հետո պարզվեց, որ Ալոնսոյի ընկերուհին է: Նա այդ ամենը շատ հանգիստ ընդունեց, Նագորեն՝ նույնպես, իսկ ահա Քարան՝ ոչ այդքան»,- 2018-ին իր ինքնակենսագրական գրքում պատմել է Կրաուչը:

Լուսանկարը` FC Bayern
Խաբին ու Նագորեն երկար ժամանակ միասին են ապրել, սակայն չէին շտապում ամուսնանալ: Ընտանիք են կազմել 2009 թվականին, երբ Ալոնսոն մոտ էր Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը: Նրանց հարսանիքը տրանսֆերից մեկ ամիս առաջ էր:
Արարողությունը մեծ էր, հյուրերի թիվն էլ 200-ի էր հասնում, նրանց թվում էին Միկել Արտետան ու Լուի Գարսիան: Արդեն 16 տարի է նրանք երջանիկ են ու 3 երեխա ունեն՝ Ջոնտին, Անեն ու Էմման:
Ալոնսոն բայց է թողել Չեմպիոնների Լիգայում «Ինտեր»-ի դեմ հանդիպումը, որպեսզի 2008 թվականի մարտի 11-ին ներկա լինի իր որդու ծնունդին: Այդ որոշումն առաջացրել էր թիմի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի դժգոհությունը, սակայն ֆուտբոլիստի համար առաջին տեղում ընտանիքն էր, հետո նոր՝ ֆուտբոլը:
Խաղաղ ընտանեկան կյանքը
Ալոնսոն չի սիրում աղմկոտ երեկույթներն ու խրախճանքները: Նա ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում է տանը կնոջ ու երեխաների հետ: Սիրում է խոհանոցում լինել ու տարբեր կերակրատեսակներ պատրաստել:

Լուսանկարը` FC Bayern
Ալոնսոն հազվադեպ է անդրադառնում անձնական կյանքին ու ընտանիքին: Բայց նմանատիպ քիչ զրույցներից մեկում խոստովանել է, որ կինը կարեւոր դեր է խաղում իր կյանքում, աջակցել է նրան նախ խաղալու տարիներին, ապա կողքին եղել մարզչական գործունեության ընթացքում: Հենց Նագորեին է նա համարում իր մոտիվացիայի ու հանգստության աղբյուրը:
«Գնահատում եմ նրա անկախությունը, իմաստնությունն ու ընտանիքին նվիրվածությունը»,- ասել է մարզիչը:
Սոցիալական կայքերում
Նագորե Արանբուրուն բավական ակտիվ է սոցկայքերում ու հաճախ է ամուսնու հետ հրապարակումներ անում: Վերջինը եղել է համատեղ կյանքի 16 տարիների առիթով.
«Շնորհավոր 16-ամյակը։ Ես քեզ ամեն օր ավելի եմ սիրում»,- գրել է Արանբուրուն ու ռոմանտիկ կադրերով կիսվել:
Քանի որ հիմա Ալոնսոն արդեն Մադրիդի «Ռեալ»-ի մարզչի կարգավիճակում է, կինը հետը մեկնել է ԱՄՆ, որտեղ թիմը մասնակցել է ակումբային ԱԱ-ին:
Իսկ երբ Ալոնսոն նոր էր պայմանագիր կնքել Արքայական թիմի հետ, նա ներկա էր եղել պաշտոնական արարողությանն ու հուզիչ հրապարակում արել. «Շնորհակալություն այս հնարավորության համար: Նոր փուլ է սկսվում, ու ես կողքիդ կլինեմ, որպեսզի ուղեկցեմ քեզ ու ամեն պահն ապրեմ քեզ հետ: Ֆուտբոլը մեր կյանքի մի մասն է, ու քեզ մոտիկից աջակցելն այս ճանապարհորդության լուռ, բայց խորը ձեւ է: Շարունակելու ենք խանդավառությամբ ու մեծ ուժով»:
Ալոնսոն ընտանիքի հետ լուսանկարով վերջին անգամ նախորդ տարվա ապրիլին է կիսվել ու այն իր թիմն անվանել:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: